Կրկին հին տաշտակը

Հոկտեմբերի 6-ին կայացել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի հերթական համագումարը, որի ժամանակ նախագահի ընտրությունն առաջին անգամ անցկացվել է բաց քվեարկությամբ։ Մասնակից 110 պատվիրակներն առանց «դեմ» եւ «ձեռնպահի» ընտրել են կոնֆեդերացիայի գործող նախագահ եւ միակ թեկնածու 70-ամյա Էդուարդ Թումասյանին, որն այդ պաշտոնում վերընտրվել է արդեն երրորդ անգամ։ Մինչդեռ Արհմիությունների կոնֆեդերացիան ձեւավորող ճյուղային արհմիությունների մեծ մասում վճռական են տրամադրված եղել փակ-գաղտնի քվեարկության արդյունքում անվստահություն հայտնել գործող նախագահին, որը վաղուց կառույցն անգործության է մատնել եւ, ըստ որոշ արհկոմների, իր դարն ապրել է։ Թումասյանը, թերեւս կանխազգալով իր դեմ հասունացող բողոքի ալիքը, գտել է այն շրջանցելու ձեւը՝ համագումարն անցկացնելով կուսակցական համագումարների նման։ Ի դեպ, Թումասյանի մամլո խոսնակը մեզ հայտնեց, որ նախագահը ցանկություն չունի մեզ հետ խոսելու՝ իր մասին նախորդ հրապարակումների պատճառով։ Նա առաջարկել է, որ մենք հարցազրույց վերցնենք իր դեմ նյութերի «պատվիրատուներից»։ Հիշեցնենք, որ համագումարից առաջ մենք ընդամենը գրել էինք, որ ճյուղային արհմիություններում Թումասյանի նկատմամբ առկա դժգոհություններ կան, եւ, օգտվելով ընտրությունների պատեհ առիթից, մարդիկ ուզում են նրան «գահընկեց» անել՝ երիտասարդ, թարմ մարդ ընտրել, որը կկարողանա բեկում մտցնել եւ Արհմիությունների կոնֆեդերացիան ծառայեցնել բուն նպատակին՝ աշխատողների իրավունքների իրական պաշտպանությանը։

Մեկնաբանություն
X