Պատվավոր կոչում շնորհեցին

Երեկ Վանաձոր համայնքի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում մեկ հարց է եղել՝ «Վանաձորի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել Ռայներ Քրիստիան Քոզելին: Նա «Ինտերկապ-Գերմանիա» բարեգործական կազմակերպության նախագահն է, ով Սպիտակի երկրաշարժից հետո մի շարք բարեգործական նախաձեռնություններով է հանդես եկել Լոռիում եւ հաճախ է այցելում հիշյալ վայր: Որոշման նախագիծը ներկայացնելիս քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ընդգծել է. «Նման մարդկանց պետք է գնահատել, արժեքը բարձրացնել, որովհետեւ նրանք, առանց որեւէ շահ հետապնդելու, առանց որեւէ ակնկալիք ունենալու, իրենց կյանքի մի հատվածը նվիրել են հայությանը, հայ ժողովրդին»:

Որոշման նախագիծն ավագանին միաձայն հաստատել է, ներկա են եղել ավագանու անդամներից 14-ը: Գերմանացի բարերարը, ի դեպ, 2005-ին Լոռու մարզպետարանի կողմից արժանացել է նաեւ «Լոռվա ասպետ» պատվավոր կոչմանը: Նկատենք, որ «Վանաձորի պատվավոր քաղաքացի» կոչմանն արժանացածների ցանկում են Սերժ Սարգսյանը, Շարլ Ազնավուրը, Արտավազդ Փելեշյանը (նրա ազգականն է Վանաձորի ավագանու «Հայկական վերածնունդ» խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանը), Հենրիկ Քոչինյանը, Ռալֆ Յիրիկյանը եւ այլ հայտնի ու անհայտ մարդիկ: «Պատվավորի» կոչմանն արժանացած այս եւ մյուս անձանց կենսագրականներն ու այդ պատվին արժանանալու հիմնավորումները, սակայն, զետեղված չեն Վանաձորի համայնքապետարանի կայքում:

Մեկնաբանություն
X