Հայրիկյանն ընդդեմ խոսքի կամ` էս ի՛նչ Յոժի կուսակցությունն ընկա

Մի առիթով տգետին ասել էի. «Եթե նայելով քաղաքական գործիչ դառնային, ապա ղասաբի շունը հիմա վաղուց ղասաբ էր դարձել»: Տգետը սխալ էր հասկացել այդ արտահայտությունը եւ դիմել էր դատարան՝ հասեք, ինձ շուն են ասել: Թե որքան ջանք գործադրեցի ապացուցելու համար, որ՝ չէ, քեզ շուն չեմ ասել, դա էլ ես գիտեմ: Ի դեպ, իրեն չէ, որ ապացուցել եմ, այլ դատարաններին ու դատավորներին: Հասել էր ընդհուպ Գերագույն դատարանի մատույցները, ինձ էլ հետեւից էր հասցրել: Տարիներ պետք եկան, մինչեւ մոռացա այդ կոշմարը: Լավ էր, որ այդ ժամանակ մամուլի մասին օրենքն արդեն ապաքրեականացվել էր, եւ ես գործով չէի անցնում որպես «կասկածյալ»: Չեմ սիրում այդ բառը: Այն ինձ համար ունի «չհասկացված» իմաստ, իսկ երբ դիմացինս չի հասկանում ինձ ու կասկածում է, անկեղծորեն շատ վատ եմ զգում:

Մի «ուռոդ» խմբագրի էլ ասել էի «տղամարդ բոզ»: Սա կասկածել էր ասածիս ճշմարտացիությանը եւ դիմել իրավապահ մարմիններին: Ամենակայֆն էլ այն էր, որ այդ ժամանակ լրագրողներին քրեականով էին կարգի հրավիրում: Քննիչն այնպիսի հայացքով էր նայում ինձ՝ «կասկածյալիս», ասես աշխարհն էի շուռ տվել: Հարցնում է՝ ինչո՞ւ ես խմբագիր մարդուն ասել «տղամարդ բոզ»: Այդտեղ ես քննիչին առաջարկեցի, որ ինքը բնութագրի այն հայ տղամարդուն, որ իր թերթում գրել է, թե «հայ կանայք բարոյականության դեֆիցիտ ունեն»: Ներողություն, սիրելի ընթերցող, բայց չեմ կարողանա ներկայացնել այն բառերը, որով իմ խիստ քննիչն սկսեց նախշել այդ խմբագրին՝ վայ ես դրա… ու գնաց:

Դե լավ, շատ չխորանամ հիշողություններիս մեջ, մանավանդ որ դա բավականին վարակիչ զբաղմունք է, իսկ ես դեռ չեմ պատրաստվում ձեռնամուխ լինել «Հուշագրություններ» գրքույկիս հրատարակությանը: Այստեղ կխոսեմ վերջին դատական արկածներիս մասին, որոնք կապված են՝ ոչ ավել, ոչ պակաս, ազատության եւ անկախության երգիչ Պարույր Հայրիկյանի հետ: Նախապես ասեմ, որ սա արդարացման փորձ չէ իմ կողմից: Դատ է եղել, վճիռ կա արդեն, ու չգիտեմ, թե ինչ պետք է լինի, որ վճիռը փոխվի:

Հասկանալի է երեւի, որ ես դարձյալ «պատասխանող» էի այս գործով, ինչպես իմ բոլոր դատերի ժամանակ: Տեսնես հայկական սերիալների ռեժիսորները ո՞ր կողմ են նայում, որ ինձ չեն տանում սերիալում «պատասխանողի» կերպար մարմնավորելու: Ինչեւէ:

Հայրիկյանը, հավանաբար ինքնուրույն, որոշել էր, որ իմ «Արգելակման կոճղակը» հոդվածով (http://www.hraparak.am/?p=96065) վիրավորել եմ իր անձը, արժանապատվությունը եւ գործարար համբավը (Քաղաքացիական օրենսգիրք, հոդված 1087): Եվ ինձ, որպես պատասխանողի, կանչեցին քաջածանոթ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, թե բա ամոթ չէ՞, էս ի՞նչ ես արել, բա Հայրիկյանն էդ մա՞րդն է, որ վիրավորել ես: Ո՞վ՝ ե՞ս: Հա, հենց դու: Առաջին իսկ դատական նիստերից հասկացա, որ հայցվոր կողմն ու դատարանը բավականին լուրջ են տրամադրված, իսկ ախոյանս էլ, ես վստահ էի, ո՛չ այն տգետ գործիչն էր, ո՛չ էլ այն մեծաբերան խմբագիրը: Դա Հայրիկյանն էր՝ մեր նոր անկախության արշալույսի աքլորականչը, որ ոտքի հանեց մի ողջ ժողովրդի… Լավ ասի, չէ՞, նույնիսկ ինձ դուր եկավ:

Հայցվոր կողմը (այսուհետ՝ Հայրիկյան) հոդվածիս մեջ մեծ թվով տողեր ու պարբերություններ էր ընդգծել, որոնք, իր կարծիքով, վիրավորական էին: Դատելով ընդգծումների ծավալից՝ նա դատարանին ստիպել էր տիտանական աշխատանք կատարել դրանց մեջ վիրավորանք գտնելու ուղղութայմբ: Մոտ 2 տարի տեւեց այդ ամենը, մինչեւ որ դատարանը կանգ առավ ընդամենը 4 արտահայտության վրա, որոնք չէր կարողացել (կամ էլ չէր ցանկացել՝ չգիտեմ) մեկնաբանել որպես իմ ազատ արտահայտվելու իրավունք: Հասկանալի լեզվով ասած՝ դատարանը որոշել էր, որ այդ 4 արտահայտություններում չափն անցել եմ: Հետո էլ զայրացած շրխկացրել է, որ հատուկ միտում եմ ունեցել Հայրիկյանին վիրավորելու: Այդ ամենից էլ բխել է վճիռը՝ ես պետք է ներողություն խնդրեմ Հայրիկյանից՝ իմ հոդվածում նրա հասցեին օգտագործված արտահայտությունների համար:

Թույլ տվեք փոքրիկ զեղում անեմ այստեղ: Մի շատ խիստ ընկեր ունեմ՝ Արծրուն Կոստանդյանը: Երբ նրան հոդված եմ տալիս տպելու, նախապես գովում եմ հոդվածս, թե շատ լավն է: Նա էլ ամեն անգամ կարդում է ու ասում՝ դու ավելի լավերն ես գրել: Մի խոսքով՝ դժգոհ արարած, որ մատիտով տկտկացնում է մի բառի վրա ու ասում՝ սա պետք է փոխեմ: Իսկույն համաձայնում եմ, որ մնացած բաները չտեսնի: Հիմա մեր դատարանը խնդրո առարկա հոդվածիս մեջ օգտագործված «ամենաթունդ» արտահայտությունները կարողացել է ընկալել ու մեկնաբանել, իսկ 4 ամենաանմեղ արտահայտությունների վրա լռվել-մնացել է: Ասում են՝ սրանց համար ապացուցողական հիմքեր չկան: Կոնկրետ օրինակներով խոսեմ, երեւի:

Այսպես՝ «ինքնասիրահարված պինգվին»: Ինձ ասում են՝ չես կարող ապացուցել, որ Հայրիկյանն ինքնասիրահարված պինգվին է: Բնականաբար, չեմ կարող, որովհետեւ ես Հայրիկյանին «պինգվին» չեմ ասել, այլ ասել եմ՝ ինքնասիրահարված: Ի՞նչ է նշանակում «ինքնասիրահարված պինգվին» արտահայտությունը՝ պինգվի՞ն, թե՞ պինգվինի քայլվածքից ու կեցվածքից ստացվող տպավորություն: Համեմատեք՝ «թութակել», «կապկել», «ոռնոց բարձրացնել», «ավանակի համառություն ցուցաբերել»: Իսկ ինչ վերաբերում է Հայրիկյանի ինքնասիրահարվածությանը, կարծում եմ, որ այն ապացուցման կարիք չի զգում, քանզի դա հանրահայտ է: Երբ, ես այդ մասին գրել եմ հոդվածիս մեջ, մարդուն հանրահավաքի ժամանակ 5 րոպե խոսելու ժամանակ են տալիս, եւ նա 3 րոպեն միայն իր մասին է խոսում, շատ դժվար է հանրահավաքային աուրայի մեջ նրան այլ կերպ բնութագրելը: Ուրիշ ապացո՞ւյց է պետք, խնդրեմ, բացեք Youtube-ը, գրեք «Հայրիկյան» ու առավոտից երեկո լսեք նրա ինքնամեծարումները:

Երկրորդ հույժ «վիրավորական» արտահայտությունս այն է, որ Հայրիկյանին ասել եմ «եվրոպական կապույտ գույնի սիրահար»: Այ ձեր ցավը տանեմ, ինչո՞ւ եք միանգամից վատ բան մտածում: Ես մեղավո՞ր եմ, որ ԵՄ-ի դրոշը կապույտ (երկնագույն) է, իսկ Հայրիկյանն այդ դրոշը շատ է սիրում եւ ուր գնում՝ հետը տանում է, հատուկ տեսանյութ էլ ունի, որտեղ մեկնաբանում է, թե ինչու է միշտ այդ դրոշով հավաքներ անում: Սո՞ւտ եմ ասում, պարոն Հայրիկյան, բա չարձանագրե՞նք, որ պատմության մեջ մնա, չասե՞նք, որ այդ դրոշը հասցրել եք ընդհուպ Բաղրամյան 26, ու քիչ էր մնացել Ձեզ ծեծեին դրա համար ու չեն ծեծել, որովհետեւ Աստծո մատն էր խառը, քանզի տակավին չէիք ապաքինվել չարաբաստիկ կրակոցներից:

Տեղ հասա: Դատարանն ինձ երրորդիվ մեղադրել է, որ ասել եմ «հիվանդ»: Լավ, էլի՛: Իմ հոդվածը թերթում տեսել են 2015թ. դեկտեմբերի 4-ի առավոտյան ժամը 8-ին, երբ բացվել են կրպակները, իսկ կայքում կարդացել նույն օրվա ժամը 13:30-ից սկսած: Հայրիկյանն այդ օրերին չափազանց ակտիվ էր եւ պայքարում էր սահմանադրական հանրաքվեն տապալելու եւ Սահմանադրության «սեփական տարբերակն» առաջ մղելու ուղղությամբ:

Հայրիկյանի հիվանդության մասին, սակայն, հայտնի էր ավելի վաղ: Ինքն էր այդ մասին պատմել «Ազատության» եթերում՝ նշելով, որ պետք է նոր վիրահատության ենթարկվի, այլապես չի կարողանում ձեռքը լավ շարժել, ու էլի փող է պետք (առաջին վիրահատությունը պետության վրա 20 միլիոն էր նստել): Հարցը փողը չէ, Հայրիկյանն ավելիին է արժանի, բայց մինչ իմ հոդվածի տպագրվել-հրապարակվելը ոչ մի տեղեկություն չկար այն մասին, որ Հայրիկյանը կատարյալ ապաքինված է այլեւս: Իսկ եթե կա նման տեղեկություն, եւ Հայրիկյանն էլ հաստատում է, որ, այո, ինքը երկրորդ վիրահատության ենթարկվել է, ապա իմ մեղքը միայն այն է, որ չեմ իմացել այդ մասին:

Եվ վերջին արտահայտությունը՝ «ուղեղից թուրքահպատակ»: Հավանաբար, դատարանը շատ երկար է մտածել սրա վրա: Ով էլ լիներ՝ կմտածեր, որովհետեւ նման արտահայտություն ամեն օր չէ, որ կարելի է կարդալ: Այն թերեւս հեռավոր առնչություն ունի Գրիբոյեդովի հանրահայտ դրամատուրգիական գործի վերնագրի հետ՝ «Խելքից պատուհաս»: Չեմ կարող ասել՝ դատարանը հենց ռուս գրողի օգտագործած իմա՞ստն է դրել իմ արտահայտության մեջ, թե՞ մտածել է, որ Հայրիկյանը հազիվ թե թուրքահպատակ լինի: Ամեն դեպքում, ինձնից պահանջել են ապացուցել, որ «թուրքահպատակ» է: Անկեղծ ասեմ՝ չեմ կարող, նույնիսկ մտքիս ծայրով չի անցել, որ կարող է նման բան լինել: Ես միայն հետեւյալը կարող եմ ասել: Երբ մարդն Ազատության հրապարակում մեր հազարավոր հայրենակիցների աչքի առաջ հօգուտ Թուրքիայի կեղծում է պատմությունը, որպեսզի իր հետեւյալ խոսքում անցնի սահմանադրության սեփական տարբերակի գովասանքին, այլ բնութագրիչ փնտրելն այլեւս անիմաստ է դառնում: Հիմա Հայրիկյանը կչքմեղանա՝ ի՞նչ եմ ասել որ: Հեչ, կրկնել ես թուրք-բոլշեւիկյան հանրահայտ տեսակետը Հայաստանի առաջին հանրապետության կործանման մասին՝ առանց նշելու դրա բուն պատճառները: Հիմա նաեւ բառացի մեջբերեմ այդ հիմարությունը. «1920 թվականի դեկտեմբերի 2-ին մի շատ վատ բան տեղի ունեցավ՝ խորհրդարանական կառավարում ունեցող Հայաստանի իշխանությունը երկիրը տվեց Դրոյին, Դրոն էլ այն տվեց բոլշեւիկներին»: Ի՞նչ պատահեց, պարոն Հայրիկյան, լա՞վ եք:

Ես ավարտեցի եւ ցանկանում եմ վերջակետից առաջ դատարանից հետաքրքրվել, թե այդ ինչից է երեւում, որ նախապես Հայրիկյանին վիրավորելու, հասարակության աչքից գցելու մտադրություն եմ ունեցել: Վճռից դա լավ չի հասկացվում, գիտե՞ք: Իսկ գուցե պետք էր հաշվի՞ առնել, որ պատասխանող Անդրեասյանը կյանքում պատիվ չի ունեցել հայցվոր Հայրիկյանին անձամբ ծանոթ լինելու եւ նրան միշտ հեռվից է նայել՝ ինչպես արեգակին: Անձնական խնդիրներ չի ունեցել, տալ-առնելիք՝ նույնպես: Որքան գիտեմ՝ մեր իրավաբանական բուհերում վանգայագիտություն չեն անցնում: Ուստի հարց է առաջանում՝ ինչի՞ց որոշեցիք, որ հատուկ նպատակ եմ ունեցել նսեմացնել մեր անկախության աքլորականչի զիլ ղողանջները:

ՀԳ. Ի դեպ, հին ու բարի ժամանակներում վիրավորված գործիչը, մինչեւ դատարան վազելը, դիմում էր թերթին, փորձում հասկանալ իրավիճակը, պահանջում, որ իրեն հնարավորություն տան նույն թերթում նույն ծավալով խոսելու: Դա, իհարկե, պարտադիր չէր, սակայն, դրա մեջ լուսավոր բան կար: Բայց նույնիսկ հիմա, երբ արդեն կա դատարանի վճիռը, Հայրիկյանը կարող է դիմել «Հրապարակին» եւ, վստահ եմ, մերժում չի ստանա, քանզի թերթը նրա քաղաքական գործիչ լինելուն երբեք չի կասկածել:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X