Անազատ մարդիկ

Իրականում ծանր վիճակում են հայտնվել օրենսդիրները՝ գրեթե առանց բացառության։ Ասենք՝ ինչպե՞ս պետք է դրսեւորի իրեն այն պատգամավորը, որը մանդատ է ստացել բացառապես տվյալ կուսակցության ու լիդերի շնորհիվ։ Անգամ եթե նա վատ պառլամենտական չէ, մտածող մարդ է եւ կարող էր ինքնուրույն քաղաքական գործունեություն ծավալել, սեփական կարծիք ունենալ, ընդվզել, հակադրվել ինչ- ինչ հարցերում, դա չի անում, քանի որ կաշկանդված է խմբակցության եւ կուսլիդերի կամքով։ Մի պահ պատկերացրեք, ասենք, ՀՀԿ-ից պատգամավոր դարձած Կարեն Բեքարյանի կամ Ջեմմա Բաղդասարյանի (թվարկումը շարունակեք ինքներդ) վիճակը, որոնք իրենց կյանքում երբեւէ ինքնուրույնաբար չէին կարող հայտնվել խորհրդարանում եւ 500-ից ավելի քվե ստանալ՝ առաջադրվելու պարագայում։ Նրանք հավերժ պարտական են իրենց խորհրդարան տանող կուսակցությանը եւ կաշկանդված՝ տեսակետ արտահայտելու հարցում․ ինչ կորոշեն խմբակցությունն ու լիդերը, դա էլ կասեն ու կանեն։ Նույնը կարելի է ասել «Ծառուկյան դաշինքի» կազմում խորհրդարան գնացած Արարատ Զուրաբյանի, Վարդան Բոստանջյանի, մյուսների, անգամ՝ «Ելքի» պատգամավորների պարագայում՝ Արարատ Միրզոյան, Մանե Թանդիլյան, Գեւորգ Գորգիսյան եւ այլք։ Մարդիկ, որոնք առանց թիմային աշխատանքի եւ կուսակցական քվեի չէին կարող պատգամավոր դառնալ, հիմա խմբակցության կազմում որոշակիորեն կաշկանդված են իրենց տեսակետն արտահայտելու, ինքնուրույն հանդես գալու հարցում։ Նրանց ազատության աստիճանը, մի դեպքում՝ քիչ ավելի, մյուս դեպքում՝ պակաս, խիստ սահմանափակ է, եւ մեղադրել նրանց քվեարկությունների ժամանակ խմբակցությունից տարբերվող դիրքորոշում չունենալու մեջ, անգամ ծիծաղելի է։ Առավելագույնը, որ նրանք կարող են անել՝ քննարկումների ժամանակ կուսակիցներին համոզելն է։

Մեկնաբանություն
X