Ռուբեն Հայրապետյանի մեղքի բաժինը բացարձակ չեմ տեսնում

«Միգուցե մարզիչը մտածել էր նոր խաղացողների դաշտ մտցնել, որպեսզի մոտիվացիա լիներ, քանի որ խմբից դուրս գալու շանսեր այլևս չկային: Առաջին խաղակեսի երկրորդ հատվածում և երկրորդ խաղակեսի սկզբում որոշակի ձեռագիր կար, բայց դա բավարար չէր այդ ամբողջը իրականացնելու համար: Պիտի հուսանք, որ Եվրոպայի առաջնության նախնական փուլում մենք շատ ավելի կազմակերպված կլինենք»,-այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով երեկ մեր հավաքականի կրած հերթական պարտությունից՝ ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանը։

Հիշեցնենք, երեկ Երևանում անցկացված Հայաստան-Լեհաստան խաղում մեր հավաքականը 1։6 խոշոր հաշվով պարտություն կրեց, ինչն առաջացրել է երկրպագուների զայրույթն ու դժգոհությունը։

Հրայր Թովմասյանը կարծում է, որ ազգային հավաքականից զատ՝ մենք պետք է լուրջ մտածենք նաև մանկապատանեկան ֆուտբոլի մասին:

«Ինքս ունեմ տղա, ով 12 տարեկան է և ամբողջ հոգով սրտով զբաղվում է ֆուտբոլով, և ես նպատակ ունեմ, որ ինքը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնա: Ես սիրում եմ ֆուտբոլը, ես ցավում եմ մեր ֆուտբոլի համար: Ինչ վերաբերում է ֆեդերացիային, ապա այն ներդրումները, այն աշխատանքները, որ կատարվել են, ահռելի են: Եթե դուք երբևէ լինեք ֆուտբոլի ակադեմիայում, տեսնեք պայմանները, կհասկանաք, որ շատ երկրներ կերազեին նման ենթակառուցվածքներ ունենալ: Այս տարիների ընթացքում կառուցվել է Շիրակի ֆուտբոլի ակադեմիան, կառուցվում է Վանաձորի ֆուտբոլի ակադեմիան: Սրանք լուրջ ներդրումներ են, որոնք իրենց արդյունքը պիտի տան: Ֆուտբոլով շատ ավելի մեծ թվով երեխաներ պետք է զբաղվեն, շատ ենթակառուցվածքներ պիտի ունենանք և հուսանք, որ նրանցից նոր Հենրիխ Մխիթարյաններ պիտի դուրս գան»-ասաց ֆուտբոլասեր ՀՀԿ-ականը։

Հարցին, թե Ռուբեն Հայրապետյանի մեղքի բաժինը տեսնու՞մ է մեր հավաքականի անհաջողություններում, Թովմասյանն ասաց․ «Ես անկեղծ պիտի ասեմ, որ Ռուբեն Հայրապետյանի մեղքի բաժինը բացարձակ չեմ տեսնում: Մենք մտերիմներ ենք, ընկերներ ենք: Եթե դուք շփվեք նրա հետ, տեսնեք, թե ինչ սրտացավությամբ է նա անում իր աշխատանքը, որքան ծանր է տանում մեր թիմի պարտությունները, կհասկանաք, թե ինչու եմ այսպես մտածում: Անցած տարիների ընթացքում հայկական ֆուտբոլի զարգացմանը միտված ներդրումները և աշխատանքները, որոնք կատարվել են, անմիջականորեն կապված են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեության հետ»։

Հրայր Թովմասյանը չհամաձայնեց այն դիտարկմանը, թե ՀՖՖ նախագահի փոփոխությունը կարող է փոխել իրավիճակը: Նրա խոսքով՝ ավելի կարևոր է, որպեսզի կարողանանք դրսի առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստների բերել հավաքական:

Մեկնաբանություն
X