Մոսկվան աջակցում է Փոլադ Բյուլբյուլօղլուն ՅՈՒՆԷՍԿՕ-ի գլխավոր տնօրեն դառնալու հարցում

Մինչ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը հերթական ռեւերանսն է անում Ռուսաստանի հանդեպ, մինչ ՀՀ ԱԺ-ում մեր անկախության եւ ինքնիշխանության հերթական չափաբաժինն է զոհաբերվում հանուն հայ-ռուսական ոխերիմ եղբայրության ու մինչ իշխող քաղաքական մեծամասնության՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, թե Հայաստանը չի կարող միայնակ իր անվտանգության մասին հոգ տանել, այդպիսով հերթական անգամ ամրագրելով, որ մեր ժողովուրդն ու պետությունը տառապում է «փոքր եղբոր» կամ ավելի ճիշտ «ստրկուհի Իզաուրա» լինելու սինդրոմով, ՌԴ ԱԳ նախարարությունից փոխնախարար Գենադի Հատիլովը հայտարարել է, որ ՅՈՒՆԷՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի համար աջակցում է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան, ՅՈՒՆԷՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի համար Ադրբեջանից առաջադրված, թյուրքական մուղամի վարպետ Փոլադ Բյուլբյուլօղլու թեկնածությունը:

Այս մասին հայտնում է «RUSARMINFO.ru»-ն, վկայակոչելով «ТАСС» լրատվական գործակալությանը: «Ընտրություններն ամենայն հավանականությամբ կլինեն մի քանի փուլով եւ կմեկնարկեն երկուշաբթի: Մեր առաջնահերթությունը մնում է Ադրբեջանը, իսկ հետո, արդեն տեսնենք, թե ոնց կդասավորվեն հանգամանքները»,- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը: Ռուս բարձրաստիճան դիվանագետը նաեւ նշել է, որ ծանոթ են բոլոր թեկնածուների հետ էլ եւ որեւէ կանխակալ մոտեցում չկա այս առումով:

Ի դեպ ավելի վաղ «APA» լրատվական գործակալության հետ զրույցում ՅՈՒՆԷՍԿՕ-ում Ադրբեջանի դեսպան Անար Քարիմովը հայտարարել էր, որ ամենայն հավանականությամբ Երեւանն ամեն հնարավոր բան անելու է Բյուլբյուլօղլուի թեկնածությունը վիժեցնելու համար: Այժմ արդեն, կարծես թե հարցերը փակվում են, եւ Երեւանը ոչ մի ձայն-ծպտուն չի հանի Մոսկվայի մոտեցումն «ականջին օղ արած»: Ու մնում է հուսալ, թե իշխանական խոսափողները նույն քաջությունը կունենան հայտարարելու, թե ինչպես է «MU» ֆուտբոլային ակումբից ավելի քիչ պատմություն ունեցող Ադրբեջանի ներկայացուցիչը, որը անգլերենին չի տիրապետում, իսկ ռուսերեն էլ խոսում է ընդգծված թյուրքական ակցենտով, զբաղվելու համաշխարհային մշակութային ժառանգությամբ: Ի դեպ հայտնի է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի նորոգության աշատանքները իրականացվում են ՅՈՒՆԷՍԿՕ-ի հետ համատեղ եւ այս համատեքստում հատկապես հետաքրքիր է Գարեգին Բ-ի կարծիքը այս առնչությամբ, թե ինչպիսի վերաբերմունք կարտահայտի Փոլադ Բյուլբյուլօղլուի ՅՈՒՆԷՍԿՕ-ի գլխավոր տնօրեն դառնալու հարցի առնչությամբ եւ արդյոք Մայր Տաճարի նորոգությունը հարցականի տակ չի դրվի եթե ընտրվի թյուրքական մուղամի վարպետը:

Տիգրան Վահանե

Մեկնաբանություն
X