Կողմ է քվեարկել 43, դեմ՝ 57 տոկոսը

Երեկ, ժամը 19-ի դրությամբ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» նախագծին կողմ էր քվեարկել այցելածների 43, դեմ՝ 57 տոկոսը: Նախագիծը բավական ակտիվ քննարկվում էր, եւ նախագծին կից ներկայացված էին մի քանի տասնյակ առաջարկներ ու կարծիքներ:

«Ընտանիքի պաշտպանություն» ՀԿ-ի անունից նախագծի տակ ներկայացված է գրառում՝ հետեւյալ բովանդակությամբ. «Սույն օրենքը մերօրյա սին համակարգում հիմնովին փոշիացնելու է հայ ավանդական ընտանեկան ավանդույթները՝ միաժամանակ լինելով գործիք որոշում կայացնողի համար, որպեսզի պատժեն բարեփոխումների համար պայքարող քաղաքացիներին: Իսկ վաղը, մյուս օրը երեւի օրենք կլինի հոր եւ մոր փոխարեն ծնող թիվ մեկ կամ ծնող թիվ երկու: Առաջարկում եմ բավարարվել գործող օրենքներով եւ մեխանիզմ մշակել այն կիրառելու համար»:

Արամազդ Գրիգորյան անուն-ազգանունով անձն էլ գրել է. «Սա հայաթափության, երեխաներին մեզնից օտարելու չարագործ ծրագիր է: Իմ հայ եղբայրներ եւ քույրեր, խնդրում եմ, աղաչում եմ՝ ամեն ձեւով կանխեք այս վտանգը, վաղն արդեն ուշ կլինի»: Բացի թախանձագին կոչերից, որոշ կանխատեսումներ էլ կան, թե սոցիալական ծառայություններն ու ՀԿ-ները շահագրգռված են այս օրենքի ընդունմամբ, որպեսզի հնարավորինս շատ երեխաներ օտարեն եւ որքան կարելի է՝ շատ ֆինանսավորում ստանան:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, որը նույնպես մոտ մեկ տասնյակ առաջարկներ է ներկայացրել օրինագծի հեղինակներին, հիմնական հակաքարոզչությանը, որ նախագիծը Հայաստանում յուվենալ արդարադատության հիմք է ստեղծում, պատասխանում է՝ մեջբերելով Ընտանեկան օրենսգրքի 59-րդ հոդվածը, ըստ որի՝ ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից, եթե նրանք․
ա) չարամտորեն խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց, ընդ որում՝ ալիմենտ վճարելուց, բ) առանց հարգելի պատճառների հրաժարվում են վերցնել իրենց երեխային ծննդատնից կամ բժշկական այլ կազմակերպությունից, ինչպես նաեւ դաստիարակչական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից, գ) չարաշահում են իրենց ծնողական իրավունքները, ընդ որում՝ իրենց հակաբարոյական վարքագծով վնասակար ազդեցություն են գործում երեխաների վրա, դ) դաժանաբար են վարվում երեխաների հետ, ընդ որում՝ ֆիզիկական կամ հոգեկան բռնություն են գործադրում նրանց նկատմամբ, ոտնձգում են նրանց սեռական անձեռնմխելիությանը, ե) տառապում են քրոնիկ ալկոհոլամոլությամբ կամ թմրամոլությամբ, թունամոլությամբ, զ) կատարել են իրենց երեխաների դեմ դիտավորյալ հանցագործություն։

Ընդ որում՝ սա ամենեւին միակ օրենքը չէ, որ կարող է սահմանափակել ծնողական իրավունքները, եթե ընտանիքում կա բռնություն:

Ի դեպ, այդ լիազորությամբ են օժտված նաեւ խնամակալության եւ հոգաբարձության մարմինները, որոնք, համաձայն ՀՀ կառավարության թիվ 631 որոշման, իրավունք ունեն երեխային օտարել ընտանիքից կամ նախաձեռնել բռնություն գործադրող որեւէ ծնողին ծնողական իրավունքներից զրկելու գործընթաց՝ երեխայի կյանքին կամ առողջությանն անմիջական վտանգ սպառնալու դեպքում:

Անի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X