Ես կլինեմ շատ հիմար, որ կասկածի տակ դնեմ Միքայել Մելքումյանի պոտենցիալը

Մի քանի օր է մամուլը քննարկում է Վարդան Բոստանջյան-Միքայել Մելքումյան «հակամարտությունը», իսկ այսօր «Ժամանակ» թերթը գրել էր, որ ԲՀԿ-ում կռիվ է ընկել՝ փոխնախագահ Միքայել Մելքումյանն անցյալ շաբաթ իրենց հետ զրույցում խստորեն քննադատել էր կառավարությանը, իսկ նրա կուսակից Վարդան Բոստանջյանը նրան հրապարակայնորեն՝ մամուլով մեղադրել է դպրոց չգնալու և գիտելիքի պակասի մեջ։ Վարդան Բոստանջյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այդ հրապարակման առիթով պարզաբանեց, որ իր խոսքերը աղավաղել են։ Իրեն ուղղված հարցում առհասարակ որեւէ պատգամավորի, մասնավորապես, Մելքումյանի անունը չի հիշատակվել, հարցը տրվել է ընդհանրական եւ ինքն էլ պատասխանել է․«Հավանաբար որոշներին, ես կասեի բարձր մակարդակներում, անհանգստացնում է Ծառուկյան դաշինքի շրջահայաց, խիստ կանոնակարգված եւ համակարգված գործունեությունը։ Իրավիճակը դաշինքում սրելու համար ներկայացնում են նման նյութեր», -նշեց Բոստանջյանը՝ խոսելով նաեւ իր եւ Մելքումյանի հարաբերությունների մասին․« Էդ նյութը պատրաստողները ծնված չէին, որ ես եւ Միքայել Մելքումյանն ընկերներ էինք, իր հայրն իմ ուսուցիչն է եղել, ես եղել եմ իր եւ քրոջ դոկտորականի օպոնենտը, երկար տարիներ աշխատել ենք միասին։ Ես կլինեմ շատ հիմար, որ կասկածի տակ դնեմ նրա ամբողջ պոտենցիալն ու հնարավորությունները, որը դուք այսպես թե այնպես տեսնում եք»։

Մեկնաբանություն
X