Ջավախքում եւ Արցախում իրավիճակը հնարավոր է սրվի

Մեր քաղաքագետները, պաշտոնյաները եւ պատգամավորները վերջին տասը տարում երբ անդրադառնում էին Կարս-Ախալքալաք երկաթուղուն, անպայման նշում էին, որ այն շրջափակելու է Հայաստանը: Կարծես թե մեր երկիրը վատ է շրջափակված, եւ հնարավոր է էլ ավելի խստացնել այդ մեկուսացումը: Ասենք՝ չթողնել, որ թռչունները թռչեն-անցնեն Հայաստան-Ադրբեջան կամ Հայաստան-Թուրքիա սահմանի վրայով: «Շրջափակում» բառը, սակայն, իրոք որ սազում է այդ երկաթուղուն՝ Կարս-Ախալքալաքը մասնակիորեն, բայց շատ աղետալի ձեւով շրջափակելու է... Ռուսաստանը: Այո, Ռուսաստանը, որը զրկվելու է հարյուր տարուց ավելի ունեցած իր մենաշնորհից՝ Տրանսսիբիրյան երկաթուղով Արեւելքն Արեւմուտքին կապող միակ ցամաքային ճանապարհից, որը հաջողությամբ մրցակցում էր Սուեզի ջրանցքով անցնող ծովային ուղու հետ:

Մետաքսի ճանապարհի կառուցումը հնարավորություն է տվել ստեղծել Չինաստան-Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Եվրոպա ուղի, որը շատ ավելի կարճ է, քան Ռուսաստանով անցնողը: Բացի այդ, գաղտնիք չէ, որ Ռուսաստանի երկաթուղիներն աշխարհի ամենաթանկ եւ ամենադանդաղաշարժ երկաթուղիներից են: Այնպես որ, Արեւելքից՝ մասնավորապես, Չինաստանից, Միջին Ասիայից եւ Հարավային Կովկասից Եվրոպա տարվող բեռներն այլեւս պարտավոր չեն լինի տարանցվել ՌԴ տարածքով: Դա մեծ հարված կլինի Ռուսաստանին: Եվ այդ վտանգից այժմ կարող են փրկել միայն Մետաքսի ճանապարհի որեւէ հատվածում ծագած ոչ ստաբիլ վիճակը, հակամարտության առաջացումը կամ պատերազմը: Հիշեցնենք, որ ժամանակին նաեւ այդ պատճառով խափանվեց ՏՐԱՍԵԿԱ ծրագիրը: Բայց Չինաստանում եւ Ղազախստանում իրավիճակը կայուն է: Մնում են Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան: Վերջինիս քրդաբնակ տարածքներում իրավիճակը վերահսկում են բանակն ու անվտանգության ուժերը, որոնց հաջողվել է ճնշել իրենց տարածքում գործող, նաեւ հարեւան երկրներից Թուրքիա ներթափանցող քուրդ ապստամբներին: Հետեւաբար, մնում են Ջավախքը եւ Արցախը՝ հույսը հայերն են, որոնք, հնարավոր է, հերթական անգամ գայթակղվեն ու խաղաքարտին դնեն հայրենիքում ապրելու եւ ընդհանրապես կենդանի մնալու իրենց իրավունքը: Հնարավոր է, որ մենք նորից դառնանք մանրադրամ, մեզ չվերաբերող խաղերի զոհ: Եվ դա այն դեպքում, երբ Կարս-Ախալքալաք երկաթուղին, որն ավարտելու է Ռուսաստանի մասնակի շրջափակման գործընթացը… ապաշրջափակելու է Հայաստանը: Այն ձեռնտու է թե՛ ջավախահայերին, թե՛ հայաստանցիներին: 2007 եւ 2008 թվականներին ես հայերեն եւ ռուսերեն լեզուներով մի քանի հոդված եմ տպագրել Caucasustimes.com, Hetq.am եւ Lragir.am ինտերնետային լրատվամիջոցներում՝ ապացուցելով, որ այդ երկաթուղու կառուցման շնորհիվ Հայաստանին հաջողվելու է ճեղքել շրջափակումը: Նաեւ պնդել եմ, որ կշահեն Վրաստանը, Հայաստանը, Ջավախքը եւ Թուրքիան, իսկ Ադրբեջանը կտուժի: Կտուժի կրկնակի, քանի որ հենց Բաքուն էր հիմնականում ֆինանսավորում այդ երկաթուղու կառուցումը:

Այսինքն՝ Բաքուն իր իսկ ձեռքով, իր իսկ միջոցների հաշվին կվերացնի Հայաստանի շրջափակումը: Երեւանը երկաթուղային կապ կունենա Եվրոպայի հետ, եւ մեզ համար փակ կմնան միայն Ռուսաստան տանող երկաթուղիները:

Ինչ կլինի, երբ սկսի գործել Կարս-Ախալքալաքը

Այլեւս անհրաժեշտ չի լինի Հայաստանից բեռները երկաթուղով տեղափոխել Բաթումի եւ Փոթի, այնտեղ բեռնաթափել, բարձել թանկ սակագին ունեցող լաստանավերի վրա, որպեսզի հասցնեն Բուլղարիա, Ռուսաստան կամ Ուկրաինա, հետո նորից բեռնաթափել ու բարձել երկաթուղային վագոններ՝ Եվրոպայի մյուս երկրներ հասցնելու համար: Այդ բեռները վրացական եւ թուրքական երկաթուղիներով միանգամից կմտնեն Եվրոպա, եւ Թուրքիան չի կարող խոչընդոտել դրան, քանի որ, ըստ 1921թ. Կարսի պայմանագրի 17-րդ կետի, «կողմերը պետք է ապահովեն մարդկանց եւ բեռների ազատ փոխադրումը»:

Ուշադրություն դարձրեք՝ ոչ միայն բեռների, այլ նաեւ մարդկանց: Հետեւաբար, հնարավոր կլինի ունենալ, ասենք, Երեւան-Բեռլին երթուղով աշխատող մարդատար գնացք կամ վագոն, որը կկցվի այդ ուղղությամբ գնացող որեւիցե գնացքի: Ավելին՝ Թուրքիան, տեսնելով, որ Հայաստանի շրջափակումն արդեն իսկ ճեղքված է, հնարավոր է հասկանա, որ այլեւս անիմաստ է փակված պահել Գյումրի-Կարս երկաթուղին: Մոսկվան նույնպես ավելի մեծ շահագրգռվածություն կունենա՝ բարելավելու ցամաքային կապը Հայաստանի հետ…

Կշահեն նաեւ ջավախահայերը, քանի որ Ջավախքը կդառնա տրանզիտային տարածք, նույնիսկ՝ խաչմերուկ: Երկաթուղիների կառուցումը միշտ էլ բերում է տնտեսական օգուտ, եւ Կարս-Ախալքալաքը բացառություն չի լինի: Կծաղկի մերձսահմանային առեւտուրը, կզարգանա տուրիզմը, որն այսօր չկա, կլինեն ներդրումներ: Այդ փոփոխությունները կնպաստեն ջավախահայ աշխատանքային միգրանտների վերադարձին, որոնք այժմ աշխատում են արտասահմանյան երկրների՝ հիմնականում Ռուսաստանի շինհրապարակներում:

Հայաստանցիների եւ ջավախահայերի շահերից է բխում չանել այնպիսի գործողություններ, որոնք կսրեն իրավիճակը Ջավախքում կամ Արցախում:

Գրիգոր ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ

Մեկնաբանություն
X