Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Վերջապես կհանդիպեն

«Ժողովուրդը» գրում է. «Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը տեւական ընդմիջումից հետո հանդիպելու եւ ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ բանակցությունները շարունակելու պատրաստակամություն են հայտնել: Այդ հանդիպումը կազմակերպելու նպատակով տարածաշրջանային այցով երեկ Երեւանում էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները. այստեղ նրանք հանդիպել են Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այսօր արդեն նրանք կմեկնեն Բաքու՝ այնտեղ հանդիպելու Իլհամ Ալիեւի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մամեդյարովի հետ:
Համանախագահների՝ երեւանյան հանդիպումների մասին պաշտոնական հաղորդագրությունները բավական աղքատիկ էին: Նախագահականը տեղեկացրել էր, որ Ս. Սարգսյանը համանախագահների հետ քննարկել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավորությունները, այդ թվում՝ Սարգսյան-Ալիեւ հանդիպման կազմակերպման վերաբերյալ հարցերը, անդրադարձել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակին եւ կարեւորել խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը: Իսկ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշված էր, թե Նալբանդյանը համանախագահների հետ հանդիպման ժամանակ շարունակել է երկու երկրների ղեկավարների հանդիպման կազմակերպման վերաբերյալ քննարկումները, եւ մտքեր են փոխանակվել հակամարտության գոտում իրավիճակի շուրջ: Երեկ նաեւ Իլհամ Ալիեւն է խոսել Սարգսյանի հետ հանդիպման հնարավորությունների մասին. «Մեզ թվում է՝ Հայաստանը վերադառնում է բանակցային գործընթաց, եւ դա շատ կարեւոր հարց է»,- նշել է նա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X