«ԿԳԲ-ի պադվալից» թանկարժեք իրեր են կորել

Զավեշտալի իրավիճակի առաջ են կանգնել մեր իրավապահները։ Պարզվում է՝ գողություններ կատարվում են ոչ միայն ՀՀ քաղաքացիների բնակարաններից, աշխատավայրերից, այլեւ անգամ քրեակատարողական հիմնարկներից, իսկ որ առավել աբսուրդ է՝ «կագեբեի» շենքից։ Պարզվում է՝ Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով մեղադրյալ Սուրեն Երեմյանին՝ Երեւանի ավագանու անդամ Արմեն Երեմյանի եղբորը, ձերբակալելուց հետո տեղափոխել են ԱԱԾ եւ այնտեղ խուզարկության արդյունքում, մինչ կալանավայրի խուց տանելը, առգրավել են նրա մոտ եղած ողջ ոսկեղենը, գումարը, թանկարժեք իրերը։ Դրանք, ըստ կարգի, պետք է պահվեին ԱԱԾ սեյֆում, սակայն պարզվում է՝ կորել են։ Հայտնաբերելով կորուստը, քրեական գործ են հարուցել, այդ օրվա պատասխանատու ԱԱԾ աշխատակցին նախ ազատել են աշխատանքից, ապա մեղադրանք առաջադրել։ Հետագայում նա թեեւ հայտնվել է ամբաստանյալի աթոռին, սակայն վաղեմության ժամկետի պատճառով որեւէ պատասխանատվության չի ենթարկվել, իսկ թանկարժեք իրերն այդպես էլ չեն գտնվել:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից ծանոթացանք այս ուշագրավ գործի մանրամասներին։ Սուրեն Լյովայի Երեմյանը 20.03.2015թ․ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» ՔԿ հիմնարկ։ Նույն օրը կատարվել է Սուրեն Երեմյանի անձնական խուզարկությունը, որի համար պատասխանատու հերթապահ Էմիլ Սիմոնյանը կազմել է արձանագրություն։ Խուզարկությամբ Երեմյանի մոտից հայտնաբերվել է ընդհանուր՝ 896 հազար ՀՀ դրամ արժողությամբ գույք եւ գումար՝ 200 հազար ՀՀ դրամ արժողությամբ «Ռադո» ֆիրմայի ձեռքի ժամացույց, 200 հազար ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա մատանի եւ 496 հազար ՀՀ դրամ գումար։ Էմիլ Սիմոնյանը, հայտնաբերված գույքն ու գումարը տանելով քրեակատարողական հիմնարկի հերթապահ մաս, ծրարավորել է այդ ամենը, սակայն, ըստ մեղադրանքի, ժամացույցն ու մատանին չի պահպանվել ՔԿ հիմնարկի սեյֆում, իսկ կանխիկ գումարը կալանավորի անձնական հաշվին չի փոխանցվել:
Նա հայտնաբերվածը ծրարավորված վիճակում դրել է ՔԿ հիմնարկի հերթապահ մասի պատուհանագոգին, թողել առանց հսկողության, որն էլ չպարզված հանգամանքներում հափշտակվել է։ 2015 թ․ մայիսին Սուրեն Երեմյանն ազատվել է կալանքից, սակայն իրերը նրան չեն վերադարձվել, եւ, ըստ ամենայնի, նա չի էլ բողոքել։ Թերեւս համարել է, որ դա էլ ազատ արձակման «փրկագինն» էր։ Էմիլ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով՝ յուրացնելը կամ վատնելը։ 2016թ. առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել՝ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Սակայն ՀՔԾ-ն որոշել է մեղադրյալին արգելանքից ազատել, եւ մեկ տարի անց Հատուկ քննչական ծառայությունը որոշումը փոխել է, առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխել է եւ նրան նոր մեղադրանք է առաջադրել, այս անգամ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական անփութությունը։

Գործը հասել է դատարան եւ մակագրվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին։ Ողջ ընթացքում Էմիլ Սիմոնյանն իրեն մեղավոր չի ճանաչել, իր ցուցմունքում նշել է, որ Սուրեն Երեմյանի խուզարկության օրը աշխատանքները եղել են բավականին ծանրաբեռնված, քանի որ միանգամից մի քանի կալանավորված անձանց են տեղափոխել, որի պատճառով անգամ այլ հերթափոխի աշխատակիցների էին կանչել աշխատանքի։

Խուզարկությունից հետո կալանավորին տեղափոխել են ՔԿՀ պետի աշխատասենյակ, քանի որ, սովորաբար, հիմնարկի պետը զրույց էր ունենում ընդունվող կալանավորների հետ։ Ինքը քրեակատարողական հիմնարկի հերթապահ մասում ծրարավորել է նրա մոտից հայտնաբերված իրերը եւ գումարը։ Հասկանալով, որ սոսինձը լավ չի սոսնձում, մի պահ դուրս է եկել եւ նոր սոսինձ բերել։ Դրանից հետո փակել է ծրարը, կատարել համապատասխան գրառումներ։ Ավարտելով ծրարավորումը՝ հայտնաբերվածի պարունակությամբ ծրարը տեղադրել է հերթապահ մասի սենյակի պատուհանագոգին՝ հաջորդ հերթափոխի պատասխանատու հերթապահին հանձնելու նպատակով։ Մյուս օրը առավոտյան հերթափոխը հանձնել է հաջորդ պատասխանատուին՝ տեղեկացնելով նախորդ օրվա շարժի մասին։ Մասնավորապես, ասել է հայտնաբերված իրերի եւ գումարի մասին, ցույց տվել դրանց գտնվելու վայրը։ Այդ օրվանից հետո այլեւս որեւէ պատկերացում չունի այդ իրերի եւ գումարի ճակատագրից։

Դատարանն Էմիլ Սիմոնյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, սակայն ազատել է քրեական պատասխանատվությունից՝ «քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով»։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X