Ռեժիմի հավաքական

«Եթե սա մեր առավելագույն մակարդակն է, ապա հաջորդ ընտրական փուլում մենք անելիք չունենք։ Ես ասել եմ Լեհաստանի խաղից հետո եւ կրկնեմ, որ մեզ նոր ֆուտբոլիստներ են պետք, որովհետեւ այսօրվա կազմի 80%-ը խաղում է հավաքականում երկար տարիներ, եւ գալիս է ժամանակը, երբ պետք է ինչ-որ բան փոխել։ Կարծում եմ՝ հիմա ամենալավ պահն է ինչ-որ փոփոխություններ կատարելու, որովհետեւ այս խաղով մենք ոչ մի հնարավորություն չենք ունենա մյուս ընտրական մրցաշարում։ Այսօր դուք տեսաք երկու ֆուտբոլիստի, որոնք առաջին անգամ էին խաղում հավաքականի կազմում, եւ հուսով եմ, որ այսպիսի դեպքեր հաճախ են լինելու»: Սրանք Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի Ղազախստան-Հայաստան հանդիպումից հետո՝ հետխաղյա մամլո ասուլիսում հնչեցրած մեկնաբանություններն են՝ կապված մեր հավաքականի ապագայի հետ:

Հոկտեմբերի 8-ին, 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում, կայացավ Ղազախստան-Հայաստան հանդիպումը, որն ավարտվեց 1:1 հաշվով, 26-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը Պիզելլիի փոխանցումից հետո մենմենակ դուրս եկավ դարպասապահի առջեւ եւ բացեց խաղի հաշիվը: Սակայն կիսով չափ երկրորդ կազմով հանդես եկող Ղազախստանի ընտրանին ջանքեր գործադրեց եւ հանդիպման 62-րդ րոպեին Տուրսինբեկի օգնությամբ հաջողեց խփել պատասխան գնդակը, ինչպես ասում են՝ փրկելով խաղը: Սա մեր հավաքականի վերջին հանդիպումն էր եւ, առհասարակ՝ ընտրական փուլի ավարտը: Հավաքականն իր վաստակած 7 միավորով E խմբում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Այսպիսով հերթական անգամ մեզ համար անկատար երազանք է մնում համաշխարհային ֆուտբոլի ամենամեծ ու կարկառուն տոնակատարությանը՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելը: Եվ ամեն անգամ վերստին կրկնվում է ծանոթ պատմությունը: Պարտություններից ու ձախողումից հետո արվում են կոսմետիկ հետեւություններ, եւ ապագայի վերափոխությունները նույնպես կոսմետիկ են լինում: Օրինակ՝ նոր գլխավոր մարզիչ նշանակելն ու շատ չանցած նրա հրաժարականն ընդունելը, ֆիկտիվ մարտավարություն մշակելն ու ներմուծելը, որը ոչ մի էական բան այդպես էլ չի տալիս:

Այդպես է՝ հերթական ձախողման համար պատասխանատվության ողջ բեռն իրենց վրա կարող են վերցնել թե՛ գլխավոր մարզիչը, թե՛ ֆեդերացիայի նախագահը եւ թե՛ թիմի առաջատար ֆուտբոլիստը: Սակայն միայն առաջին հայացքից է թվում՝ պատասխանատվություն վերցնելը հեշտ չէ, անգամ քաջություն է, սակայն խնդիրն ավելի խորը դիտարկելիս կհասկանանք, որ ձախողման համար պատասխանատվություն վերցնելը դեռ ոչինչ չի նշանակում, եթե ապագայում որեւէ վճռական քայլ այդպես էլ չես ձեռնարկում: Վերցնել պատասխանատվություն ու հրաժարական չտալ՝ ուրույն թատրոն է, վերցնել պատասխանատվություն եւ ամրակուռ, հետաքրքրական մարտավարություն, նաեւ խաղային խորը փիլիսոփայություն ստեղծելու փորձ չանել՝ անլրջություն է, վերցնել պատասխանատվություն ու կաշկանդվել, խաղի ղեկը ձեռքդ չվերցնել՝ արդեն անվճռականություն ու անկայունություն է: Ի վերջո, ե՞րբ է ավարտվելու այս չափից դուրս երկար ձգված ու միապաղաղ թատերգությունը: Հայկական ֆուտբոլը վայրկյան առաջ, ամեն առումով, ազատագրվելու կարիք ունի: Պատրանքներով չտարվենք՝ ավտորիտար ռեժիմի մեջ ապագայի տեսլական չի լինում եւ երբեք չի էլ եղել:

Զավեն ՄԽԻԹԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X