Կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնին ով ինչ ծրագրով է հավակնում

Հոկտեմբերի 7-ին տեղի կունենան կինեմատոգրաֆիստների միության նախագահի ընտրությունները։ Այս պահի դրությամբ պարզ է, որ միության նախագահի պաշտոնի համար պայքարելու են 3 հոգի՝ կինոռեժիսորներ Հարություն Խաչատրյանը, Վահե Գեւորգյանցը եւ կինոպրոդյուսեր Գեւորգ Գեւորգյանը։

Հարություն Խաչատրյան․ «Վերջապես պետք է բացվի կինոյի տան դուռը»

Նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներից կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանն առաջինը լրագրողներին ներկայացրեց իր ծրագիրը, որը վերնագրել էր՝ «Վերջապես պետք է բացվի կինոյի տան դուռը», ինչը, ռեժիսորի դիտարկմամբ, պատահական չէ ընտրված, քանի որ այն պետք է բացվի թե՛ ուղղակի եւ թե՛ անուղղակի իմաստով։ Ծրագրի ամենաառաջին տեղում դրված է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության համբավի եւ հեղինակության վերադարձի հարցը։ «Կինոն այսօր այնպիսի վիճակում է, որ բոլորը պետք է հավաքվեն մի ամպհովանու տակ եւ փորձեն կինոն դարձնել երկրի համար աշխարհի հետ շփվելու միջոց, իսկ կինոմիությունը տալիս է մարդկանց միավորելու այդ հնարավորությունը»։

Ծրագրում կան նաեւ սոցիալական պաշտպանվածության խնդիրներ։ Ռեժիսորը շեշտում է, որ միության անդամները կարող են վստահ լինել՝ առայսօր եղած սոցիալական ծրագրերը շարունակվելու են առավել մեծ ծավալներով, իսկ ֆինանսական ռեսուրսները մնալու են անձեռնմխելի, մասնավորապես՝ միության հաշվեհամարին առկա 1 մլն․ դոլարը։ Սոցիալական ծրագրերի կողքին լինելու է նաեւ մասնագիտական պաշտպանվածություն, ստեղծվելու են ստեղծագործական, մասնագիտական գիլդիաներ։ Բացառապես բարերարների, հիմնադրամների աջակցությամբ, միջազգային ստանդարտներին համապատասխան նորոգվելու է կինոմիության դահլիճը։ Ավելին՝ այդ ուղղությամբ կան արդեն բանակցություններ։ Այդ դահլիճում միության անդամներն անվճար կազմակերպելու են իրենց ֆիլմերի ցուցադրությունները։

Ինչպես նշում է ռեժիսորը, այսօր կա ե՛ւ վտանգ, ե՛ւ միտում, որ առաջիկա 3 տարում կինոյին տրվող պետական աջակցությունը կարող է դադարեցվել։ Դա երեւում է ե՛ւ «Կինոյի մասին» օրենքի նախագծից, ե՛ւ շրջանառվող խոսակցություններից։ «Այս ընտրությունները վտանգավոր են նրանով, որ կարող է մարդկանց բաժանեն իրարից, բայց այսօր միանալու եւ հավաքվելու կարիք կա։ Շատ ենք հետ մնացել կինոյում ոչ միայն աշխարհից, այլ նաեւ տարածաշրջանից։ Ես կուզենայի, որ կինոմիությունն իր շուրջ հավաքեր բոլորին եւ մասնակցեր օրենքի կայացմանը, կինոարտադրությանը, կինոքննադատությանը, լուրջ վերլուծություն անելուն՝ հասկանալու համար, թե ինչ է նշանակում այսօրվա հայկական կինոն»,- ասում է Խաչատրյանը։

Ռեժիսորը նկատում է, որ շտապողականություն է տեսնում «Կինոյի մասին» օրենքն ընդունելու հարցում, դրա համար պետք է շատ շտապ իրավաբանական ծառայություն ստեղծել, նախագծի մշակմանը ներգրավել լուրջ փորձագետների, իրավաբանների ամբողջ աշխարհից, ինչպես դա արեցին Ուկրաինայում, Վրաստանում, քանի որ ռեժիսորներն իրավաբաններ չեն եւ չեն տիրապետում իրենց ցանկություններն օրենքի դրույթների վերածելու հմտությանը․ «Կինեմատոգրաֆիստները պետք է լինեն դիմադրող ուժ սխալ քաղաքականությանը»։

Խաչատրյանը խնդրում է ավելորդ մեծամտություն չհամարել, բայց կարծում է, որ իր փորձը, միջազգային կապերը, հեղինակությունը, աշխատաոճը դեռեւս պետք են կինեմատոգրաֆիստներին, իսկ կինոմիության նախագահի ընտրությունը միայն առիթ է՝ դրանք ծառայեցնելու ընդհանուր հայկական կինոյի շահերին։ «Իմ մասին բավականին վատ բաներ են գրում, տարօրինակ եզրահանգումներ անում, բայց նեղանալու չէ, որովհետեւ ամեն մեկն իր կարծիքն ունի։ Ինչ էլ որ գրեն՝ իբր նախագահն է որոշում կամ նախարարը, ոչ մեկը չի որոշելու, բացի կինոգործիչներից, որոնք գալու են եւ ընտրեն։ Այս օրերին եղան անհասկանալի կսմթոցներ, վերլուծություններ, բայց հույս ունեմ, որ համագումարը կանցնի քաղաքակիրթ միջավայրում։ Ով կընտրվի թե չի ընտրվի՝ դա հարցի մի կողմն է, բայց այս պրոբլեմները բոլորին են վերաբերելու»,- ասում է Խաչատրյանն ու նկատում, որ եթե հանկարծ վաղը հայտնվի մի թեկնածու, որն ավելի լավ ծրագիր առաջ քաշի ու կարողանա առավել լավ կատարել կինեմատոգրաֆիստների երազանքը, հնարավոր է դուրս գա պայքարից եւ պաշտպանի այդ մարդու թեկնածությունը։ Ինչ վերաբերում է ընտրության ընթացքին, ապա, կանխելով տարբեր տարիների փորձը եւ անցյալում քվեաթերթիկներ լցոնելու դեպքերը, ինքն ընտրության օրը կառաջարկի, որ կինոգործիչներից ամեն մեկն ստորագրի իր քվեաթերթիկի հետեւի հատվածում, որպեսզի ամեն ինչ լինի ազնիվ ու թափանցիկ։

Իմ ծրագիրը գրված է ըստ մեր հնարավորությունների․ Վահե Գեվորգյանց

Մամլո ասուլիսին ներկա էր նաեւ միության նախագահի պաշտոնի հավակնորդ կինոռեժիսոր Վահե Գեւորգյանցը՝ Ռուբեն Գեւորգյանցի որդին, որը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել՝ մասնավորապես նշելով, որ այսօր Հարություն Խաչատրյանի ասուլիսն է, իրավունք չունի խոսելու, իսկ եկել է, որովհետեւ հետաքրքիր էր։ Նշենք միայն, որ օրեր առաջ մեզ հետ զրույցում Գեւորգյանցն ընդհանուր գույներով ներկայացրել էր իր ծրագիրը՝ նշելով, որ այն կետ առ կետ կներկայացնի ընտրությունների օրը, քանի որ նախատեսված է մասնագիտական լսարանի համար։

«Ես կասեմ ծրագրի սկզբունքը, ինձ համար ամենակարեւորն այն է, որ այնպիսի ծրագրեր մտածենք, որոնք կարող ենք կատարել։ Եթե որեւէ կետ իմ ծրագրից ես չեմ կարողանալու կատարել, չեմ ասի։ Իսկ ծրագիրը գրված է ըստ մեր հնարավորությունների, որ ոչ մի բանով միությունը չտուժի։ Կարելի է ռիսկի գնալ, մեծ ծրագիր ստեղծել, քանի որ մենք փող ունենք, իսկ մեր միությունն էլ ամենահարուստ միությունն է բոլոր միություններից։ Այն, ինչ մինչ այսօր արվել է, ես փոխել չեմ ուզում։ Ասեմ՝ ինչ առումով. կան տարբեր ծրագրեր, առավել եւս՝ սոցիալական ծրագրեր, որը ես չէի ուզենա փոխել եւ կուզեի ավելի զարգացնել։ Բայց որ ասեմ՝ ոչինչ պետք չէ փոխել, չի լինի առանց դրա, ամենալավ, ուժեղ կազմակերպությունն էլ առանց փոփոխությունների առաջ չի գնում։ Իմ ծրագրերի իրականացման համար այդքան փող պետք չէ, նկատի չունեմ դահլիճի վերանորոգումը, այլ մյուս ծրագրերը։ Այն փողի եկամուտը, որ մենք ունենք, դա լրիվ բավարար է։ Ես վարչության անդամ եմ՝ ներսից գիտեմ մեր միության վիճակը եւ գիտեմ, թե ինչ է սպասվում մեզ մյուս տարի, դրա համար ռեալիստ եմ»,- նշել էր ռեժիսորը մեզ հետ զրույցում։

Գևորգ Գեվորգյանը վստահ է՝ իր ծրագիրն ավելի իրատեսական է

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն Գեւորգ Գեւորգյանը նույնպես հավակնում է կինոմիության նախագահի պաշտոնին։ Նրա կարծիքով՝ իր ծրագիրն ավելի իրատեսական է։ «Հարություն Խաչատրյանը կարող ուժ է, եւ կարծում եմ՝ այն ծրագիրը, որ ներկայացնում է, կարող է իրականացնել։ Բայց իմ ծրագիրը ես կազմել եմ այնպես, որ իրատեսական լինի, իմ ծրագիրը հիմնականում կինեմատոգրաֆիստների միության հեղինակության բարձրացման ու կինոգործիչների ապահովության խնդրին է ուղղված՝ դրանք լինեն սոցիալական, բուժման, հանգստի կազմակերպման հարցեր, փառատոների մասնակցություն՝ հատկապես երիտասարդներին օգնելու հարցում, մասնագիտական կրթության, վերապատրաստման հարցեր։ Ցանկացած կինոգործիչ պետք է իմանա, որ, ի դեմս կինեմատոգրաֆիստների միության, ունի ստեղծագործական աճի կամ մասնագիտական հմտությունների բարձրացման, վերապատրաստման, սոցիալական հարցերի լուծման հենարան, պաշտպան։ Ամեն մի կինեմատոգրաֆիստ պետք է իմանա, որ ունի թիկունք, որտեղ ամեն օր կարող է գնալ, ցանկացած հարցով դիմել ու ստանալ օգնություն»,- ասում է Գեւորգյանը։

Այն, որ կինոմիության հեղինակության բարձրացման, սոցիալական ապահովության մասով իր եւ Հարություն Խաչատրյանի ծրագրերը համընկնում են, Գեւորգյանն ասաց, որ բոլորի մոտ էլ պետք է այդպես լիներ, ավելին՝ կարծում է, որ կինոմիության հեղինակությունը մի քիչ ընկած է, եւ պետք է աշխատել այդ ուղղությամբ․ «Կարծում եմ՝ ֆիլմերի շնորհանդեսները, առաջին դիտումները, ինչպես որ եղել է առաջ, պետք է արվի կինեմատոգրաֆիստների միությունում, նախ ստանան կինոգործիչների գնահատականները, նոր հետո գնան հանրային ցուցադրման»։

Գեւորգյանը շատ է կարեւորում միության դահլիճի վերանորոգումը, որն իր հետ շատ հարցեր կլուծի։ Ըստ նրա՝ այդ դահլիճը կլինի ե՛ւ եկամտի աղբյուր, ե՛ւ տարբեր ցուցադրությունների, ուսումնական դասընթացների հարմար վայր։ Բացի այդ, կհամախմբի նաեւ մեր երկրում անցկացվող տարբեր փառատոները․ «Էլ չեմ ասում, որ դահլիճի վերանորոգման համար ես լավ կապեր ունեմ Եվրիմաժի հետ, ավելին՝ եթե իրենք օգնեն, նաեւ պարտադրելու են, որ ցույց տանք Եվրիմաժի անդամ երկրների ֆիլմերը, որը գտնված է մեզ համար, եւ մեր կինոգործիչները եվրոպական նորագույն ֆիլմերի առաջին հանդիսատեսը կլինեն։ Շատ կարեւորում եմ նաեւ մեր ֆիլմերի տարածման խնդիրը հանրապետությունում, սահմանամերձ գյուղերում, զորամասերում»։ Ինքը նույնպես իր ծրագրերի իրականացման համար շրջանցելու է բանկում պահվող 1 մլն․ դոլարը․ «Անկախ նրանից, թե ինչ արդյունք կունենա այս քվեարկությունը, ոչ մեկին չպետք է իրավունք տրվի իրենց ծրագրային դրույթների համար օգտագործելու այդ գումարը։ Այդ գումարը պետք է մնա անձեռնմխելի եւ դեռ ավելացվի, իսկ ծրագրերը պետք է իրականացվեն տարբեր հովանավորների միջոցով»։

Գեւորգյանն էլ է կարծում, որ «Կինոյի մասին» օրենքը թերի է եւ բավականին բացեր ունի։ «Կինեմատոգրաֆիստները պետք է անհապաղ հավաքվեն եւ իրենց կարծիքն ու առաջարկներն անեն, փորձենք նախարարի հետ համագործակցել»,- ասում է նա եւ ընդգծում, որ իր ծրագրում առաջ է քաշել նաեւ կինոյի ոլորտում կոչումներ ու մեդալներ տալու պրակտիկայի վերանայումը․ «Դա միշտ անարդար է եղել, դրանք տալիս պետք է հաշվի առնվի կինոմիության, կինոգործիչների կարծիքը, եւ նրանց խոսքն առանցքային պետք է լինի նման հարցերում»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X