Ջոն Մալկովիչը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ)

>

Հոլիվուդյան լեգենդար դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջոն Մալկովիչը Հայաստանում է։ Ջոն Մալկովիչի մասնակցությամբ հոկտեմբերի 11-ին Երևանում կմեկնարկի Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը։ Այդ առիթով դերասանն ու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն այսօր հանդիպեցին լրագրողների հետ։

Հայաստանյան համերգի ընթացքում Մալկովիչը հայ հանդիսատեսին կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ։

Ինչպես հանդիպման ընթացքում նշեց Մալկովիչը, դասական երաժիշտների հետ մի քանի կատարումներ արդեն ունեցել է, իսկ այս ձևաչափով համերգները, որոնց ժամանակ մեկտեղվում են տեքստն ու երաժշտությունը, անասելի ապրումներ են պարգևում իրեն, քանի որ, իր կարծիքով, երաժշտությունը համամարդկային ուժ է պարունակում, հատկապես՝ կենդանի և դասական երաժշտությունը:

«Տեքստը երաժշտության հետ համադրելը մարտահրավեր է։ Մենք ուզում էինք զուգակցել տեքստն ու երաժշտությունը: Իհարկե, այնպես չէ, որ տեքստը պետք է փոխարինի երաժշտությանը, ոչ, տեքստը պետք է լրացնի երաժշտությանը: Ստացվելիքի իմաստը, կարծում եմ, այնպիսին կլինի, ինչպիսին յուրաքանչյուրը կընկալի: Երաժշտությունը պարանոյայի տարրեր է պարունակում՝ Սաբատոյի տեքստն էլ այդպիսին է։ Սաբատոյի հիմնական ասելիքը ստեղծագործության մեջ այն է, որ աշխարհը կառավարում են կույրերը, և սա, բնականաբար, փոխաբերական իմաստով է ասվում։ Սաբատոյի ստեղծագործությունն արժեքավոր գործ է, որին միշտ կարող ես վերադառնալ, ինչպես, առհասարակ, արվեստի մեծ գործերի դեպքում է: Հարատև են այն գործերը, որոնք խորությամբ են դիպչում մարդկանց»,- նշեց դերասանը:

Մալկովիչը խոստովանում է՝ երաժշտությունը, որի ներքո պետք է հնչի այս կամ այն գրական գործը, բավական դժվարությամբ է ընտրում, երաժշտական գործը բազմաթիվ անգամներ է լսում՝ մինչև դրան զուգահեռ տեքստ համակցելը: «Դա բնազդային գործընթաց է. տեքստը չի կարող մրցել երաժշտության հետ, այն պետք է սահի ու իր տեղը գտնի երաժշտության մեջ, տեքստը պետք է լրացուցիչ տեղեկություն հայտնի»:
Թե որքանով է ծանոթ Հայաստանին ու հայոց պատմությանը, ապա՝ շատ չէ, հայոց պատմության մասին հատուկ գրքեր չի կարդացել, բայց կարդացել է գրքեր, որոնցում խորապես ներկայացված են եղել Հայաստանի պատմությունը: «Գիտեմ նաև Ցեղասպանության մասին: Դե, ինչ կարելի է ասել այդ մասին… Ուղղակի զարմանալի է՝ ինչպիսի ահավոր քայլերի են ունակ մարդիկ»,- նշեց Մալկովիչը:

Ի դեպ վաղն առավոտյան նա գնալու է Ծիծեռնակաբերդ իր հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Ջոն Մալկովիչը Հայաստան է այցելել կնոջ հետ։ Ասուլիսի ընթացքում Սերգեյ Սմբատյանը նկատեց, որ Մալկովիչին Հայաստանի հետ ծանոթացնելու ոչ սովորական ծրագիր են մտածել եւ այս մի քանի օրերի ընթացքում փորձելու են առավելագույնս եւ բազմակողմանի ներկայացնել մեր երկիրը աշխարհառչակ դերասանին։

Մեկնաբանություն
X