Անդրիաս Ղուկասյանի գործով դատավորը հայտնվեց «երկու քարի արանքում». տեսանյութ

>

«Ոտքի Հայաստան» նախաձեռնության համակարգող Անդրիաս Ղուկասյանն այսօր դատարանում միջնորդեց իր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով՝ 1,5 մլն դրամի չափով։ Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ չի խախտի գրավի պայմանները, խնամքին ունի անչափահաս աղջիկ, առողջական խնդիրներ ունեցող մայր, ունի 2 բարձրարգույն կրթություն և իրեն կալանքի տակ պահելը կապված է միայն իր գործունեության հետ։

Մեղադրող Պետրոս Պետրոսյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ ռիսկերը մեծ են ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու վերաբերյալ, եւ առկա են բոլոր հիմքերը ամբաստանյալին կալանքի տակ պահելու համար։

Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը դատարանին տեղեկացրեց, որ որևէ փաստական տվյալներով չի հիմնավորվում, որ նա կկատարի հանցագործություն, ազդեցություն կգործի հարցաքննված անձանց վրա և կխուսափի գործի քննությունից։

Գործով նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանը մինչ կհեռանար խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, նշեց, որ պետք է պատճառաբանված եւ հիմնավոր որոշում կայացնի, որովհետեւ, եթե բավարարի միջնորդությունը, դատախազն է բողոքարկելու, իսկ եթե մերժի՝ պաշտպանական կողմը։ Եվ, մինչեւ 18։00-ն հնարավոր է որոշում չկայացվի։

Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, հուլիսյան դեպքերի ժամանակ Մ. Խորենացի փողոցում ՀՀ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված զինված խմբին միանալու փորձի, ինչպես նաև «զինվելու, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրելու, պահելու և խմբի անդամների հետ համակատարմամբ զավթած ու պատանդներին պահելու փորձերի մեջ», սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանի գործողություններից տուժել է 36 անձ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 225-րդ հոդվածի 1-ին մասի, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 34-235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X