ԵԾ-ն ընդդիմանում էր, ՀՀԿ-ն՝ hայհոյում, ԵԼՔ-ն էլ՝ թամաշա անում

>

«Երկիրն Ծիրանի» խմբակցությունը փորձում է ամեն ինչ անել ամիսներ առաջ խոստացած դժոխքը Երեւանի քաղաքապետարանում ապահովելու համար։ Թեեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի զգում իրեն դժոխքում, այնուամենայնիվ, այս երեք կանանց հաջողվում է Երեւանի ավագանու նիստում ինտրիգ մտցնել եւ ՀՀԿ-ականներին նյարդայնացնել։ Այսօրվա նիստին անգամ Տարոն Մարգարյանը չդիմացավ եւ նախազգուշացրեց՝ ավագանու նիստը խանգարող անդամին դուրս կհրավիրի նիստերի դահլիճից։

Այսօրվա գումարված հերթական նիստում քննարկվում էր 4 անձի «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու եւ 3 հոգու Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին հարցերը։ Բոլորին «Երկիր Ծիրանին» դեմ էր եւ դրա կապակցությամբ քննադատական ելույթներ էր ունենում, ինչն էլ դուր չէր գալիս ՀՀԿ-ի ավագանու անդամներին։ Այսօրվա նիստի «հերոսն» էլ ճարտարապետ, ՀՀԿ խմբակցության ավագանու անդամ Լեւոն Իգիթյանն էր, որը անընդհատ հայհոյում էր ԵԾ-ի ավագանու անդամներին։

«Երկիր Ծիրանիի» ավագանու անդամները իրենց նկատմամբ պահանջեցին հարգալից վերաբերմունք՝ շեշտելով, որ իրենք կին են։ Սրան հակադարձեց Իգիթյանը՝ ասելով․ «Ասում են՝ կնոջը վիրավորում են, քեզնից ի՞նչ կին, ա՛յ բոզ»։

Նրա կողքի նստած ՀՀԿ-ականները սկսեցին ուրախանալ Իգիթյանի խոսքերի վրա։ Նման մի իրավիճակ էլ ստեղծվեց այն ժամանակ, երբ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ԵԾ-ի անդամների վերաբերյալ խոսում էր Իգիթյանի հետ։ Վերջինս, դառնալով իր կողքին նստած ավագանու անդամ Կամո Հովհաննիսյանին, ասաց․ «Քաղաքաշինությունից ա խոսում, այ յիբյոմատ»։

«Երկիր Ծիրանիի» ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի խոսքերից վիրավորված՝ Հանրապետական խմբակցության անդամ Կամո Հովհաննիսյանը նշեց, որ պատրաստվում է դատի տալ Խաչատրյանին, քանի որ վերջինս, ըստ Հովհաննիսյանի, վիրավորել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ «Դուք իրավունք չունեք վիրավորել Երեւանի քաղաքապետին: Դուք ինչպե՞ս եք պատասխան տալու, որ ես ձեզ դատի տամ, ես պատրաստ եմ հենց վաղը ձեզ դատի տալու ձեր հերյուրանքների համար: Դուք ծիծաղելի հարցեր եք տալիս, եւ ես ձեզ զգուշացնում եմ, որ ես ձեզ դատի եմ տալու հերյուրանքների համար: Ոչ մեկ ձեզ եւ որեւէ մեկի իրավունք չի տվել ՀՀ նախագահին, ով ուզում է լինի, այդպիսի վիրավորանքներ հասցնել եւ Երեւանի քաղաքապետին, քաղաքապետարանի ավագանու նիստին, էդ իրավունքը ձեզ ոչ մեկ չի տվել»,-նշեց Հովհաննիսյանը։

Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ ելույթ ունեցավ՝ նշելով, որ, եթե որոշել են քաղաքային իշխանության կյանքը դժոխքի վերածել, ապա դա իրենց չի հաջողվելու․ «Ես այլեւս համոզված եմ՝ տհասության բնածին վկայականով Աստված ձեզ արդեն դարձրել է դժոխքի բաժին, մենք ձեզ դրախտ բերողը չենք։ Հաշվի առեք եւ ռեխներդ բացելուց առաջ քաղաքապետի անձի եւ մեր վաստակի եւ աշխատանքի հանդեպ հաշիվ տվեք ձեզ, որ կզրկվեք մի կտոր դրախտի այս բաժնից»:

Հանրապետական խմբակցության ավագանու անդամներից մեկն էլ Կամո Արեյանի խոսքից հետո ասաց. «Կերար, աղջի»:

Երբ քննարկվում էր «Vivacell MTS»-ի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին «Երեւանի պատվավոր քաղաքացու» կոչում շնորհելու մասին հարցը, ԵԾ-ից Մարինա Խաչատրյանը ելույթ ունեցավ՝ նշեց, որ Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անպատվաբեր է դարձել․ «Բազմաթիվ կոչումներ, մեդալներ եւ այլն, դրանք արդեն արժեզրկվել են, որովհետեւ տրվում են պատեհ, անպատեհ եւ այն մարդկանց կողմից, ովքեր քանդում են մեր քաղաքը, մեր երկիրը: Ես համարում եմ, որ ամոթ է, որ նման վաստակաշատ մարդիկ, այդ թվում նաեւ Ռալֆ Յիրիկյանը, նմանատիպ պարգեւ, նմանատիպ կոչում ստանա Երեւան քաղաքը քանդող քաղաքապետ Տարոն Մարգարյանի ձեռքից»։

Մարինա Խաչատրյանի այս խոսքին տեղից հակադարձեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը. «Դե վեր ընգի տեղդ, տո՛... վեր ընգի տեղդ»։ Փոխքաղաքապետի կողքին նստած ՀՀԿ-ի ավագանու մեկ այլ անդամ՝ Նաիրա Նահապետյանը, որն ավելի հայտնի է ՀԷԿ-երի Նաիրա անունով, Արեյանի խոսքից հետո ասաց․ «Դու ինչ մարդ ես, պետք ա աշխատել իմանաս»։

ՀՀԿ-ի եւ ԵԾ-ի այս թեժ խոսակցություններին կողքից լուռ հետում էին ԵԼՔ-ի անդամները, ինչպես նաեւ «Երկիր Ծիրանիից» ժամանակին պոկված ավագանու անդամներ Հայկ Պետրոսյանն ու Մնացական Պարակշիեւը, նրանք բավարարվում էին հարցերին միայն կողմ կամ դեմ քվեարկելով։

Նշենք, որ ավագանու որոշմամբ՝ բնակարաններ նվեր ստացան ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, վաստակավոր արտիստներ՝ Ռուդոլֆ Ղևոնդյանը և Սևակ Ավետիսյանը: Ժողովրդական արտիստներ Արտավազդ Փելեշյանը, Նարա Շլեպչյանը, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը և «ՎիվաՍել–ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը արժանացան «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը: Այս բոլոր հարցերին դեմ քվեարկեց «Երկիր Ծիրանի»-ին, կողմ՝ ՀՀԿ-ն և «Ելք»-ը: Վերջինս դեմ քվեարկեց միայն Ռազմիկ Դավոյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմում շնորհելու հարցին:

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X