Այդքան էր հավաքականի ներուժը

>

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականից մեր պահանջմունքները ցավալիորեն առնչություններ չունեն իրականության հետ: Հայաստանի հավաքականը չի կարող հաջողության հասնել, քանի դեռ ՀՖՖ-ի միանձնյա եւ անփոխարինելի ղեկավարը Ռուբեն Հայրապետյանն է, չի կարող հաջողության հասնել, քանի դեռ չունի որակյալ ազգային առաջնություն, չի կարող հաջողության հասնել, քանի դեռ չկան այն մասնագետները, ովքեր բարձրակարգ որակավորում են ստացել՝ տիրապետելով եւ կիրառելով տարիների ընթացքում կուտակած փորձառությունը:

Իսկապես յուրօրինակ իրավիճակ է ստեղծվել, թվում է՝ մեր հավաքականի խնդիրները չափից դուրս տեսանելի են, չկա որեւիցե առեղծված, մութ կողմ, ամեն ինչ բացահայտ է, ինչից տեղյակ են գրեթե բոլորը՝ նույն ՀՖՖ-ի նախագահը, գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը, թիմի առաջատար, ավագ Հենրիխ Մխիթարյանը, նաեւ մյուս տղաները, սակայն, ինչպես ասում են, արդեն վաղուց է, ինչ այս չարաբաստիկ սելը ոչ մի կերպ տեղից չի շարժվում:

Վերհիշենք․ Ռուբեն Հայրապետյանը մամլո ասուլիսներից մեկում ասում էր, թե նույն պահին պատրաստ է տեղը զիջել այն մարդուն, ով իր հերթին պատրաստ է ղեկավարել ՀՖՖ-ն։ Ըստ Հայրապետյանի՝ նման մարդ ուղղակի գոյություն չունի: Եթե այդպես է, ուրեմն սա իսկական աղետ է ոչ միայն հայկական ֆուտբոլի համար, այլեւ ողջ պետության: Եթե ապագայում Հենրիխ Մխիթարյանն իր դիրքում արժանի հետնորդ չունենա, եթե առհասարակ հավաքականը չհամալրվի նոր, տաղանդավոր ֆուտբոլիստներով, ուրեմն էլ ինչո՞ւ ենք խաղում, ինչո՞ւ ենք մասնակցում հեղինակավոր մրցաշարերին, այն էլ՝ հանդես գալով պետական դրոշի ներքո, ներկայացնելով Հայաստան աշխարհը, ներկայացնելով մի ողջ ժողովրդի:

Իրականում հայկական ֆուտբոլի ապագայի համար չափից դուրս մտահոգ մարդը, տեսնելով իր ձախողումը, կջանար, որպեսզի նոր, ավելի հավակնոտ, ավելի ճկուն ու խելամիտ կադրեր պատրաստվեին, իսկ «ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» տրամաբանությամբ շարունակելը պարզապես դատապարտում եւ ոչնչացնում է անգամ վերջին, աննշան հույսը: Իսկապես, մարդկայնորեն կարելի է ցավալ թե՛ հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի, թե՛ առաջատար Հենրիխ Մխիթարյանի համար: Լեհաստանի ընտրանուց կրած 1։6 ջախջախիչ պարտությունն Արթուր Պետրոսյանը որպես խայտառակություն որակեց, Մխիթարյանը փորձեց պարտության ողջ մեղքն իր վրա վերցնել: Ցավոք, սրանով ո՛չ հավաքականը կփրկես, ո՛չ էլ հայկական ֆուտբոլը: Համենայնդեպս, այս պահին Արթուր Պետրոսյանն ու Հենրիխ Մխիթարյանը, անգամ մեծ ցանկության դեպքում, չեն կարող օգնել մեր ֆուտբոլին, քանզի այն համակարգային, ամբողջական վերափոխության եւ փրկության կարիք ունի:

Նույնիսկ բարձր դասարանների դպրոցականները գիտեն, որ պարզապես չի լինում լավ հավաքական՝ ցածրորակ ազգային առաջնության առկայությամբ: Հավաքականի եւ ընդհանրապես հայկական ֆուտբոլի աղետը շարունակական է լինելու, քանի դեռ վերստին ուշանում են խորը համակարգային փոփոխությունները, քանի դեռ ՀՖՖ-ում ավտորիտար իշխանություն է, քանի դեռ ազգային առաջնությունը լոկ անուն է եւ ուրիշ ոչինչ:

Զավեն ՄԽԻԹԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X