Կարդացել եմ, որ իմ հագուստի վրա կոշիկներ են փայլեցրել, ցավում եմ դրա համար․ Գեղամյան (տեսանյութ)

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն ու ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ տևական ժամանակ ՀՀԿխմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի մոտ էին։ Ըստ երևույթին նրանք Գեղամյանի հետ քննարկում էին այսօր առավոտյան Գեղամյանի և Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում, ըստ Փաշինյանի, Գեղամյանը բռունցքներով հարձակվել էր իր վրա։
Խմբակցությունից դուրս գալուց հետո Գեղամյանն ասաց, թե իրենք քննարկում էին առաջիկայում Երևանում կայանալիք Ռուսաստանի Դաշնային ժողովի և մեր Ազգային ժողովի հոբելյանական 30-րդ համատեղ նիստի հետ կապված հարցերը։ Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի մասին խոսակցություն չի՞ եղել, Գեղամյանն ասաց, որ Փաշինյանն այդ հանձնաժողովի անդամ չէ։

Նա, այդուհանդերձ, չհերքեց, որ միջադեպ եղել է, բայց չխոստովանեց, որ բռունցքներով հարձակվել է Նիկոլ Փաշինյանի վրա, ինչպես հայտարարել էր Փաշինյանը։

«Ընդունենք՝ միջադեպ ա, եղել ա, չորս տարի էդ մարդու հետ հլը աշխատելու ենք, ինչի՞ եք բորբոքում։ Եթե ես որևէ մեկի նկատմամբ բռունցքներով հարձակում գործեի, հավատացնում եմ ձեզ, այդ անձը հիվանդանոցում կհայտնվեր։ Ուրիշ բան, այո, ցավով եմ ասում, կարդացել եմ, որ իմ հագուստի վրա կոշիկներ են փայլեցրել։ Ցավում եմ դրա համար»,-ասաց Արտաշես Գեղամյանը։

Դիտարկմանը, թե Նապոլեոն Ազիզյանն ականատես է եղել և բաժանել է իրենց, Գեղամյանն ասաց․ «Պարոն Ազիզյանն իմ լավ բարեկամն է, բաժանելու խնդիր, կարծում եմ, նա չուներ, որովհետև գրկախառնություններ չեն եղել»։

Մանրամասները՝ Hraparak.am-ի տեսանյութում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X