Կյանքը ցույց կտա՝ դատավորները հինգ րոպեն մեկ իրենց խիղճը կապելո՞ւ են Բաղրամյան 26-ի հետ․ փաստաբան

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամների գործը մի քանի ամիս քննելուց հետո իշխանությունները որոշեցին այն բաժանել երեք մասի։ Այդ նպատակով անգամ դատավորներ գործուղեցին Էրեբունու դատարան։ Այդպիսով, «Սասնա ծռերի» ամբաստանյալներից 11 հոգու գործը կքննի Էրեբունու դատարանի նախագահ Արթուր Օհանյանը, 11-ի մասով գործը կքննի Արտուշ Գաբրիելյանը, մյուս 10 հոգու մասով գործը մակագրվեց Կենտրոնի դատարանից Էրեբունի գործուղված Մեսրոպ Մակյանին։ Այդ գործով անցնում են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը և Էդուարդ Գրիգորյանը։

Այս ընթացքում շատերն են հիշել, թե ինչպես ժամանակին «մասնատեցին» Մարտի 1-ին առնչվող «Յոթի գործը»․ Սասուն Միքայելյանի գործը քննվում էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, մյուս քաղբանտարկյալներինը՝ Երեւանի տարբեր դատարաններում։ Լրագրողներն էլ ստիպված էին դատարանից դատարան վազել, որպեսզի հասցնեն անջատված գործերով ընթացող դատական նիստերը լուսաբանել։ Ամիսներ անց էլ ԱԺ-ի հայտարարած համաներումով «Յոթի գործով» ազատազրկված քաղբանտարկյալներն ազատ արձակվեցին։

Քանի որ «Սասնա ծռեր» խմբի անդամների գործը հենց սկզբից անցավ թեժ մթնոլորտում, փաստաբաններն ըմբոստացան խուզարկության դեմ, խմբի անդամներն էլ իրենց հերթին ըմբոստացան դատարանի դահլիճում՝ ընդհուպ բանը հասցնելով իրենց նկատմամբ ծեծի ու ֆիզիկական հաշվեհարդարի, գործն, ըստ էության, երեք մասի բաժանելն արդեն հեռուն գնացող եզրակացությունների տեղիք է տվել։

«Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավլիկ եւ Արամ Մանուկյանների շահերը ներկայացնող փաստաբան Հարություն Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը չունի գործը ո՛չ վարույթ ընդունելու որոշումը, ո՛չ անջատելու որոշումը, ոչ մեկը չի ստացել։
«Նախաքննության փուլում մի քանի գործ միացրեցին, միացրեցին 2015թ․ ապրիլի գործը, որը վերաբերում էր իբր թե ապրիլի 24-ին կազմակերպվելիք զանգվածային անկարգություններին, հետո միացրեցին Ժիրայր Սեֆիլյանի գործը, իբր զենքեր էին ձեռք բերել։ Հետո անջատեցին Ժիրայր Սեֆիլյանի գործը, հետո այդ գործից մի մաս էլ անջատեցին, ուղարկեցին Չարենցավանի դատարան։ Հետո գործերն անջատեցին, սարքեցին 18 եւ 14, հետո այդ 18-ն ու 14-ն էլ կիսեցին, այդ երկու կեսը դատավոր Արտուշ Գաբրիելյանը վերցրեց իր վարույթում, մնացածները հանձնարարեց այլ դատավորների։ Այստեղ խնդիրն այլ դաշտում է․ ստացվում է, որ հանձնարարական են տվել դատավորին այդ գործը վերցնելու, եւ, եթե հանձնարարականը տվել են, ապա հանձնարարել են նաեւ, թե ինչպես պետք է դատի»,- ասաց Հարություն Բաղդասարյանը։

Փորձառու փաստաբանի դիտարկմամբ՝ գործերից մաս անջատելը նշանակում է «բաժանիր, որ տիրես»։ Իսկ դա, ըստ փաստաբանի, նշանակում է, որ առանձին-առանձին քննելու դեպքում ավելի շատ ազդեցություն կունենան այդ գործերը քննող դատավորների վրա։ Միաժամանակ նա դժվարացավ ասել՝ իրականում դա՞ է գործերից մասեր անջատելու նպատակը, թե՞ ոչ։ Նա ասաց, որ այդ ամենը կերեւա դատաքննությունը սկսելուն պես։

Հարություն Բաղդասարյանը նկատում է, որ քաղաքական իշխանությունները չեն կարողանում դատել «Սասնա ծռեր» խմբի անդամներին։ «Հիմա էդ դատավորները հինգ րոպեն մեկ գնալու են, իրենց խիղճը կապելու են Բաղրամյան 26-ի հետ, թե ոչ՝ կյանքը ցույց կտա»,- ասաց նա։ Նա հիշեցնում է, որ ժամանակին փաստաբաններն առաջարկել էին 18-ն ու 14-ը միացնել մեկ գործով, սակայն դատարանը գտել էր, որ դա նպատակահարմար չէ։

«Հիմա երեւի թե նպատակահարմար են գտել, որ պետք է կիսեն։ Եթե գործի վարույթն իրականացնում են դատավորներին կամ իշխանություններին նպատակահարմարության տեսանկյունից, ապա այստեղ չի կարող լինել արդարադատություն։ Բայց եթե դրա համար կան ավելի հիմնավոր պատճառներ, օրինակ՝ այս գործողություններում այս մարդիկ մասնակցել են, նրանք չեն մասնակցել, ես չգիտեմ։ Դժվար է ասելը, թե իրենք ինչ նկատի ունեն։ Իմ ենթադրությունն այն է, որ նրանք ելել են նպատակահարմարությունից, որպեսզի կարողանան հասկանալ, թե որ դատավորը ինչպես է քննում եւ ըստ այդմ էլ՝ իշխանությունը կարողանա հետեւություններ անել եւ մյուսներին էլ հանձնարարություններ տա, թե ինչպես վարվեն»,- ասաց փաստաբանը։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X