Հնարավոր է վերջին պահին անսպասելի թեկնածուներ ի հայտ գան

Հոկտեմբերի 29-ին տեղի կունենա Հայաստանի կոմպոզիտորների միության համագումարը, որի ժամանակ միության անդամները պետք է ընտրեն նոր նախագահին կամ էլ վերահաստատեն իրենց ընտրությունը՝ Արամ Սաթյանին թողնելով պաշտոնավարել եւս մեկ ժամկետ։

ՀԿՄ վարչության եւ ղեկավար խորհրդի անդամ, կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանն ասում է, որ թեեւ ընդունվել էր նախնական որոշում՝ համագումարն անցկացնել Հայ ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնի ավարտից հետո՝ նոյեմբերի 10-ին, սակայն, հաշվի առնելով միության որոշ անդամների անհանգստությունն այն մասին, որ համագումարի համար ընտրված այդ ժամանակահատվածն ավելի ցուրտ է, առավել եւս՝ չջեռուցվող դահլիճում, որոշվել է ժամկետը մի քիչ առաջ գցել։

Չնայած դահլիճը, ինչպես 4 տարի առաջ, հիմա էլ չի ջեռուցվում, բայց այս 4 տարիների ընթացքում վերանորոգվել են միության 1-ին, 2-րդ հարկերը, վերականգնվել են առանձին սեկցիաներ, դեմոկրատական հարաբերությունները, ինչպես նկատում է կոմպոզիտորը, շատ բարձր հիմքի վրա են դրվել, մարդիկ կարող են մտնել նախագահի առանձնասենյակն ու իրենց դժգոհությունը հայտնել։ «Անցյալ համագումարին իմ դերակատարությունը բավականին ակտիվ էր, քանի որ նպատակ ունեի մեր միությունը վերադարձնել իր նախկին հունին, որպեսզի այն լինի մարդկանց համախմբող եւ ոչ բաժանող։

Ձեռքբերումների մեջ կա մի շատ կարեւոր հանգամանք էլ՝ այս 4 տարվա ընթացքում հայկական երաժշտությունն արտերկրում բավականին հնչեց, համերգներ եղան Մոսկվայում, Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Չինաստանում, Վրաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում եւ էլի շատ երկրներում։ Հրատարակվում են նաեւ բավականին մեծ քանակությամբ նոտաներ, շատ մեծ աշխատանք է տարվում երիտասարդ կոմպոզիտորների հետ՝ մրցույթներ, փառատոներ։ Իհարկե, կարելի է նաեւ ասել, թե ինչ մեծագույն ստեղծագործություններ ստեղծվեցին, ինչին ես դժվարանում եմ պատասխանել, բայց միության դերը նրանում չէ, որ նա կարողանա կոմպոզիտորին ստիպել, որ հիանալի գործ գրի, այլ միության դերը նրանում է, որ կարողանա նպաստել գործերի կատարմանը կամ օգտակար լինի կոմպոզիտորներին ինչ-որ հարցերում»,- ասում է Չաուշյանն ու նկատում, որ միությունը ֆինանսական օգնություն է ցույց տվել այն կոմպոզիտորներին, ովքեր բուժման կարիք են ունեցել․ «Այսինքն՝ բավականին գործ արված է, բայց ասել, որ սա ամենալավն է, սրանից այն կողմ էլ ոչինչ չկա անելու, այդպես չէ, շատ բաներ դեռ արված չեն եւ պետք է արվեն»։ Կոմպոզիտորը մի կարեւոր փաստ էլ է նշում, դա այն է, որ միությունն այսօրվա դրությամբ պետության հանդեպ ոչ մի պարտք չունի, նախկին տարիների բոլոր պարտքերը մարված են։

Ինչ վերաբերում է միության Դիլիջանի ստեղծագործական տանը, ապա դրա ճակատագիրը շարունակում է վտանգված մնալ․ «Այդ խնդիրը կա, քանի որ Դիլիջանի լիարժեք վերականգնման համար պահանջվում են շատ մեծ գումարներ, որոնք այսօր դժվար գտնես, իսկ եթե գտնես էլ՝ կորցնելով Դիլիջանը։ Այնուհանդերձ՝ դանդաղ, բայց որոշ քայլեր արվում են, 3 քոթեջ արդեն վերականգնված է, 2-ն ընթացքի մեջ է։ Բայց միությունն ունի 25 քոջեթ, եթե առաջիկա տարիներին վերանորոգվածների թիվը դառնա 10-15, ապա մեծ առաջընթաց կլինի։ Բացի քոթեջներից, այնտեղ մեծ գումար պետք է ներդրվի ինֆրաստրուկտուրաները զարգացնելու, դահլիճը վերականգնելու համար»։

Չաուշյանը կարծում է, որ ճիշտ կլինի, եթե ներկայիս նախագահը շարունակի աշխատել։ Այն դիտարկմանը, որ վերջերս Արամ Սաթյանն անկեղծացել էր եւ նշել, որ միություն ղեկավարելն իսկական չարչարանք է, եւ եթե որեւէ մեկը կարող է դա ավելի լավ անել, թող անի, ինքն ստեղծագործական աշխատանքով կզբաղվի, կոմպոզիտորը կարծում է, որ դրանք հերթապահ խոսքեր են․ «Պարոն Սաթյանը խնդիրների մի մասը լուծել է, մի մասը՝ դեռ չէ, եւ ինքն ուզում է շարունակել աշխատել եւ դրանց լուծումներ տալ։ Ես էլ կարծում եմ, որ նա կարող է շարունակել։ Իհարկե, կան բաներ, որ չեն արվել կամ արվել են սխալ ձեւով, բայց պետք է հաշվի առնենք, որ Արամ Սաթյանը նոր դեմք էր միության ղեկավարի պաշտոնում եւ, ինչպես ինքն է մի առիթով ասել, 2 տարի դեռ խորանում էր գործի մեջ եւ վերջին 2 տարին է լիարժեք աշխատել։ Այնպես որ, կարծում եմ՝ նա պետք է շարունակի 2-րդ ժամկետն էլ աշխատել, թե ոնց կլինի համագումարի ժամանակ՝ չգիտեմ, դժգոհներ միշտ էլ կան, դժգոհողներ կային նաեւ Միրզոյանի ժամանակ, եւ ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, եթե մարդն ուզում է ավելի լավ լինի, դա իր իրավունքն է»։

Ինչ վերաբերում է իրեն, Լեւոն Չաուշյանը նշում է, որ դեռ անցած ընտրությունների ժամանակ է հայտարարել, որ առաջադրվելու ցանկություն չունի, նույնը՝ նաեւ այս անգամ։ «Ես աշխատել եմ Միրզոյանի հետ 6 տարի, եղել եմ նրա տեղակալը, մինչ այդ՝ միության քարտուղարը եւ կարծում եմ՝ իմ պարտքը տվել եմ եւ օգտակար եղել եմ»,- ասում է նա ու հավելում, որ ժամանակի ընթացքում, անխոս, շատ ավելի երիտասարդ կադրեր են պետք․ «Էդվարդ Միրզոյանը երբ դարձավ միության նախագահ, եթե չեմ սխալվում՝ 35 տարեկան էր, բայց այսօրվա պայմաններն անհամեմատ ավելի բարդ են, քան այն տարիներին, եւ հմտությունն ու կյանքի փորձը շատ կարեւոր են այսօր»։

Թեեւ 20 օրից քիչ է մնացել համագումարին, բայց նախորդ անգամների պես, չկան քննարկումներ, խոսակցություններ, դա նշանակում է, որ ցանկացողնե՞ր չկան այդ պաշտոնի համար, թե՞ հնարավոր է պոտենցիալ թեկնածուները վերջին պահին ի հայտ գան։ Կոմպոզիտորի կարծիքով՝ 2 տարբերակն էլ հնարավոր է․ «Միգուցե չկան ցանկացողներ կամ շատ անտարբեր են, կամ էլ վերջին պահին անսպասելի ձեւով հնարավոր է ի հայտ գան, որը նույնպես պայքարի ձեւ է։ Մենք անցած համագումարին ընտրեցինք բացահայտ պայքարը, եւ համարում եմ դա ազնիվ մրցակցություն՝ պարզ ասելով, թե ինչ պահանջներ ունենք, ինչից ենք դժգոհ եւ ինչ ծրագրեր ենք իրականացնելու»։

Կոմպոզիտորների միությունն այսօր ունի շուրջ 150 անդամ, որի մի մասը, ըստ Չաուշյանի, բնակվում է արտերկրում, ըստ այդմ՝ նրանցից ընտրություններին կմասնակցի մոտ 100-ը։ Խոսելով միության անդամների տրամադրություններից, կոմպոզիտորը նշեց, որ բացահայտ ոչ մի դժգոհություն չկա, բայց անակնկալներ վերջին օրով միշտ էլ հնարավոր են։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X