Իրավունք

Բռնի գործողություններ կազմակերպելու կոչեր չեմ լսել․ Սեֆիլյանի գործով վկա

>

Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատաքննությունը։ Այսօրվա նիստին որպես վկա հարցաքննվեց Աննա Ա.-ն, ով դատավորին հայտնեց, որ Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարուժան Ավետիսյանի («Սասնա ծռերի» գործով ամբաստանյալներից) հետ աշխատանքային հարաբերություններ է ունեցել՝ աշխատելով «Նախախորհրդարան» եւ «Առանցք» հասարակական կազմակերպություններում՝ որպես թարգմանիչ, նաեւ լուսաբանել է «Հիմնադիր Խորհրդարան»-ի միջոցառումները՝ երթերը, ցույցերն ու հանրահավաքները:

Վկայի խոսքով՝ իրեն աշխատանքի հետ կապված մշտապես ցուցումներ են տվել եւ Ժիրայր Սեֆիլյանը, եւ Վարուժան Ավետիսյանը, վերջինս «Առանցք» ՀԿ-ի գործադիր տնօրենն է եղել։ Որոշ ժամանակ անց նա աշխատանքային տարաձայնություններ է ունեցել Սեֆիլյանի հետ եւ որոշել է դուրս գալ աշխատանքից. «Ես կարծում էի, որ երթերն ու ցույցերն արդյունավետ չեն, որովհետեւ գնալով մարդկանց թիվը նվազում էր: Այդ պատճառով որոշեցի դուրս գալ»։

Աննան նաեւ նշեց, որ երբեւէ ՀԽ-ի ղեկավարներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարուժան Ավետիսյանի կողմից անկարգություններ եւ բռնի գործողություններ կազմակերպելու կոչեր չի լսել։

Հիշեցնենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X