Մամուլի տեսություն

«Ժամանակ». Ի՞նչ պարզաբանում կտա թուրքմենական գազի կապակցությամբ Երևանը

«Ժոմանակը» գրում է. ««Իրանի նավթի փոխնախարար Ամիրհոսեյն Զամանինիային հայտարարել է, որ Թեհրան կատարած այցի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը քննարկել է Իրանից գազ գնելու, նաև Իրանի տարածքով թուրքմենական գազն, այսպես կոչված, սվոփ, այսինքն՝ փոխանակման եղանակով Հայաստան տեղափոխելու հարցերը:

Խոսքն այն մասին է, որ Թուրքմենստանը գազ է մատակարարում Իրան, իսկ Իրանը նույն ծավալի գազ է մատակարարում Հայաստան: Հայկական կողմը վարչապետի իրանական այցի համատեքստում չի խոսել այդ մասին քննարկումների շուրջ: Թուրքմենական գազի շուրջ քննարկումների մասին չի խոսվել նաև Հայաստանի նախագահի և վարչապետի թուրքմենական այցերի, նաև Թուրքմենստանի նախագահի՝ Հայաստան այցի ընթացքում: Որ քննարկվում է այդ հարցը, առաջին անգամ ասում է իրանցի նախարարը:

Ի՞նչ պարզաբանում կտա այդ կապակցությամբ Երևանը, կհաստատի՞, որ քննարկվում է այդ հարցը: Մյուս կողմից էլ՝ հարց է առաջ գալիս, թե ինչո՞ւ է Երևանը քննարկում թուրքմենական և իրանական գազ գնելու հարցը: Իհարկե, այդ հարցադրումն առաջանում է այն համատեքստում, որ Հայաստանը գազ է գնում «Գազպրոմ»-ից, և հաշվի առնելով թե՛ հայ-ռուսական հարաբերության բնույթը, թե՛ «Գազպրոմ»-ի հետ ունեցած պայմանագիրը՝ թուրքմենական և իրանական գազի շուրջ բանակցությունը փաստորեն տեղի է ունենում «Գազպրոմ»-ի շահի հաշվին:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X