Մանկապարտեզի տնօրենը հայտնաբերված խախտումների հետ մասամբ է համաձայն

Այսօր Գյումրու Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող «Լիլիթ» մանկապարտեզի սաներն ստիպված են եղել արդեն կեսօրին տուն գնալ: Բանն այն է, որ ստուգումներ են անցկացվել, որի արդյունքում պարզվել է՝ մանկապարտեզն ապահովված չի եղել հոսող սառը և տաք ջրով, սննդամթերքի պահպանումն իրականացվել է սննդամթերքի համար չնախատեսված տարաներում, կենցաղային և օժանդակ բաժիններն առանձնացված չեն եղել սննդամթերքի պահման հատվածից: Մանկապարտեզի հանրային սննդի կազմակերպման գործունեությունը կասեցվել է, իսկ խախտումների վերացման համար ծառայությունը սահմանել է ժամկետ: Տնտեսվարողներին հանձնարարվել է արտադրությունները համապատասխանեցնել սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի և «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, որից հետո միայն նրանց կթույլատրվի վերսկսել գործունեությունը:

Մեր այցելության պահին մանկապարտեզը փակ էր եւ դատարկ: Զրուցեցինք մանկապարտեզի տնօրեն Սուսաննա Ձվակերյանի հետ, վերջինս հայտնաբերված խախտումների հետ մասամբ էր համաձայն: «Հոսող ջուր ես միշտ էլ ունեցել եմ, խոսքը տաք ջրի մասին է, որը դեռ չկա, բայց անցկացվելու էր: Իրենց նշածներից ոչ բոլորի հետ եմ համաձայն: Սննդի տարաներ միշտ էլ եղել են: Խմբերում տաք ջուր չունենք, դա պետք է ապահովենք, հատակն է վերանորոգելու, դրանց հետ համաձայն եմ: Բայց դե մինչև դեկտեմբեր անելու ենք ամեն ինչ, որ խմբերը նորից գործեն»,-հավաստիացրեց մանկապարտեզի տնօրենը՝ չցանկանալով այլևս որևէ բանից խոսել:

Մանկապարտեզը համայնքապատկան է, ուստի փորձեցինք պարզաբանում ստանալ նաև քաղաքապետարանից: Քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Հայկ Սուլթանյանն անկեղծացավ. «Ես արդեն տեղյակ եմ, չնայած դեռ գրություն չենք ստացել, բայց տեղյակ եմ, որ հիմնական խնդիրը խոհանոցի հետ կապված է: Այն վերանորոգման կարիք ունի, մենք նախատեսել էինք, սալահատակը պետք է նորացնել, հոսանքի լարերի հետ կապված խնդիրներ կան, դրա համար էլ տաք ջուր չկա: Մի խոսքով ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք ժամանակին անել, բայց անպայման մի բան կանենք: Այդ մանկապարտեզի շենքը խորհրդային տարիների է, շատ հին է արդեն, երկար տարիներ չի վերանորոգվել: Բայց դե իրենք էլ իրենց նորմերն ունեն, բնականաբար պետք է համապատասխանեցնենք նորմատիվին»,-արդարացավ քաղաքապետարանի պաշտոնյան:

Նշենք, որ «Լիլիթ» ՀՈԱԿ է հաճախում մոտ 60 երեխա, յուրաքանչյուր երեխայի համար ամսական սահմանված ծնողական վարձավճարի չափը կազմում է 6000 դրամ: Գյումրու եզակի մանկապարտեզներից է, որտեղ քաղաքապետարանը վարձավճարը 7000-8000 դրամ չի սահմանել: Ամսական համայնքային բյուջեից մանկապարտեզին անհրաժեշտ է հատկացնել 348.000, տարեկան՝ 4.176.000 դրամ:

Ի դեպ, մեզ հաջողվեց զրուցել այս մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներից մի քանիսի հետ: Ոմանց համար միանգամայն անակնկալ էին հայտնաբերված խախտումները, իսկ նրանցից մեկն էլ ասաց, որ խոհանոց իրենց մուտքը միշտ արգելված է եղել, ինչը կասկածի տեղիք է տվել: «Ընդհանուր կրթադաստիարակչական որակը վատը չէ, բայց շենքային պայմանները, բոլորս էլ տեսնում ենք, կարծում եմ անակնկալ չէր, պարզապես աշխատող մայր եմ, մանկապարտեզը տանը մոտ է, այլընտրանք չկա»,-ասաց ծնողներից մեկը:Հետաքրքրվեցինք՝ այս ստուգումներից հետո, մանկապարտեզի գործելու դեպքում պատրասվում է երեխային նորից այնտեղ ուղարկել, պատասխանեց. «Եթե մինչև այսօր ուղարկել եմ եւ առանձնապես դժգոհություն չեմ ունեցել, կարծում եմ՝ նորից կուղարկեմ: Հիմա իմ խնդիրն այն է, թե մինչև վերաբացվելը երեխայիս որտեղ պետք է տանեմ»:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X