Գիրքը տեղադրում են որեւէ կայքում եւ զրկվում հաջորդ գիրքը կարդալու հնարավորությունից

Վերջերս մենք անդրադարձել էինք հեղինակային իրավունքի խնդրին։ Համացանցի ժամանակներում հեղինակային իրավունքները շրջանցելը շատերի համար է դարձել գործելաոճ։ «Զանգակ» հրատարակչությունը հատկապես վերջին տարիներին հրատարակում է արտասահմանյան հեղինակների թարգմանական գործեր, գեղարվեստական ստեղծագործություններ, ինչն էլ ենթադրում է, որ իրենք հեղինակային իրավունքի խնդրին ամենահաճախ առնչվող հրատարակչություններից են։

«Զանգակ» հրատարակչության միջազգային կապերի պատասխանատու, թարգմանական ծրագրերի համակարգող Արթուր Մեսրոպյանը մեզ հետ զրույցում նշում է, որ իրենք ձեռք են բերում տվյալ ստեղծագործության հեղինակային իրավունքները Հայաստանում հրատարակելու եւ տարածելու համար, ինչից հետո էլ գիրքը թարգմանում եւ հրատարակում են։ «Մեր բոլոր թարգմանական գրքերը այդ միջազգային մոդելի եւ «Հեղինակային իրավունքի մասին» ՀՀ օրենքի համապատասխան ձեւով են հրատարակվում։ Հայաստանում հրատարակչությունները ձգտում են օրենքի տառին եւ պահանջին համապատասխան գործել, այսինքն՝ պահպանել հեղինակային իրավունքը եւ կապը պահպանել հեղինակային իրավունքի սեփականատիրոջ հետ։ Այսինքն՝ բոլոր կարգավորումները կատարվում են՝ ըստ օրենքի պահանջի»,- ասաց Արթուր Մեսրոպյանը։

Ի՞նչ խնդիրների է բախվում «Զանգակը»։ Հրատարակչությունը վճարում է, ձեռք բերում հեղինակային իրավունքը, գրքի համար կատարվում են հավելյալ ծախսեր, եւ այդքանից հետո որոշ ընթերցողներ գիրքը կարող են տեղադրել որեւէ կայքում եւ էլեկտրոնային տարբերակով այն հասանելի դարձնել հանրությանը։ Իսկ այդպիսով հրատարակչությունը զրկվում է իրեն հասանելիք գումարը վերադարձնելու հնարավորությունից։ Իսկ այդ գումարն էլ, ըստ մեր զրուցակցի, հաջորդ գրքի համար ներդրվելիք գումարն է։ Այդ պատճառով էլ ընթերցողը զրկվում է հաջորդ գիրքը կարդալու հնարավորությունից։
Հետաքրքրվեցինք, թե դատի՞ են տվել որեւէ մեկին նման խախտումների համար։
«Հարցը դեռեւս չի հասել դատարան, սակայն մենք ունեցել ենք քննարկումներ, բանավեճեր»,- ասաց Արթուր Մեսրոպյանը։ Նրա կարծիքով՝ մեր հասարակությունը շատ հարցերում է անտեղյակ։ Շատերն, ըստ մեր զրուցակցի, կարծում են, որ հրատարակիչը հեղինակային իրավունքի հարցն արծարծում է, որպեսզի չթողնի իրենց գիրք կարդալ կամ հեղինակային իրավունքն իրենցից գումար կորզելու համար է։

Արթուր Մեսրոպյանը նշում է, որ նման դեպքերում տուժող կողմ է դառնում թարգմանիչը։ Այդ առումով էլ հենց համացանցում եւ սոցիալական ցանցերում ընթանում են բանավեճեր, Արթուր Մեսրոպյանը հաճախ պահանջում է հեռացնել կայքում տեղադրված գրքի էլեկտրոնային տարբերակը, որը խախտում է հեղինակային իրավունքները։

Մեկնաբանություն
X