Կբարձրանա էշերի ներմուծման գինը

2015 թվականի հունվարին սահմանվեց 11 հազար անուն ապրանքների ցանկը, որոնք ԵԱՏՄ երկրներից Հայաստան տեղափոխելու դեպքում տեւական ժամանակ մաքսատուրք չէր գանձվելու: ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո 1700 ապրանքների գծով ներմուծման մաքսային դրույքաչափերը նվազել են, փոխարենն ավելացել են 6 հազար 300 անուն ապրանքներինը, ու եւս 700 ապրանքատեսակների դրույքաչափերի թանկացում սպասվում է առաջիկա տարիներին՝ դեղորայք, շաքարավազ, թռչնամիս, գյուղտեխնիկա, մեքենաներ, մի խոսքով՝ այն ամենը, որով պայմանավորված է մեր կյանքի որակը: Փոխարենը՝ իջեցումներ են նախատեսվում մի շարք էկզոտիկ կամ այնպիսի ապրանքների համար, որոնց գնման նպատակահարմարությունը շարքային քաղաքացու համար առաջին հայացքից անհայտ է: Մասնավորապես, ավանակների ներմուծման դրույքաչափը. ավանակների ներկրման համար ՀՀ-ում գործող դրույքաչափը 0 է, ԵԱՏՄ երկրներում՝ 5, եւ քանի որ այս «անունը» ներառված չէ բացառությունների ցանկում, որոնց դեպքում նոր մաքսատուրքի կիրառումը հետաձգվելու է, ստացվում է, որ առաջիկայում Հայաստան ներկրվող ավանակների գինը կավելանա առնվազն 5 տոկոսով:

Իսկ, օրինակ, կովերի ներմուծման մաքսատուրքը մնում է նույնը՝ 0: Հանուն արդարության նշենք, որ այծերի ու ձիերի էմբրիոնների, ինչպես նաեւ ձկան թափոնների ներմուծման սակագինը գործող 10 տոկոս դրույքաչափից կդառնա 5: Նույնը՝ ցլի սերմնահեղուկի մասով. 10 տոկոս ներմուծման մաքսատուրքը ԵԱՏՄ երկրներում 5 տոկոս է: Փոխարենը՝ փղոսկրի ներմուծման մաքսատուրքն ինչպես 10 տոկոս կար, այնպես էլ մնալու է։ Նման էկզոտիկ ապրանքների շարքում է նաեւ մարդկային մազի համար ներմուծման մաքսատուրքը, որը 10-ից իջնում է 5 տոկոսի: Իսկ, օրինակ, ՌԴ-ում արդյունահանվող ձկնային մի շարք արտադրանքներ, որոնց ներմուծման մաքսադրույքը ներկայումս ՀՀ-ում 10 տոկոս է, իջնելու է ընդամենը 1.7-ով՝ դառնալով 8.3 տոկոս: Սա վերաբերում է սկումբրիա, ստավրիդա, կամբալա տեսակի ձկներին։ Ինչ վերաբերում է թառափազգիներին, որը ԵԱՏՄ անդամ Ռուսաստանում եւս արդյունահանման հսկա ծավալներ ունի, իջեցումը նույնպես աննշան է՝ 10 տոկոսից՝ 9.3:

Անի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X