Նախարարը հորդորում է ուշադիր ընթերցել օրենքի նախագիծը

Օրեր առաջ Կինեմատոգրաֆիստների միության համագումարի ժամանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը միության անդամներին եւս մեկ անգամ հորդորեց ուշադիր ընթերցել «Կինոյի մասին» օրենքի նախագիծը եւ ուղարկել իրենց առաջարկությունները՝ օրենքում ներառելու համար։ Նաեւ հավատացրեց, որ դրանք անպայման հաշվի կառնվեն։ «Մինչեւ այսօր ստացել ենք շատ քիչ քանակի առաջարկություններ, ինչի համար շատ եմ ցավում։ Ես շատ ուրախ եմ, որ կա այդ անհանգստությունը եւ մտահոգությունը օրենքի նախագծի վերաբերյալ»,- ասաց Ամիրյանը։

Մեր դիտարկմանը, որ կինոգործիչների կարծիքով անհարկի շտապողականություն է նկատվում օրենքը մինչեւ տարեվերջ ընդունելու հարցում, նախարարը պատասխանեց․ «Ես չեմ կարծում, որ մենք շտապում ենք, որովհետեւ վերջին մեկ տարվա ընթացքում բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, պատրաստ ենք եւս քննարկելու, բայց ես կուզեի, որ այս տարի մենք ավարտենք քննարկումները եւ այն շրջանառենք սկզբում կառավարությունում, հետո՝ Ազգային ժողովում։ Ինչ վերաբերում է մտահոգություններին, որ օրենքը վերաբերում է միայն արտասահմանյան կինոարտադրությանը, ես դրա հետ համամիտ չեմ եւ կարծում եմ՝ կարծիք հայտնողները լավ չեն ծանոթացել օրենքի նախագծին։ Մենք խոսում ենք ընդհանրապես կինոինդուստրիայի զարգացման մասին, եւ մեր իրականության մեջ այսօր բացակայում են արտասահմանյան կինոարտադրությունը Հայաստանում կազմակերպելու դրույթները եւ դրա հետ կապված բոլոր գործառույթները։ Մենք պարզապես ուզում ենք կանոնակարգել եւ օրենքի կետով փորձել այդ գործառույթը եւս օգտագործել ի շահ հայաստանյան կինոարտադրողների։ Եթե կարողանանք ճիշտ ձեւով կազմակերպել արտասահմանյան կինոարտադրությունը Հայաստանում, դրանից ստացած եկամուտները եւս ուղղվելու են հայրենական կինոյի զարգացմանը։ Ինչ վերաբերում է օրենքում նշված աջակցություններին, պետք է ասեմ, որ օրենքում նման աջակցության մասին չի կարող նշվել, աջակցությունը որոշված է կառավարության ծրագրով եւ բյուջեով։ Յուրաքանչյուր տարի 300 մլն․ դրամի սուբսիդիա է հատկացվում տեղական կինոարտադրողներին, իսկ դա մեր կառավարության համար բավականին լուրջ քայլ է, որ տրամադրվում է կինոյի զարգացմանը։ Դրսի նկարահանումները Հայաստանում կարող են նպաստել տեղական արտադրությանը եւ առաջին ու երկրորդ էշելոնի մասնագիտությունների տեր մարդկանց նոր գործ ապահովելու համար, ինչպես նաեւ համատեղ կինոարտադրություններ սկսելու, նոր կապեր հաստատելու եւ ֆիլմերը դրսում վաճառելու համար։ Այնպես որ՝ «Կինոյի մասին» օրենքն ուղղակիորեն չպետք է նշի տեղական կինոարտադրության զարգացման հարցը, այն ընդհանրապես կինոարտադրության զարգացման խնդիրներն է շոշափում»։

Ամիրյանը նկատեց, որ պետք է մտածել նաեւ մանկական կինո ունենալու շուրջ, որից հետո մանկական կինոսրահներ ինքնաբերաբար կստեղծվեն։ Նա ուրախությամբ հայտնեց, որ առաջիկայում ծրագրում են Վախթանգ Անանյանի «Հովազաձորի գերիները» ստեղծագործության հիման վրա նկարահանել նոր 4 մասանոց ֆիլմ, որի յուրաքանչյուր մասը որպես առանձին ֆիլմ է ներկայանալու։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X