Տիգրան Եգորյանի դեմ հարուցված վարույթը քննվում-քննվում ու չի քննվում

>

Փաստաբանների պալատի խորհուրդը շարունակեց քննել «Հաց բերողի» ՝ Արթուր Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանի դեմ հարուցված կարգապահական վարույթի քննությունը:

Եգորյանի դեմ կարգապահական վարույթ էր հարուցվել «Ազատություն և հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Արուսյակ Հայրապետյանի և Թեհմինե Ենոքյանի բողոքի հիման վրա, քանի որ բողոքաբեր անձինք կարծում են, որ Տիգրան Եգորյանը տեղեկացված է եղել իր պաշտպանյալի ծանր հիվանդության (Բեխտերևի հիվանդություն) առկայության մասին, սակայն օրենքով սահմանված միջոցներ չի ձեռնարկել նրա խափանման միջոց կալանավորումը փոխելու ուղղությամբ։

Այսօրվա նիստում եւս գործին վերաբերող հանգամանքներ չպարզվեցին։ Տիգրան Եգորյանը նախ բացարկի միջնորդություն ներկայացրեց խորհրդի անդամ Նելլի Հարությունյանին՝ հիշեցնելով նախորդ նիստի ժամանակ Նելլի Հարությունյանի հնչեցրած այն միտքը, թե գործի նյութերից բխում է, որ Եգորյանը վարույթ իրականացնող մարմնին միջնորդություն չի ներկայացրել Բեխտերևի հիվանդության առկայության հիմքով Արթուր Սարգսյանին կալանքից ազատելու մասին: Եգորյանի խոսքով՝ Նելլի Հարությունյանը իրավական գնահատական է տվել գործի նյութերին, դիրքորոշում է հայտնել, ինչը պետք է աներ խորհրդակցական սենյակում: Այս նիստով Հարությունյանը չի կարող մասնակցել եւ որոշում կայացնել, քանի որ նա ունի դիրքորոշում եւ որովհետեւ պատկերացում չունի քրեադատավարական ընթացակարգերի մասին։

Նելլի Հարությունյանը նշեց, որ չի պատրաստվում ինքնաբացարկ հայտնել, խորհուրդն էլ խորհրդակցական սենյակում որոշեց մերժել բացարկի միջնորդությունը։

Եգորյանի հաջորդ բացարկի միջնորդությունը վերաբերվում էր խորհրդի անդամ Մելանյա Առուստամյանին։ Նրա համար զարմանալի էր, որ Առուստամյանը որոշել է մասնակցել իր գործով նիստին, քանի որ նա հրաժարվել է իր վերաբերյալ այլ վարույթներով ներկա գտնվել։ Նիստը ղեկավարող Կարեն Մեժլումյանը նշեց, որ տիկին Առուստամյանի բացակայությունը պայմանավորված է եղել առողջական խնդիրներով, Մեժլումյանի խոսքին Մելանյա Առուստամյանը հավելեց, որ քսան օրվա մեջ երկու վիրահատություն է տարել։

Մինչ Եգորյանը բացարկի միջնորդություն էր ներկայացնում, խորհուրդն էլ այն քննում էր, այդ ընթացքում խորհրդի անդամ Սեդրակ Ասատրյանը վերցրեց իր ուսապարկն ու հեռացավ։ Հետագայում հայտնի դարձավ, որ Ասատրյանը ասել է, թե այս նիստի պատճառով իր երեխան չպիտի տուժի։

Տիգրան Եգորյանը սա որակեց անհարգալից վերաբերմունք ոչ միայն իր, այլ նաեւ խորհրդի անդամների նկատմամբ․ «Էդ մարդը կոնկրետ կանգնել ասել է, որ իր երեխան չպիտի տուժի, էս դեպքում հարց է առաջանում՝ ինքը չէր կարող այսպիսի իրավիճակները հաշվարկեր, իր թեկնածությունը չառաջադրեր։ Հետո՝ բարեխղճություն դրսեւորեր, այդ մասին հայտներ, մտածեր՝ այլ մարդիկ էլ երեխաներ ունեն եւ էս նիստի պատճառով երեխաները տուժում են, եւ էսպիսի արհամարհական վերաբերմունք չդրսեւորեր»։

Կարեն Մեժլումյանը փորձում էր ժամանակ խնայելու նպատակով սահմանափակել Տիգրան Եգորյանի հայտարարություն անելու իրավունքը, Եգորյանն էլ առարկում էր։

Այսօրվա նիստը Տիգրան Եգորյանի միջնորդությամբ հետաձգվեց եւ նշանակվեց հոկտեմբերի 16-ին, ժամը 18:30:

Նշենք, որ այս վարույթի քննության համար Խորհուրդը շատ քիչ ժամանակ ունի, քանի որ պետք է որոշում կայացնի մինչև հոկտեմբերի 20-ը:

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X