Գեղեցիկ չեմ համարում ինձ աջակցողների անունները տալը

Խոշորացված Կապան, Սիսիան եւ Քաջարան համայնքներում նոյեմբերի 5-ին սպասվելիք համայնքի ղեկավարի ընտրությունները, ըստ տեղացիների, մարզպետ Վահե Հակոբյանը փորձում է իր վերահսկողության տակ առնել եւ իր նախընտրած թեկնածուներին անցկացնել: Նա ժամանակ առաջ Սիսիանում տեղի ունեցած հանրային միջոցառման ժամանակ քարոզչություն էր արել՝ հորդորելով ներկաներին նոյեմբերի 5-ին քվեարկել գործող քաղաքապետ Արթուր Սարգսյանի օգտին: Կապանում եւս մարզպետը, ըստ տեղացիների, փորձում էր առաջադրել իր նախընտրած թեկնածուին՝ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռուդոլֆ Սարգսյանին, եւ ՀՀԿ-ում բարեխոսում էր նրա համար:

Պարզեցինք, որ անցած ուրբաթ ՀՀԿ Սյունիքի տարածքային խորհուրդը նիստ է հրավիրել եւ, որպես համայնքի ղեկավարի թեկնածո,ւ առաջադրել ոչ թե մարզպետի նախանշած թեկնածուին, այլ գործող քաղաքապետին՝ 46-ամյա Աշոտ Հայրապետյանին: Գործող քաղաքապետը հայտնի սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր Համլետ Հայրապետյանի եղբայրն է, ով, ըստ մեզ հասած տեղեկությունների, ջերմ հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանի հետ, եւ թեկնածուի հարցն «ուղիղ» նրա հետ են լուծել: Նշենք, որ, ըստ լուրերի (այդ մասին գրել է նաեւ տեղական «Սյունյաց երկիր» թերթը), Կապանում եւ հարակից գյուղերում վերջերս հարցում է անցկացվել՝ ճշտելու ընտրողների վերաբերմունքը քաղաքապետի ՀՀԿ-ական հավանական թեկնածուների նկատմամբ, որոնք են ՀՀԿ Կապանի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Ռոմիկ Սարգսյանը, Ռուդոլֆ Սարգսյանը եւ Աշոտ Հայրապետյանը: Վերջինս ամենաշատ կողմ ձայներ է ստացել։ Երկրորդ տեղում Ռոմիկ Սարգսյանն է, երրորդում՝ Ռուդոլֆ Սարգսյանը: Սոցհարցման արդյունքները լրացուցիչ ազդակ են եղել Աշոտ Հայրապետյանի թեկնածությունը պաշտպանելու համար: Նշենք, որ խոշորացված Կապանում անցյալ տարվա հոկտեմբերի 2-ին են տեղի ունեցել ՏԻՄ ընտրություններ, 8 հազար 702 ձայնով Հայրապետյանը վերընտրվել էր՝ հաղթելով նախկին քաղաքապետ ՀՅԴ-ական Արտուր Աթայանին եւ ԲՀԿ-ական Արթուր Մարտիրոսյանին: Սակայն, ըստ ԿԸՀ-ի, Կապանում ընտրողների թիվը 35 հազար 98 է: Մենք զրուցեցինք թեկնածու քաղաքապետի հետ։

- Պարոն Հայրապետյան, խոսվում է, որ Դուք չեք վայելում գործող մարզպետի համակրանքը, նրա թիմի անդամ չեք համարվում, ինչը կարող է խոչընդոտ դառնալ առաջիկա ՏԻՄ ընտրություններում Ձեր հաղթանակի հարցում: Դուք համարվում եք նախորդ մարզպետի՝ Սուրիկ Խաչատրյանի թիմակիցը: Իրո՞ք այդպես է:

  • Մի քիչ կաշկանդվում եմ մեկնաբանել, ինչո՞ւ, որովհետեւ ի՞նչ է նշանակում՝ համակրանքը վայելել, եթե մենք չենք խոսում անձնական հարաբերությունների կամ մեկ այլ ձեւաչափով շփումների մասին: Մենք խոսում ենք ի պաշտոնե մեր աշխատանքի մասին, մեր աշխատանքային հարաբերությունների մասին, իսկ մարզպետի հետ մեր հարաբերությունները միշտ էլ եղել են աշխատանքային, բարիդրացիական, ու չեմ էլ ենթադրում, որ նման ձեւաչափում ավելինն անհրաժեշտ է: Չեմ ուզում, էլի, դրան անդրադառնալ այդ իմաստով, ճիշտ հասկացեք:

- Դատելով այն հանգամանքից, որ մարզպետը Ռուդոլֆ Սարգսյանի օգտին էր ՀՀԿ-ում լոբբինգ անում, մամուլի ներկայացուցիչների մոտ տպավորություն ստեղծվեց, որ Դուք չեք վայելում մարզպետի համակրանքը, այլապես Ձեր օգտին կգործադրվեին նրա ջանքերը:

  • ՏԻՄ ընտրությունները քաղաքական գործընթաց են եւ հիմնված չեն անձնական ինչ-որ հարաբերությունների վրա, ինչպես Դուք նշեցիք՝ համակրանքի կամ այլ կամային երեւույթների վրա: Դա քաղաքական գործընթաց է, եւ ինչ-որ տեղ նորմալ եմ այդ ամենը համարում:

- Իսկ Սյունիքի նախկին մարզպետի հետ Ձեր հարաբերություններն այսօր ինչպիսի՞ն են, կապ պահո՞ւմ եք նրա հետ:

  • Իմ հարաբերությունները Սյունիքի բոլոր մարզպետների հետ եղել են նույնը՝ որակյալ, աշխատանքային:

- ՏԻՄ ընտրություններում մեծ է տեղական ազդեցիկ ուժերի, գործիչների ազդեցությունն ընտրական պրոցեսի վրա: Ձեզ, բացի ՀՀԿ-ից, այլ քաղաքական ուժ կամ գործիչ աջակցո՞ւմ է:

  • Մենք խոսում ենք ընտրությունների մասին, այլ ոչ թե պաշտոնի նշանակման: Իսկ ընտրությունները կազմակերպվում են քաղաքական կառույցների մասնակցությամբ, բայց ընտրությունը կատարում է ժողովուրդը։ Եվս տվյալ դեպքում խոսել այս կամ այն պաշտոնյայի, քաղաքական գործչի աջակցության մասին, կարծում եմ՝ կոռեկտ չէ:

- Մենք հայկական իրականությունում ենք ապրում, իմ ասածը նորություն չէր…

  • Ասածս ամենեւին չի նշանակում, որ որեւէ նման աջակցություն ես չունեմ կամ դրա կարիքը չունեմ: Ասածս այն էր, որ ես չեմ պատրաստվում թվարկել մարդկանց անուններ, որոնք ինձ աջակցում են: Ուղղակի գեղեցիկ չեմ համարում:

- Այդ դեպքում ուղիղ տամ հարցը՝ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Ձեզ աջակցո՞ւմ է:

  • Նախկին մարզպետի աջակցություն ասելով՝ ի՞նչ նկատի ունեք:

- Գործի դնել իր կապերը Սյունիքի մարզում, իր խոսքը եւ այլ միջոցներ: Քաղաքական տեխնոլոգիաները բազմաթիվ են:

  • Հավանաբար, Դուք այդ հարցն ուղղեք նախկին մարզպետին:

- Քանի որ այդ ամենի «վայելողը» Դուք պիտի լինեք, դրա համար Ձեզ ենք դիմում:

  • Եթե Դուք դա վայելում եք համարում… (մեղմ ծիծաղելով): Չէ՞ որ մենք խոսում ենք ընտրության մասին:

- Դուք հակված եք այն մտքին, որ Հայաստանում դասական դեմոկրատիայի սկզբունքով ազատ, արդար, ժողովրդի կամարտահայտությամբ ընտրություններ են տեղի ուենում, եւ որեւէ այլ տեխնոլոգիա չի՞ կիրառվում:

  • Ես գերադասում եմ չհարմարվել այն երեւույթներին, որոնք Ձեր ասած՝ դասական տարբերակներից ու մոտեցումներից դուրս են: Այսինքն՝ խոսքը գնում է ընտրության մասին, եւ ընտրությունը կատարում է ժողովուրդը:

**-Պարոն Հայրապետյան, իսկ այլ կուսակցությունների կողմից քաղաքապետի թեկնածուի ուրիշ անուններ շրջանառվո՞ւմ են: Ովքե՞ր են լինելու Ձեր օպոնենտներն այլ կուսակցություններից: **

  • Անուններ միշտ էլ շրջանառվում են, իսկ Կապանն այն վայրերից է, որտեղ միշտ էլ արժանի թեկնածուներ կան ու կլինեն: Չեմ կարող անուններ նշել:

- Ընթացող խոշորացման գործընթացն ինչպե՞ս եք գնահատում: Դա արդարացվա՞ծ որոշում էր՝ կառավարման արդյունավետության տեսանկյունից:

  • Ես քանիցս առիթ ունեցել եմ այդ մասին արտահայտվելու: Ժամանակը, իհարկե, ցույց կտա: Մեծ հաշվով՝ համայնքն աշխարհագրորեն խոշորացնելը դեռեւս բավարար չէ այն արդյունավետ կառավարելու համար: Անհրաժեշտ են եւս լծակներ՝ ֆինանսական, տնտեսական, կառավարման:

- Իսկ լծակների սղությունը Ձեզ չի՞ կաշկանդի առաջիկա պաշտոնավարման տարիներին:

  • Նախորդ պաշտոնավարման ժամկետներում էլ այլ կաշկանդող խնդիրներ են եղել: Բայց մենք, բնականաբար, չենք կարող կողք կանգնել եւ սպասել ինչ-որ ժամանակների, երբ ինչ-որ՝ թե՛ գործիքակազմը, թե՛ պայմանները լիովին կհամապատասխանեն մեր պատկերացումներին:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մեկնաբանություն
X