Վիգեն Սարգսյանը կանգնել է բանակում մարդաքանակ ապահովելու խնդրի առաջ

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը որոշել է ԱԺ-ում «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր կարգավորումներ մտցնել։ Դրա համար երեկ խորհրդարանական լսումներ էին հրավիրել, որի մասնակիցների կազմը մի քիչ տարօրինակ էր, քննարկումն էլ՝ բովանդակային առումով, բավականին վիճելի ու պաթոսային։ Դահլիճը նախ կիսադատարկ էր։ Ամեն խմբակցությունից ներկա էր մի քանի պատգամավոր, ոչ բոլորը։ Հրավիրված էին նաեւ ԵԿՄ-ականներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հելսինկյանից Արթուր Սաքունցն ու Ավետիք Իշխանյանը։

Այստեղ էր նաեւ նախկին պատգամավոր, սկանդալային Ռուբիկ Հակոբյանը, որի ելույթը նիստը վարող ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը կարոտաբաղձ հառաչներով դիմավորեց․ «Կարոտել էինք Ձեր ելույթները, պարոն Հակոբյան»։

Ելույթների մեծ մասը Վիգեն Սարգսյանի ու նրա նոր նախագծերի գովերգումն էր՝ «Ես եմ» ու «Պատիվ ունեմ»։ Հնչեցին նաեւ քվազիհայրենասիրական հարցադրումներ ու պաթոսախեղդ ելույթներ։ Միայն Ավետիք Իշխանյանն ու Արթուր Սաքունցն արտահայտեցին իրենց հստակ դիրքորոշումներն ու դժգոհությունը օրենքի փոփոխությունների վերաբերյալ։ Եթե կարճ ձեւակերպենք, ապա պաշտպանության նախարարությունն այս փոփոխություններով փորձում է օրենքի ուժով բոլորին տանել բանակ եւ առաջնագծում մարդաքանակ ապահովել։ Դրա համար առաջարկում է վերացնել տարկետումը եւ ստիպել, որ ուսանողները, տարիքը լրանալուն պես, անխտիր գնան ծառայության։ Սա, սակայն, չի վերաբերում հոգեւորականներին, ճեմարանում ուսանողները կշարունակեն արտոնյալ համարվել։ Ըստ էության՝ գործող իշխանությունը վերջին տարիներին կանգնել է փաստի առաջ ու փորձում է արտագաղթի հետեւանքները փոքր-ինչ մեղմել այս նախագծերով։ Վիգեն Սարգսյանին առաջադրանք է տրվել՝ բանակում մարդաքանակ ապահովել։ Իհարկե, «բոլոր» ասելով՝ դեռ չի նշանակում, թե քաղաքական վերնախավի արտոնյալների զավակները դրա մեջ մտնում են։

Ավետիք Իշխանյանն իր ելույթում բարձրացրեց սոցիալական անհավասարության հարցը՝ նկատելով, որ եթե բուհ ընդունվածներին ուղարկում եք պարտադիր ծառայության, ինչո՞ւ ճեմարանում սովորողներին էլ չեք ուղարկում։ Ինչո՞ւ պիտի նրանք էլ մաս չկազմեն երկրի պաշտպանությանը։ Նա անգամ մի օրինակ բերեց․ «Կոնկրետ դեպք գիտեմ, անունը չեմ տա, բայց վստահեցնում եմ, որ դա ճիշտ է։ Ռուսաստանում ապրող մեկը, երբ իր երեխան զորակոչի տարիքին էր, գլուխ գովելով ասաց՝ հարցը լուծեցի, տղաս ընդունվեց ճեմարան, այլեւս բանակ չեն տանի»։

Արթուր Սաքունցն էլ կարծում է, որ այս կարգավորումներով արմատապես փոխվում է վերաբերմունքը զինվորական ծառայության կազմակերպման նկատմամբ, քանի որ զորակոչի ժամանակ տարկետումների ամբողջ ինստիտուտը հանվում է։ Թեպետ որոշակի բացառությունների տեղ թողնում են, որոնք պետք է արվեն կառավարության որոշմամբ։

«Հիմնական խնդիրը, այն սահմանադրական նորմը, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, այս պաշտպանություն հասկացությունը նույնականացվում է միայն զինվորական ծառայության հետ։ Չէ՞ որ պաշտպանություն ասվածը նաեւ կրթությունն է, սոցիալական ապահովությունն է, տնտեսական զարգացումն է, էներգետիկան։ Եվ երբ որ չկան այս ամենի կոմպոնենտները, եւ դեմոգրաֆիկ վիճակն էլ բավական անմխիթար է, այս օրենսդրական կարգավորման միջոցով լուծում են միայն մեկ խնդիր՝ թվակազմի ապահովումը»։ Ուստի Սաքունցը կարծում է, որ նախ պետք է վերացնել այն պատճառները, որոնք հանգեցրել են դեմոգրաֆիկ վիճակի վատթարացմանը։

Նկատեցինք, որ մեր իշխանությունների համար այսօր թերեւս ավելի հեշտ է օրենսդրական փոփոխությամբ բանակում թվակազմ ապահովելը, քան երկարաժամկետ սոցիալական ռեֆորմներ անելը։ «Կներեք, բայց այն քաղաքականությունը, որը հիմա տարվում է, որն էլի դեմոգրաֆիկ վիճակն ավելի է վատթարացնում, դուրս է գալիս, որ անընդհատ դեմոգրաֆիկ, տնտեսական, ֆինանսական ռեսուրսներն ավելի են սահմանափակվում, եւ սա միտված է անընդհատ նեղ ու սահմանափակ ռեսուրսների պարագայում էլի ապահովի առավելագույն քանակ։ Բայց մի օրենքը չի կարող փրկել, այստեղ մի ամբողջ փաթեթ է պետք։ Այսինքն՝ էս օրենքով բոլորը բանակում են լինելու։ Հացթո՞ւխ ես ունենալու, բժի՞շկ ես ունենալու, գիտնակա՞ն ես ունենալու, դասախոս, դպրոցի ուսուցի՞չ ես ունենալու»,- մեզ հետ զրույցում ասաց Սաքունցը։

Իրավապաշտպանը նկատում է, որ պետք է բանակը համալրվի պայմանագրային զինծառայողներով, իսկ դրա համար պետք է բարձրացվի նրանց սոցիալական պաշտպանվածության մակարդակը․ «Տեսեք, նախագծի 6-րդ գլուխը վերաբերում է զինծառայողների սոցիալական ապահովության խնդիրներին։ Եվ բոլորի վերաբերյալ նշվում է՝ կառավարության որոշմամբ սահմանված չափով։ Կներեք, ո՞րն է այդ չափուսահմանը»։

Ինչ վերաբերում է տարկետմանը, Սաքունցը կարծում է, որ մարդիկ, որոնք ուզում են սովորել, պետք է թույլ տալ նրանց ավարտել իրենց ուսումը։ Այստեղ հիշեցրինք պաշտպանության նախարարի արդարացումները, թե ինչպես է ստացվում, որ առաջնագծում հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների զավակներ են ծառայում։ Նախարարը դա բացատրել էր նրանով, որ հարուստների երեխաները բուհ են ընդունվում, հետո էլ, գուցե, մեկնում են արտերկիր՝ ուսանելու, ու այդպիսով չեն մեկնում ծառայության։ «Ուրեմն, եթե մարդն ընդունվում է ուսումնական հաստատություն, դու պետք է նրան հնարավորություն տաս ուսումն ավարտելու։ Եթե դու կասկածում ես, որ էնտեղ կոռուպցիա կա, ուրեմն կոռուպցիայի դեմ պայքարի, բայց այդ պայքարը չպետք է տարվի գլխատելու միջոցով, գիլյոտինի մեթոդով»,- կարծում է իրավապաշտպանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X