Այո, մենք էլ ենք փաստի առաջ կանգնել

Մամուլին առնչվող օրենսդրական վերջին փոփոխություններից այն տպավորությունն է ստեղծվում, թե իշխանությունները, ի դեմս արդարադատության նախարարության, ընկել են լրատվամիջոցների ու լրագրողների հետեւից եւ փորձում են սահմանափակել նրանց ազատությունը։ Խոսքը, մասնավորապես, դեռեւս նախորդ նախարարի օրոք «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքից գաղտագողի մեզ համար կարեւոր մի դրույթ հեռացնելու մասին է, որով անձնական բնույթի տվյալների հավաքագրումը դառնում է գրեթե անհնարին, ինչպես նաեւ՝ վերջերս աղմուկ հանած «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխությունների նախագծի, որով փորձում են լրագրողական հարցումներին պատասխանելու եւ այլ հարցերում սահմանափակումներ մտցնել։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում այս տենդենցներին։

«Վերաբերմունքս միանշանակ է՝ լրագրողը պետք է մասնագիտորեն միշտ պաշտպանված լինի։ Որքան քիչ պաշտպանենք լրագրողին, այնքան ավելի կմեծանան լրագրողի նկատմամբ հետապնդումները, ոտնձգությունները։ Դրա համար, ով ուզում է լինի, պետք է գործեն հստակ պատասխանատվության մեխանիզմներ, եւ այդ առումով որքան արդյունավետ կիրառվեն պրակտիկայում, այնքան ավելի հեշտ կկանխարգելվեն հետագա ապօրինությունները»,- ասաց պարոն Թաթոյանը։

- Օրինակ՝ Դուք ի՞նչ արեցիք, երբ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքից հանվեց մեզ համար կարեւոր մի դրույթ՝ առանց մեզ հետ դա քննարկելու։

  • Մեզ հետ էլ քննարկում չի եղել։ Հիմա մենք արդեն պրակտիկայի ուսումնասիրություն պետք է անենք, եւ եթե հակասություններ լինեն, պատրաստ ենք առաջարկել նաեւ օրենսդրական փոփոխություններ։

- Դուք Ձեր մտահոգությունը գոնե հետին թվով չհայտնեցի՞ք, թե ինչու են առանց քննարկման նման փոփոխություն անում։

  • Այո, Դուք ճիշտ եք ասում։ Հիմա պետք է հասկանանք, տեսնենք՝ ուսումնասիրությունը պրակտիկայում ինչի՞ կհանգեցնի, որովհետեւ ոչ բոլոր օրենսդրական դրույթներն են, որ տեսականորեն կարող են հանգեցնել սահմանափակումների։ Այդ կոնկրետ դրույթների հետ կապված՝ մենք հիմա կոնկրետ ուսումնասիրում ենք։ Այս պահին դեռ չունենք նման պրակտիկա, չէ՞ որ լրագրողը կբարձրացներ այդ հարցը։ Հիմա մենք պատրաստ ենք խնդիր առաջանալու դեպքում անգամ օրենսդրական առաջարկով հանդես գալու։

- Պարզապես քայլը կատարվում է, ոչինչ չենք անում եւ վերջում փաստի առաջ ենք կանգնում բոլորս։

  • Այո, մենք էլ ենք փաստի առաջ կանգնել, չենք իմացել։

- Սա կոնկրետ գերատեսչության կողմից նաեւ Ձեր կառույցի հանդեպ անհարգալից վերաբերմունքի խնդիր չէ՞, արդյոք, որ նախարարությունը թքած ունի այլոց կարծիքների վրա եւ ինքնագործունեությամբ է զբաղված։

  • Ընդամենը մեկ բառով պատասխանեմ, որ պրակտիկայում խնդիր առաջանալու դեպքում պատրաստ ենք, բնականաբար, միջամտել՝ այդ թվում օրենսդրական առաջարկներ ներկայացնելու ձեւով։ Այն, որ այդ փոփոխությունը չի քննարկվել մեզ հետ, դա փաստ է։

- Իսկ վերջերս աղմուկ հանած «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխությունների նախնական տարբերակի նախագծի մասին ի՞նչ կասեք։

  • Դա դեռ քննարկման փուլում է, դրա մեջ մենք ներգրավված ենք, առաջին քննարկման ժամանակ հանդիպել ենք բոլոր ներկայացուցիչների հետ, մտահոգություններ մենք էլ ենք ներկայացրել, դրա համար կանգնեց դա։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X