Ուղեղի դեգրադացիա

Օրեցօր ավելանում է այն մարդկանց քանակը, ովքեր բողոքում են ուղեղի գործունեությունից, մասնավորապես՝ ցրվածությունից (ուշադրությունը կենտրոնացնելու անկարողությունից, որևէ խնրի լուծման համար մտքերը հավաքելու դժվարությունից), տեղեկատվությունը հիշելու բարդությունից, մեծ տեքստեր կարդալու ֆիզիկական անհնարինությունից, էլ չենք խոսում գիրք ընթերցելու մասին:

Որքան էլ պարադոքսալ է, այս խնդիրը բնորոշ է ոչ այնքան և ոչ միայն տարեցներին, որքան միջին և միջինից ցածր տարիքի մարդկանց: Շատերին նույնիսկ չի էլ հետաքրքրում խնդրի պատճառը: Այն միանգամից վերագրվում է սթրեսներին, հոգնածությանը, աղտոտված էկոլոգիային և այլն:

Ո՞րն է պատճառը

Պատճառն այն է, ինչից որևէ մեկը չի ցանկանում հրաժարվել՝ «տեղեկատվության» անընդհատ ու շուրջօրյա ներհոսք: Այսինքն՝ Ձեր ուղեղի գործառույթների արագացված վատնումը սկսվել է այն պահից, երբ Դուք որոշել եք միշտ լինել «կապի մեջ»: Եվ ամենևին էլ կարևոր չէ՝ Դուք մշտապես «կապի մեջ» եք աշխատանքի բերումով, անգործության, թե տարրական վախի պատճառով, որ Դուք սպիտակ ագռավ կդառնաք Ձեր շրջապատում, եթե չօգտվեք սոցիալական ցանցերից:

Դեռևս 2008 թվականից հայտնի է՝ համացանցի միջին վիճակագրական օգտատերը կարդում է տեքստի միայն 20%-ը և միշտ խուսափում է մեծ պարբերություններից: Ավելին՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կապին մշտապես միացած մարդը տեքստ չի կարդում, այլ սկանավորում է ռոբոտի նման, տարբեր տեղերից որսում է փաստերի կտորներ, իսկ տեղեկատվությունը գնահատում է բացառապես «կիսվելու» դիրքորոշմամբ, այսինքն՝ «կարելի՞ է արդյոք այս «բացահայտումը» ինչ-որ մեկին ուղարկել», բայց ոչ թե քննարկելու, այլ՝ տպավորություն ստեղծելու նպատակով:

Օգտատերը սկզբում կարդում է առաջին մի քանի տողերը, ապա տեղափոխվում էջի միջնամաս, որտեղ ևս մի քանի տող կարդում է (որպես կանոն՝ այստեղ արդեն մասնակի է կարդում՝ տողերը թողնելով կիսատ), այնուհետև արագ անցնում է տեքսի վերջնամաս՝ տեսնելու համար, թե ինչպես ավարտվեց պատմությունը:

Ուստի տեղեկատվությունը շարքային օգտատերին փոխանցելու ամենաարդյունավետ տարբերակը տեքստի պատրաստումն է շրջած բուրգի տեսքով, համաձայն սկզբունքի՝ որքան ներքև, այնքան ավելի քիչ տեղեկատվություն:

Համացանցը թմրանյութ է

Համացանցը իսկապես թմրանյութ է: Այն բացարձակ անօգուտ մի բան է, առանց որի յուրաքանչյուրը կարող է հիանալի ապրել այնքան ժամանակ, քանի դեռ չի փորձել այն:

Մարդկանց մեծամասնությունը լուրջ դժվարություններ է ունենում մեծ տեքստեր կարդալիս, էլ չասած՝ գրքեր: Նույնիսկ 3-4 պարբերությամբ բլոգ-փոստերը մեծամասնությանը թվում են ընկալման համար չափազանց բարդ, հետևաբար թվում են նաև ձանձրալի: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք՝ զանգվածային բթացում:

Նույնիսկ ընթերցասեր մարդիկ փաստում են, որ ամբողջ օրը համացանցում շրջելուց հետո, նրանք չեն կարողանում սկսել նույնիսկ շատ հետաքրքիր գրքի ընթերցանություն, քանի որ արդեն իսկ առաջին էջի ընթերցումը դառնում է իսկական տանջանք:

Այսօր մասնագետները կարծում են, որ բարդ տեքստերն արդյունավետ ընկալելու ունակությունը կամ գրականության ընթերցումը շուտով կդառնա էլիտար առավելություն՝ հասանելի միայն մարդկանց հատուկ կաստայի:

Կարճ ասած՝ ոչ մի դեղահաբ, սննդային հավելում, հատուկ սննդակարգ ի վիճակի չեն դադարեցնելու ուղեղի դեգրադացիան: Այն կարող է դադարեցնել միայն մի բան՝ հնարավոր զանազան տեղեկատվական աղբից հրաժարվելը և ուղեղը ամեն օր բեռնավորելը «օգտակար տեղեկատվությամբ»: Այդ գործընթացը բավական բարդ է, իսկ որոշ մարդկանց համար էլ՝ անհնարին: Շատերի գնացքն արդեն անցել է:

Ձեզ պետք է նորից սկսել կարդալ իսկական «թղթե գրքեր», այլ ոչ թե ամբողջ օրը կուրորեն նայել սմարթֆոնի էկրանին: Դժվար կլինի, բայց Դուք փորձե՛ք: Ինքներդ Ձեզ բռնանալ պետք չէ. առաջին օրն ընթերցե՛ք կես էջ, հաջորդ օրը՝ ամբողջ էջը, երրորդ օրը՝ մեկ ու կես էջ և այդպես շարունակ: Հաշվի՛ առեք, որ Ձեր օրգանիզմը կարող է դիմադրել դրան, և սկզբնական շրջանում կցանկանաք զբաղվել ինչով ասես, միայն թե Ձեր ուղեղը չլարվի:

Հ.Գ. Հիշեք, փոխելով մեր պահանջմունքները, մենք միասին կարող ենք փոխել աշխարհը:

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Մեկնաբանություն
X