Գարեգին արք. Բեքչյանն ասուլիս է կազմակերպել պոլսահայ լրատվամիջոցների համար

Հայաստանյան եւ տարածաշրջանի քաղաքական անցուդարձին ուշադիր լինելով՝ հայկական մեդիադաշտը, կարծես, մոռացել էր վերջին մեկ տարում ամենից արծարծված եւ ամենից փափկանկատություն պահանջող թեմաներից մեկի՝ Կ. Պոլսի Հայոց պատրիարքական առաջիկա ընտրությունների մասին: Պարզվում է, սակայն, որ ընտրական գործընթացները բավական խճճվել են թուրքական պետության՝ Նախաձեռնակ խորհրդատվական մարմնի կազմի հանդեպ ունեցած վերապահությունների եւ դրանով պայմանավորված պոլսահայ համայնքում առաջացած ներհակ խմորումների եւ շրջանառվող այլեւայլ լուրերի պատճառով, եւ բանը հասել է այնտեղ, որ օրերս Կ. Պոլսի Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը մամուլի ասուլիս է հրավիրել տեղի հայկական համայնքային լրատվամիջոցների համար: Ինչպես փոխանցում է Պոլսի «Ժամանակը» Տեղապահ Գարեգին արք. Բեքչյանի հետ միասին ասուլիսին մասնակցել են նաեւ Պատրիարքական Աթոռի կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպս. Մաշալյանը եւ Աթոռի բանբեր իրավաբան Սեպուհ Ասլանգիլը, ինչպես նաեւ Աթոռի ելեւմտից խորհրդական Պետրոս Մարզվանը: Ասուլիսի ժամանակ պարզ է դարձել, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը առաջիկա հոկտեմբերի 16-30-ին այցելելու է Գերմանիա՝ մասնկացելու Գերմանիայի Լյութերական (բողոքական) եկեղեցու 500-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսություններին, որի ընթացքում Տեղապահ Բեքչյան արքեպիսկոպոսը ուղեկցելու է Գարեգին Երկրորդին՝ իբրեւ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ: Միաժամանակ, ըստ նույն պարբերականի, Գարեգին արք. Բեքչյանը իրազեկել է, որ հատուկ նամակով Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսին տեղեկացրել է պատրիարքական ընտրությունների գործընթացը ամենայն մանրամասնությամբ՝ շեշտադրելով նաեւ վերջին իրադարձություններն ու վայրիվերումները:

Գերմանիայից վերադառնալուց հետո, ըստ այս տարվա սկզբին Մայր Աթոռում Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ եւ Պոլսի Աթոռը ներկայացնող երեք եպիսկոպոսների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը ձեռք բերված համաձայնության, նշանակվելու է վստահության համագումարի օր: Ինչ է սա նշանակում: Ըստ համաձայնության, եթե վեց ամսվա ընթացքում Տեղապահը եւ Նախաձեռնակ մարմինը չկարողանան կազմակերպել Պատրիարքի ընտրությունները, ապա համագումար ժողով է հրավիրվելու նրանց հանդեպ վստահության հարցը քննարկելու համար:

Մեկնաբանություն
X