Մալկովիչն ընթերցեց «Մատյան ողբերգությունից» հատված (լուսանկարներ)

>

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին Երևանում մեկնարկեց Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը, որի պատվավոր հյուրն էր հոլիվուդյան աստղ Ջոն Մալկովիչը, ով հայաստանյան համերգի ընթացքում հայ հանդիսատեսին ներկայացրեց հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ։ Մալկովիչին բեմում նվագակցում էր դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։

Մինչ այդ, լրագրողների հետ հանդիպման ընթացքում Մալկովիչը խոստովանել էր, որ երաժշտությունը, որի ներքո պետք է հնչի այս կամ այն գրական գործը, բավական դժվարությամբ է ընտրում, երաժշտական գործը բազմաթիվ անգամներ է լսում՝ մինչև դրան զուգահեռ տեքստ համակցելը․ «Տեքստը երաժշտության հետ համադրելը մարտահրավեր է։ Մենք ուզում էինք զուգակցել տեքստն ու երաժշտությունը: Իհարկե, այնպես չէ, որ տեքստը պետք է փոխարինի երաժշտությանը, ոչ, տեքստը պետք է լրացնի երաժշտությանը: Ստացվելիքի իմաստը, կարծում եմ, այնպիսին կլինի, ինչպիսին յուրաքանչյուրը կընկալի: Երաժշտությունը պարանոյայի տարրեր է պարունակում՝ Սաբատոյի տեքստն էլ այդպիսին է։ Սաբատոյի հիմնական ասելիքը ստեղծագործության մեջ այն է, որ աշխարհը կառավարում են կույրերը, և սա, բնականաբար, փոխաբերական իմաստով է ասվում։ Սաբատոյի ստեղծագործությունն արժեքավոր գործ է, որին միշտ կարող ես վերադառնալ, ինչպես, առհասարակ, արվեստի մեծ գործերի դեպքում է: Հարատև են այն գործերը, որոնք խորությամբ են դիպչում մարդկանց»,- նշել էր Մալկովիչը:

Երեկոյի ընթացքում Ջոն Մալկովիչը հայ հանդիսատեսի համար նաեւ անակնկալ էր պատրաստել, նա կարդաց Նարեկացու «Մատյան ողբերգությունից» մի հատված, որը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի դիտարկմամբ ի սկզբանե նախատեսված չի եղել, բայց շատ են կարեւորել, որ այն տեղ գտնի ծրագրում, ինչին սիրով համաձայնել է դերասանը․ «Դա նաեւ իր վերաբերմունքն է Հայաստանի հանդեպ»։

Մալկովիչի ձայնի դրամատիզմը, դերասանական վարպետությունը, խոսքի զսպվածությունն ու էմոցիոնալ պոռթկումները՝ թե Սաբատոյի գործն ասմունքելիս եւ թե Նարեկացու «Մատյան ողբերգությունն» ընթերցելիս, մեծ տպավորություն գործեցին հայ հանդիսատեսի վրա։

Մեկնաբանություն
X