Մեկնարկել է Կինեմատոգրաֆիստների միության համագումարը

Արդեն տեղեկացրել էինք, այսօր Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունում տեղի է ունենում միության արտահերթ համագումարը:

Ինչպես հայտնում է մեր թղթակիցը, համագումարին ներկա են միության 187 անդամներից 145-ը: Միության 15 անդամներ համագումարի աշխատանքներին հետևում են արտերկրից: Համագումարի մեկնարկին դերասան Ժան Նշանյանն առաջարկեց միության՝ արտերկրում բնակվող անդամներին ևս թույլատրել մասնակցել միության նախագահի ընտրություններին: Որոշվեց այդ հարցը քննարկել ավելի ուշ:

Համագումարին որպես պատվավոր հյուր ներկա է կինոռեժիսոր Ռոման Բալայանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ով կարևորեց համագումարը՝ նշելով, որ Միության նախագահի ընտրությունն ամենից առաջ միասնաբար աշխատելու ընտրություն է և թող ընտրվի ամենաարժանավորը:

Համագումարն ընդհանրապես անցնում է բավականին պասիվ: Միության անդամները խոստանում են խոսել ավելի ուշ:

Արդեն ընտրվել են հանձնաժողովները՝ վերստուգող և հաշվիչ:

Մինչ համագումարը շրջանառվում էին միության նախագահի 3 թեկնածուների անուններ՝ կինոռեժիսորներ Հարություն Խաչատրյանի, Վահե Գևորգյանցի և կինոպրոդյուսեր Գևորգ Գևորգյանի:

Համագումարի ընթացքի և արդյունքների մասին՝ ավելի ուշ:

Մեկնաբանություն
X