Ագրամունտը «բժշկի խորհրդով» հրաժարվեց, որ չխայտառակվի

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն այսօր հրաժարական է տվել։

«Անձնական պատճառներից ելնելով՝ ես որոշել եմ այլևս չղեկավարել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը»,- twitter-ի իր էջում գրել է նա։

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախագահ Արփինե Հովհաննիսյանի համար սա ծիծաղելի պատճառաբանություն է։

Նա նշեց, որ երկուշաբթի առավոտյան պետք է տեղի ունենար նրան անվստահություն հայտնելու քվեարկությունը, և Ագրամունտը, ըստ էության խայտառակ ձևով հեռացվելուց խուսափելու համար որոշել է առաջ անցնել և նման ծիծաղելի պատճառաբանությամբ հրաժարական տալ։

«Հավանաբար Ագրամունտը հաշվարկել է, որ ավելի լավ է՝ իր կենսագրության մեջ գրվի, թե ինքը հրաժարական է տվել բժիշկի խորհրդով, քան պարզվի՝ անվստահության հիմքով իրեն հեռացրել են»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Ա․ Հովհաննիսյանը։

Մեր հարցին, թե երկուշաբթի մեկնարկող ԵԽԽՎ հերթական նստաշրջանին նոր նախագահի փոփոխության մասով ինչ-որ բան սպասվու՞մ է, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարն ասաց․ «Չեմ կարծում, երկուշաբթի առավոտյան բյուրոյում կորոշենք, կասեմ»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X