Տատիկը ծանր է, թոշակը չեն տալիս

Hraparak.am-ին է դիմել Վանաձորի բնակիչ Նարինե Ա.-ն: Վերջինս պատմում է, որ 15 տարի է՝ ինչ ընտանիքի հետ տեղափոխվել են մայրաքաղաք: Ապրում էին 83-ամյա Զինաիդա Ժամկոչյանի հարևանությամբ: Սակայն արդեն երկու ամիս է, ինչ թե Զինաիդան, թե նրանք այլևս այդ տանը չեն: Իրավիճակը փոխվեց, երբ 80-անց կինը ինսուլտ տարավ: Հիմա գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում՝ վերակենդանացման բաժանմունքում: «Այդ տունը, որտեղ առաջին հարկում մենք էինք մնում, երկրորդում՝ տատիկը, իրենը չէր, մորաքրոջ տղայինն էր: Մորաքրոջ տղայի մահից հետո կինը եկավ, մեզ էլ, նրան էլ դուրս արեց: Բայց դե, հիմա սա չի կարևոր: Կարևորն այն է, որ նա ոչ ոք չունի: Մարտ ամսին էլ մի անգամ ինսուլտ տարավ, ես պահեցի, ոտքի կանգնեց, հիմա նորից կրկնվեց, Էրեբունի հիվանդանոցում է: Տատիկի թոշակը պետությունը չի տալիս, ես էլ չեմ կարողանում ստանալ, որ գոնե հիվանդանոցի ծախսերը հոգամ: Ինչքան կարողանում եմ, անում եմ, բայց ես էլ հիմա տան խնդիր ունեմ, տուն եմ փնտրում վարձով, ուզում եմ այնպիսի տուն գտնեմ, որ նրան էլ տանեմ այնտեղ»,-ասաց Նարինեն:

Կնոջ խոսքերով՝ բժիշկն ասում է, որ տատիկը ադեկվատ չէ, ի վիճակի չէ որևէ բան ստորագրելու, որպեսզի լուծվի լիազորագրի հարցը եւ թոշակն ստանալու հնարավորություն ունենա: «Հարցը պետք է նոտարով լուծվի, բայց նոտարն էլ է հրաժարվում, ասում են՝ վերակենդանացման բաժանմունքում է գտնվում, երբ տեղափոխեն, նոր կգանք: Դիմել եմ ՄԻՊ: Իրենց մամուլի ծառայությունից եկան, տեղում արձանագրություն կազմեցին, ընդամենը մեկ ամսվա թոշակը ստացա»,-պատմեց Նարինեն:

Զրուցեցինք Էրեբունի նոտարական տարածքի նոտար Նարինե Սարգսյանի հետ, ում դիմել էր Նարինեն: «Մենք բժշկից թուղթ ենք ուզել, երբ հիվանդին տեղափոխեն պալատ, կգնանք տեղում գործը կանենք:Այս պարագայում նոտարը երրորդ դեմքն է, հարցը պետք է լուծվի սոցապ ծառայության եւ հիվանդանոցի միջամտությամբ: Մեր պրակտիկայում առաջին անգամ է նման դեպք, բայց եթե իսկապես, ինչպես կինն է նշում, որ գումարն իրեն անհրաժեշտ է հիվանդի ծախսերը հոգալու համար, ինչ-որ բան պետք է արվի: Կենսաթոշակն ստանում են ըստ բնակության վայրի, արդեն 3 ամիս է՝ այդ կինը հիվանդանոցում է, նշանակում է՝ այնտեղ է բնակվում, թող տանեն այնտեղ, այնտեղ էլ գումարը տան»,-ասաց նոտարը:Զանգահարեցինք Սոցիալական ապահովության պետական ծառայության թեժ գիծ: Մասնագետը տեղեկացրեց. «Մեկ այլ ուրիշ անձի իրավունք չունենք վճարելու, մեր փոստատարն էլ պարտավոր չէ թոշակը հիվանդանոց տանել, հասցնում է միայն բնակարան: Այս դեպքում նոտարը պետք է հաստատի, լիազորագիր ներկայացնելուց հետո միայն կտրվի երկրորդ անձին»: Երբ հասկացրեցինք, որ տատիկը ծանր է եւ ի վիճակի չէ ստորագրություն տալու, պատասխանեցին՝ ուրեմն պետք է սպասել:

Էրեբունի բժշկական կենտրոնից էլ փոխանցեցին, որ իրենք թոշակի հարցերով չեն զբաղվում: Հիվանդի մոտ դրական դինամիկա է նկատվում, բուժվում է պետպատվերով, ավելին ասել չեն կարող: Նարինեն պնդում է, որ տատիկին ամենօրյա խնամքի համար գումար եւ միջոց է հարկավոր: «Հո մենակ դեղերը չեն: Իրեն տակդիր, ջրիկ ճաշ է անհրաժեշտ, կլման ակտը խանգարված է, բայց բժշկական խողովակով կերակրափող են ներարկում: Գոնե էդ կնոջ թոշակը չեն տալիս, որ իր վրա ծախսեմ, ոտքի կանգնի, իսկ տատիկը հնարավոր է՝ երկար պառկի, ինչ եմ անելու»,-ասաց նա: Ինչևէ, ինչպես երևում է, Նարինեն ստիպված է սպասել, մինչև տատիկը ոտքի կանգնի, քանի որ տատիկի հոգսերն հոգալու խնդիրն ու թոշակը իրենից բացի, մյուսներին այնքան էլ չի հետաքրքրում:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X