Նոր մանրամասներ «Վանաձոր» ՔԿՀ-ի պաշտոնյաների ձերբակալությունից

Երեկ հայտնի դարձավ, որ կաշառք պահանջելու և ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաև կաշառք տալուն օժանդակելու կասկածանքով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 5 ղեկավար պաշտոնատար անձինք և նրանց կաշառք տալուն օժանդակած անձը:

Մեզ հասած տեղեկություններով՝ իրավապահ մարմինները տեւական ժամանակ գաղտնալսումներ են կատարել, ինչի հիման վրա էլ ձերբակալել են նրանց։ Մեր աղբյուրները հայտնում են, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Գեւորգ Մկրտչյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նա հրաժարվել է նաեւ ցուցմունք տալուց։

Ի դեպ, Գեւորգ Մկրտչյանի մասին մենք մոտ մեկ տարի առաջ գրել էինք, երբ տան դիմաց պայթեցրել էին իրեն պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չէին եղել, իսկ տանը եղել է միայն Մկրտչյանը։ Մամուլը գրել է նաեւ․ որ Գեւորգ Մկրտչյանը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի խնամին է:

Վանաձորի մեր աղբյուրներն էլ պատմում են, որ Գեւորգ Մկրտչյանը ընկերոջ հետ դեռ տարիներ առաջ Լոռու մարզի Տաշիր քաղաքի (Նախկինում՝ Կալնինոյի) զինկոմին ծեծի է ենթարկել, որից հետո վերջինս մահացել է։ Ընկերը՝ Մարդոյան ազգանունով, պատիժը կրել է, իսկ ինքն ազատվել է պատասխանատվությունից։ Դեպքից հետո Մկրտչյանին հեռացրել են համակարգից, սակայն, նրան հաջողվել է այլեւայլ ճանապարհներով կրկին վերադառնալ։

ՔԿՎ հանրային կապերի բաժնից մեզ փոխանցեցին, որ Գեւորգ Մկրտչյանի պարտականությունները ժամանակավոր կստանձնի արդարադատության մայոր Վարուժան Եղիազարյանը։

Հիշեցնենք, որ քրեական գործով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը, օպերատիվ բաժնի պետը և նրանց կաշառք տված անձը: Ըստ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանը, պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանը, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանը, պատասխանատու հերթապահներ Արտակ Պարսամյանն ու Էդվարդ Քառյանը, ինչպես նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող այլ պաշտոնատար անձինք 2017 թվականի ընթացքում, նախնական համաձայնությամբ, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներից պարբերաբար պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ:

Դրա դիմաց դատապարտյալներին տրվել են տարբեր խցեր անարգել ելումուտ կատարելու, թղթախաղով զբաղվելու, թմրանյութ օգտագործելու, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր մտցնելու և այլ անօրինական գործողություններ կատարելու արտոնություններ:

Ուշագրավ է, որ տարածված հաղորդագրության մեջ կասկածյալների անուն, ազգանունները ամբողջությամբ նշված են, ինչը անմեղության կանխավարկածի խախտում է, առավել եւս՝ բազմաթիվ պաշտոնյաների դեպքում իրավապահները սովորաբար խուսափում են անուններ հրապարակել նախքան մեղադրանքի առաջադրումը։

Մեկնաբանություն
X