Բաքուն «ջուր է պղտորում» հայ վրացական առանց այն էլ «պղտոր ջրհորում»

Բաքուն օգտագործում է Գումբուրդոյի դեպքերը հերթական հակահայկական հիստերիան բարձրացնելու եւ այս անգամ հայ-վրացական հարաբերություններում լարվածություն մտցնելու համար: Ալիեւյան վարչակազմի քարոզչական մեքենայի առաջամարտիկ «Haqqin.az»-ի թբիլիսյան հատուկ թղթակից Ֆրիդոն Դոչիյան հրապարակել է մի բավական ընդարձակ հոդված, որտեղ Գումբուրդոյի դեպքերը փորձ է արվում ներկայացնել լրիվ այլ լույսի ներքո համարելով, որ ստեղծված լարվածությունը պայմանավորված է «հայերի սադրանքներով եւ նպատակ ունի ապակայունացնել Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու ապագան, որը գործարկմանը պատրաստվում են ներգրավված բոլոր կողմերն էլ եւ հատկապես Բաքուն:

Հետաքրքրականն այն է, որ Գումբուրդոյի դեպքերն ադրբեջանական քարոզչամեքենայի «սղոցի տակ» արդեն ներկայանում են որպես «կրոնաքաղաքական հատուկ օպերացիա» անվանումով եւ նշվում է, որ հայերը այդ գյուղում հայտնվել են միայն ХIХ դարում եւ հանդիսանում են Արեւմտյան Հայաստանից այդ շրջանում դեպի Ռուսական կայսրություն կազմակերպված ներգաղթած վերաբնակիչներ: Հոդվածում մեղադրանքներ են հնչեցվում նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հասցեին, նրան համարելով որպես «Վրաստանում հայկական անջատողականության հիմնական կազմակերպիչ», «Վիրք» եւ «Ջավախք» միություններն էլ անվանվում են որպես «անջատողական կազմակերպություններ»»: Պատմաբան Սամվել Կարապետյանին եւս մեղադրանքի իր բաժինն է հասցվում, համարելով, որ նա «խելացնոր բաներ է գրել եւ ինչ որ կա Վրաստանում հայկականացրել է»:

Հետաքրքրականն այն է, որ ադրբեջանական քարոզչամեքենան եւ այդ քարոզչամեքենային մոտ կանգնած կամ դրանից սնվող քաղաքագետների մի խումբ էլ փորձում է հարցը տանել արդեն ռեգիոնալ քաղաքականության հարթություն եւ տեղի ունեցածը կապել այն հանգամանքի հետ, որ հայերը իրենց սփյուռքի միջոցով փորձում են իրավիճակն ապակայունացնել եւ հարցականի տակ դնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ապագան, մի բան, որ չափազանց ցավոտ հարց է Բաքվի համար, քանի որ Բաքուն այդ երկաթուղին դիտարկում է, անկախ տնտեսական եւ գործարար բնույթի հավասիտացումներից, որպես Հայաստանի շրջափակումը խստացնող եւ Երեւանի վրա հավելյալ ճնշում գործադրելու համար նախատեսված գործիք /պատահական չէ, որ երկաթուղին թեեւ վրաց-ադրբեջանական է, սակայն գործնականում ամբողջությամբ կառուցվել է Բաքվի փողերով/: Սա չափազանց նուրբ հարց է եւ կարող է չափազանց լուրջ հետեւանքներ ունենալ, քանի որ նախ հայ-վրացական այս տեղային անհասկացողությունը փորձ է արվում աճեցնել ու դարձնել կրոնաքաղաքական կոնֆլիկտի եւ ապա, փորձ է արվում այս իրավիճակն օգտագործել ընդդեմ հայերի եւ Հայաստանի, իսկ Թբիլիսիի դեպքում դա կարող է ստացվել, անկախ ամեն ինչից, քանի որ Վրաստանը բոլորին է հայտնի, որ տնտեսապես մեծ կախվածություն ունի Բաքվից ու Ադրբեջանից:

Արդեն իսկ Հայաստան-Վրաստան հարաբերությունների «ջրհորը պղտորված է» Սերգեյ Մինասյանի հետ կապված ռուսամետ հայացքներ ունենալու պատմությունների հանգամանքով, ինչի մասին բազմիցս է գրվել, եւ Բաքվի այս գծի հաջողությունը կարող է այդ «պղտորված ջրհորն» ավելի «պղտորել»:

Արման Գրիգորյան

Մեկնաբանություն
X