Մամուլի տեսություն

«Հրապարակ»․ Ընկեր Համիկին ազատել են աշխատանքից

Մեր տեղեկություններով՝ կառավարության «Սպասարկում» ՊՈԱԿ-ի տնօրեն Հմայակ Մկրտչյանը՝ հայտնի Համիկը, ազատվել է պաշտոնից։ Հմայակ Մկրտչյանը մոտ 10 տարի ԱԺ գործերի կառավարիչն էր, հետո նրան կառավարություն էր տարել Հովիկ Աբրահամյանը՝ վարչապետ նշանակվելուց հետո։ Այժմ, փաստորեն, Կարեն Կարապետյանը որոշել է ազատվել նրանից։ Կառավարությունից հաստատեցին Հմայակ Մկրտչյանի ազատման լուրը՝ նշելով, որ առայժմ ՊՈԱԿ-ը նոր տնօրեն չունի, պարտականությունները ժամանակավորապես դրվել են փոխտնօրեն Գեորգի Հարությունյանի վրա։ Ի դեպ, Համիկը մամուլին քաջ հայտնի անձնավորություն է։ Մասնավորապես՝ ժամանակին հրապարակումներ են եղել, որ Համիկը Թամանյանի արձանի մոտ իջել է իր մեքենայից, հանդիպակաց, իր կարծիքով սխալ կայանված «ավտոմեքենայի» ապակիներին, դռներին է հարվածել: Մեկ այլ հրապարակման համաձայն՝ նա ԱԺ գործերի կառավարիչ աշխատելու ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ զանգահարել է ԱԺ աշխատակազմի ղեկավարին եւ հաշիվ պահանջել իր հետ վատ վերաբերվելու համար, վերջինս էլ հանձնարարել է ստուգել ԱԺ ավտոպարկը, պահեստը, բենզինի հատկացումները։ Նշենք, որ կառավարության գործերի կառավարիչը Հերմինե Նաղդալյանի ամուսինն է՝ Դավիթ Բեգլարյանը, իսկ «Սպասարկում» ՊՈԱԿ-ն զբաղվում էր կառավարության միջոցառումների կազմակերպմամբ, շենքի մաքրությամբ, սպասարկմամբ։ Լավատեղյակներն ասում են, որ Համիկը մինչեւ վերջերս շրջում էր ԱԺ պետհամարանիշներով, այժմ, փաստորեն, նրա արտոնյալ կյանքն ավարտվեց։

Մեկնաբանություն
X