Ազգակցական կապերն, այո՛ որոշիչ դեր են խաղում իմ կայացման համար․ Սերգեյ Սմբատյան

Դասական երաժշտության սիրահարներին շուրջ երկու ամիս՝ հոկտեմբերի 11-ից մինչեւ դեկտեմբերի 11-ը, սպասվում են հաճելի անակնկալներ։ Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանը նշանավորվելու է Խաչատրյանի միջազգային 5-րդ փառատոնի մեկնարկով։

Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Սերգեյ Սմբատյանին ոգեւորել է, որ փառատոնը մեկնարկում է լեգենդար դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր Ջոն Մալկովիչի մասնակցությամբ։

«Հայաստանում ելույթ կունենա Ջոն Մալկովիչը։ Շատ լուրջ աշխատել ենք այդ պրոեկտի վրա, որի պրեմիերան եղել է Սեուլում, երկու տարի առաջ։ Շատ ուրախ եմ, որ այն կլինի փառատոնում։ Փառատոնին կմասնակցեն շատ լուրջ, պոպուլյար, կարեւոր արտիստներ, որոնք աշխարհի համար կարեւոր են»,- ասաց դիրիժորը։ Նա Մալկովիչին ներկայացրեց որպես ուժեղ էներգետիկ դաշտ ունեցող անհատի, եւ հաջողություն է համարում նրա այցը Հայաստան։

Նա մեկ առ մեկ թվարկեց, թե ինչ ծրագրեր են լինելու փառատոնի շրջանակներում, անցած տարիների ընթացքում ինչեր են արել, ինչպես են իրականացրել ոչ ստանդարտ նախագծեր։

Հետո Սերգեյ Սմբատյանը նշեց, որ «Խաչատրյանը եւ ջազը» նախագիծը մեծ հաջողություն ունեցավ դրսում, իսկ եթե փառատոնը կարողանում է միջազգային որակի հնչեղություն հաղորդել, դա արդեն մեծ հաջողություն է։ Ի դեպ, «Խաչատրյանը եւ ջազը» համերգային նախագիծը , Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան, ինչպես նաեւ այլ հետաքրքիր ծրագրեր կներկայացվեն փառատոնային համերգների ընթացքում։ Հանդես կգան հայտնի արտիստներ, դաշնակահարներ Գլորիա Քամփաները, Հայկ Մելիքյանը, Լեւոն Կարապետյանը, ջութակահարներ Դավիդ Նեբելը, Մարկ Բուշկովը, մեներգիչ Վլադիմիր Բայկովը (բաս) եւ այլք։

Խաչատրյանական փառատոնի շրջանակներում, ինչպես միշտ, կլինեն համերգներ արտերկրում․ Կաունասի ֆիլհարմոնիկ համերգասրահում ելույթ կունենան Արամ Խաչատրյանի միջազգային մրցույթի այս տարվա դափնեկիրները՝ Ջուլիետա Ալեքսանյանը (սոպրանո), Ազամատ Ժելտիրգուզովը (բարիտոն), Գագիկ Վարդանյանը (բարիտոն)։ Երաժշտական տոնի շրջանակներում հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Mediterraanean տրիոն, Հայաստանի պետական ջազ նվագախումբը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլները եւ այլն։

Մամուլի ասուլիսի մասնակիցներից մեկը, որը ներկայացավ որպես վաստակավոր լրագրող Գուրգեն Խաժակյան, Սերգեյ Սմբատյանից հետաքրքրվեց, թե ինչու է նա ավանդաբար ուշանում մամուլի ասուլիսներից։

«Արդյոք դա չի՞ կարելի դիտել որպես անարգանք մեզ՝ չորրորդ իշխանության ներկայացուցիչներիս»,- հետաքրքրվեց նա՝ հիշեցնելով, որ Սմբատյանն այս անգամ ուղիղ 12 րոպե ուշացել է ասուլիսից։

Խաժակյանի հաջորդ հարցը վերաբերում էր նրան, որ Սերգեյ Սմբատյանն առանց իր հոր՝ Երեւանի պետական կոնսերվատորիայի նախկին ռեկտոր, մշակույթի նախկին նախարար, ՌԴ-ում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանի աջակցության չէր կայանա եւ չէր հասնի նման հաջողությունների։ «Էլ հարցեր չե՞ն լինելու Ձեր կողմից»,- հակադարձեց Սերգեյ Սմբատյանը։«Ոչ»,- ասաց վաստակավոր լրագրողը։

Սերգեյ Սմբատյանն ասաց, որ իր ուշանալն ավանդույթ չէ, ինքը միշտ չի ուշանում։
Երկրորդ հարցին անդրադառնալով էլ՝ Սերգեյ Սմբատյանն ասաց․ «Ինչ են խոսում՝ չգիտեմ։ Ձեր հարցն ավելի գեղարվեստական է, քան կարող է իրեն թույլ տալ չորրորդ իշխանությունը։ Ձեր հարցն ի՞նչ է, որ իմ բարեկամական կապերն ինձ օգնո՞ւմ են»։
«Որ դրանք որոշիչ դեր են խաղում Ձեր կայացման համար»,- հարցը շարունակեց լրագրողը։

«Այո, դրանք որոշիչ դեր են խաղում իմ կայացման համար որպես դիրիժոր։ Եթե դրանք չլինեին, ապա չէր լինի այս ամենն, ինչ որ կա։ Ձեր հարցն այնքան էմոցիոնալ հետաքրքիր է, որ երկար դիսկուրսի թեմա է։ Ես կարծում եմ, որ դրա մեջ կա իրականություն։ Դուք եթե կարծում եք, որ այդպես է, ես պետք է հարգեմ Ձեր կարծիքը։ Դուք ունեք իրավունք այդպես կարծելու։ Ճի՞շտ է դա, թե՞ սխալ՝ թույլ տվեք չմեկնաբանել»,- ասաց դիրիժորը։
Հետո հարցեր հնչեցին փառատոնի վերաբերյալ։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X