Հրապարակվեց Հայրիկյանն ընդդեմ Էդիկ Անդրեասյանի գործով վճիռը

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Հայարփի Զարգարյանի, հրապարակվեց Պարույր Հայրիկյանն ընդդեմ Էդիկ Անդրեասյանի եւ «Հրապարակ» օրաթերթի գործով վճիռը:
Հիշեցնենք, որ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն օրաթերթին եւ լրագրող Էդիկ Անդրեասյանին դատի էր տվել 2015թ. դեկտեմբերի 4-ին հրապարակված «Արգելակման կոճղակը» հոդվածի համար՝ գտնելով, որ լրագրողի առանձին արտահայտություններ վիրավորանք ու զրպարտություններ են պարունակում իր հասցեին, ինչպես նաեւ արատավորում իր գործարար համբավը: Հայցվորն այնուհետեւ հայցի ավելացում էր կատարել՝ պահանջելով պատասխանողից բռնագրավել 400 հազար ՀՀ դրամ՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:

Նախընթաց դատական փուլերում, սակայն, կողմերը պատրաստակամություն էին հայտնել հաշտության գալու եւ դատարանից ժամանակ էին խնդրել հաշտության տեքստը միմյանց հետ համաձայնեցնելու համար: Պատասխանող կողմը ներկայացրել էր հաշտության տեքստի իր տարբերակը, ուր մասնավորապես ասվում էր. «Ես՝ Էդիկ Անդրեասյանս, անկեղծորեն վատ եմ զգում, որ 04.12.2015 թվականին «Հրապարակ» օրաթերթում եւ www.hraparak.am կայքում հրապարակված «Արգելակման կոճղակը» հոդվածում իմ կողմից Պարույր Հայրիկյանի հասցեին արված արտահայտություններն ընկալվել են որպես վիրավորանք եւ զրպարտություն»: Հայցվոր կողմը, սակայն, պնդել էր հաշտության իր տեքստի վրա, որով ամրագրվում է, որ լրագրողն իրոք վիրավորել է, ընդունում է իր արածի անթույլատրելիությունը եւ «հայցում Պարույր Հայրիկյանի ներողամտությունը». ««Ես՝ Էդիկ Անդրեասյանս, հայցում եմ Պարույր Արշավիրի Հայրիկյանի ներողամտությունը 04.12.2015 թվականին «Հրապարակ» օրաթերթում եւ www.hraparak.am կայքում հրապարակված «Արգելակման կոճղակը» հոդվածում իմ կողմից Հայրիկյանի հասցեին արված արտահայտությունների համար»:

Հաշտությունն այդպես էլ չկայացավ, իսկ դատարանը երեկ հրապարակեց վճիռը, որով Պարույր Հայրիկյանի հայցն ընդդեմ լրագրող Էդիկ Անդրեասյանի եւ «Հրապարակ» օրաթերթի բավարարեց մասնակի: Ըստ այդմ՝ պատասխանող կողմին պարտավորեցվում է հրապարակել «ներողության տեքստը» հայցվորի խմբագրմամբ, ինչպես նաեւ պատասխանողից՝ հօգուտ Պարույր Հայրիկյանի, համապարտության կարգով բռնագանձվում է 8 հազար ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար:

- Պարոն Անդրեասյան, կարելի՞ է ասել, որ Հայրիկյանը հասավ իր նպատակին:

  • Ես կասեի՝ մասամբ հասավ: Ահագին գումար կարող էր աշխատել՝ որպես պատվի, արժանապատվության եւ գործարար համբավին հասցված վնասի փոխհատուցում, բայց դատարանը «խանգարեց»:

- Բայց կարեւորը ներողության տեքստն է, որ Ձեզ պարտավորեցրել են հրապարակել:

  • Այո, իհարկե, կարեւորը դա է: Բայց պակաս կարեւոր չէ նաեւ ՀՀ դատարանի 30 էջանոց վճիռը, որտեղ կես բառով անգամ փաստված չէ, որ Էդիկ Անդրեասյանը եւ «Հրապարակ» օրաթերթը վիրավորել են, ավելին՝ «միտումնավոր, հատուկ նպատակով», ինչպես գրել են հայցադիմումի մեջ, վիրավորել են Հայրիկյանին: Եթե իրոք վիրավորել եմ (ենք), այն էլ՝ միտումնավոր եւ հատուկ նպատակով, այդ դեպքում ինչո՞ւ է դատարանը բավարարվում միայն ներողություն խնդրելուն պարտավորեցնելով: Իսկ եթե չեմ վիրավորել, ինչո՞ւ հայցը չեն մերժել ամբողջությամբ: Դատարանում քանիցս հայտարարել եմ, որ Պարույր Հայրիկյանին անձամբ չեմ ճանաչել, հետեւաբար, խնդրո առարկա հոդվածով հատուկ նպատակ չեմ ունեցել նրան վիրավորելու կամ ծաղրելու: Նաեւ ներկայացրել եմ հայցվոր կողմի բերած, այսպես կոչված՝ «վիրավորական արտահայտությունների» բոլոր բացատրությունները՝ թե՛ լեզվամտածողության եւ թե՛ քաղաքական դատողությունների տեսանկյունից: Ես չեմ զղջում այդ հոդվածը հրապարակելու համար, այլ ափսոսում եմ, որ Հայրիկյանի կողմից այն վիրավորանք է նկատվել: Սրանք տարբեր բաներ են:

- Կարելի՞ է ենթադրել, որ կբողոքարկեք վճիռը:

  • Հիմա չեմ կարող ասել, ժամանակ կա մտածելու: Ճիշտն ասած՝ երբեք հակված չեմ եղել լուսանցք քշված քաղաքական դեմքերին լրացուցիչ գովազդելու: Դատեք ինքներդ՝ 50 տարվա քաղաքական գործիչը 2 տարի է՝ դատական քաշքշուկի մեջ է, եւ մեկ հատիկ ԶԼՄ չի գալիս նրա դատը լուսաբանելու: Դա արդեն վարկանիշի հարց է: Մյուս կողմից էլ՝ ո՞ւմ բողոքեմ, ամոթ չէ՞, այստեղ-այնտեղ հայտարարեմ, որ ՀՀ դատարանը հերթական հանճարեղ որոշումն է կայացրել լրագրողի դեմ, ինչ է թե «ղդիկ տված» քաղաքական այրը (իսկ նրանք մեզանում հազարներ են) համարում է, որ իրեն վիրավորել են:

Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մեկնաբանություն
X