Քաղաքապետն առաջարկել է, նախագահը ասել՝ ես փողը կտամ

Այսօր տեղի ունեցավ Գյումրու ավագանու հերթական նիստը: Նիստն այլևս բոյկոտող քաղաքական ուժեր չկան: Թեև օրակարգային հարցերն այնքան էլ շատ չէին, այնուամենայնիվ ընդդիմադիրների մասնակցությամբ նիստը երկար է ձգվում: Ավագանին քննարկումներն սկսեց արդեն ավանդական դարձած նվիրատվություններով: Այստեղ ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն այլևս չդիմացավ. «Իսկ հնարավոր չէ՞, այդ նվիրատվությունը վերածել դրամաշնորհի: Կազմակերպությունների հետ պայմանագիր կկնքվի, գոնե քաղաքապետարանին հաշվետվություն կներկայացնեն»: Ֆինանսական բաժնի պետ, զեկուցող Լենա Ջիլավյանը հակադարձեց. «Լինի դրամաշնորհ, թե նվիրատվություն, մենք պայմանագիր կնքում ենք, ընդամենը բառի տարբերությունն է»: Լևոն Բարսեղյանն էլ նկատեց. «Իրավական հակասություն է առաջանում»: Ու չնայած իրավական հակասությանը նվիրատվություններ հատկացնելու որոշումները ընդունվեցին: Ավագանին չկարողացավ մերժել ձմռանը մրսող ծերերին ու երեխաներին: Այս նպատակով 1մլն 200հզր. դրամ հատկացրին Կարիտաս բարեգործական միությանը: Երիտասարդական մի կազմակերպություն էլ Վորլդ Վիժնի հետ համատեղ Պարույր Սևակից մինչև Վարդանանց հրապարակ հեծանվային ուղի է ուզում կառուցել: 720հզր դրամը Վորլդ Վիժնն է տրամադրել, պակասում է 250 հզր դրամ: Համայնքի բյուջեից 3մլն դրամ էլ երաժշտական դպրոցներին հատկացվեց՝ նոր երաժշտական գործիքներ գնելու համար: Ավագանու քննարկման կիզակետում, սակայն, հարցերից վերջինն էր:

Քաղաքապետարանն առաջարկում է Աբովյան փողոցում կանգնեցնել գյումրեցի մեծերի արձանները: «Ես եմ առաջարկել Հանրապետության նախագահին, ինքն էլ ասել է՝ կֆինանսավորեմ: Տուրիզմը զարգացնելու միջոց է, համաշխարհային փորձ է, ընդունված է խոշոր քաղաքներում մեկ ու կես մետր բոյով կանգնեցնում են: Ես եղել եմ Հռոմում, այնտեղ կար, Երևանում էլ կա հիմա: Պատկերացնում եք՝ Պոլոզ Մուկուչի, Մհեր Մկրտչյանի, մեր մյուս մեծերի արձանները՝ իրենց պատկերավոր, հատուկ տեսքով»,-հայտարարեց Սամվել Բալասանյանը: ԳԱԼԱ կուսակցությունը միանգամից առաջ քաշեց անապահովության հարցը. «Դուք, որ առաջարկեցիք, պարո՛ն Բալասանյան, նախագահը համաձայնեց, բայց լավ գիտի չէ՞ Գյումրու անապահովության խնդիրը: Հիմա կարող ենք այդքան արձան պահե՞լ, կամ ինչու ոչ Կոշտոյան փողոցում, այլ քաղաքի կենտրոնում»: Իսկ թե որքան գումար է նախագահը պատրաստվում տրամադրել, դեռևս անհայտ է: «Դուք առաջարկել եք, լավ եք արել, բայց դա քիչ է, այս հարցը օրակարգ մտցնելուց առաջ պետք է հանրային քննարկում կազմակերպվի, միայն ավագանու որոշումը քիչ է: Ես ուրախ եմ, որ քաղաքը գումար չի ծախսելու, ինչ էլ պոկենք քյար է, բայց մտավախություն ունեմ, որ քաղաքն արձաններով ենք ծանրաբեռնելու: Նաև բազմաթիվ թաղամասեր կան, որոնք ժամանցային զբոսայգիների պակաս ունեն, իսկ մենք նորից կենտրոնն ենք զարգացնում»,-իր ելույթում ասաց Լևոն Բարսեղյանը:

Քաղաքապետն ակնհայտ սրտնեղեց՝ ասելով. «Էֆելյան աշտարակն էլ, որ դրեցին, ասացին՝ ամենավատ բանն է: Ռուսթավելի փողոցը հիմա վա՞տ է, դուրներդ չի գալի՞ս»: Ընդմիջում հայտարարելուց հետո, ի վերջո Բալասանյանն ստիպված եղավ տեղի տալ, որոշեցին առաջիկա օրերին հանրային քննարկում անցկացնել՝ հաշվի առնելու գյումրեցիների կարծիքն ու տեսակետը:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X