Կնոջը ո՞նց կարելի ա ծեծել, կնոջը պետք ա գնդակահարել. Շմայս

Հանուն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ գլուխներ կտրելու եւ բռնաբարելու ցանկություն հայտնած ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքից ոչ մի տեղեկություն չունի, բայց կանանց ծեծի հետ կապված՝ դեմ չէ, ավելին՝ գնդակահարելն էլ սխալ չի համարում, եթե կինը դավաճանել է։

- Պարոն Մովսիսյան ինչպե՞ս եք վերաբերվում «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքին:

  • Էդ ի՞նչ օրենք ա, տեղյակ չեմ:

- Դե, որ ամուսինը կնոջը, երեխային չծեծի, ծեծը կանխարգելվի, նման խորհուրդ ստեղծվի եւ այլն:

  • Էրեխուն ո՞նց կարելի ա ծեծել:

- Դեմ եք, այսինքն, ծեծին:

  • Ես տենց բան չասեցի, ես ասում եմ՝ էրեխուն ո՞նց կարելի ա ծեծել:

- Իսկ կնո՞ջը:

  • Կնոջը, իհարկե, Աստված չանի, մի դեպքում՝ եթե դավաճանել ա: Կարելի ա գնդակահարել, թե չէ՝ ծեծել չի կարելի:

- Մեր մտավորականների մի մասը դեմ է, ասում են՝ մտնում եք եկեղեցի, քանդում եք սրբության սրբոցը, մեր խորան, ընդվզման կոչեր են անում: Ի դեպ, Սեդրակ Մամուլյանն էլ ասել էր, որ հոր ապտակը դաստիարակիչ նշանակություն ունի:

  • Հա, ճիշտ ա ասում, բա որ էրեխեն հորից չվախենա, էլ ի՞նչ հեր: Մինչեւ 18 տարեկանը էրեխուն հերը պտի դաստիարակի, դրանից հետո բանակում՝ կամանդիրները: Բա, իհարկե, պտի դաստիարակես, թեկուզ հայացքով, խոսքով, բայց պտի դաստիարակես, որ ուղարկես բանակ, արդեն կամանդիրները դաստիարակեն: Դե, ծեծն էլ… բա ո՜նց, պտի վախենա, որ չծեծես: Էդ էլ ա պետք: Մեր ազգն առանց ծեծելու չի դիմանա:

- Ինչի մենք մազոխի՞ստ ենք:

  • Մազոխիստ չենք, բայց չարություն անողը, այո, պետք է իմանա՝ ինչ է նշանակում հայրական ապտակ: Եղա՞վ:

Անի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X