Բարբարա Սթրեյզանդ. նրան տգեղ էր համարում նույնիսկ մայրը

75-ամյա դերասանուհի, երգչուհի, կոմպոզիտոր, ռեժիսոր, պրոդյուսեր և պարզապես հրաշալի կին Բարբարա Սթրեյզանդը թերևս ամենաարտասովոր արտաքինով հոլիվուդյան աստղերից է: Չէ՞ որ նա ապացուցեց՝ ռոմանտիկ հերոսուհիներ կարելի է մարմնավորել նույնիսկ այսպիսի ոչ ստանդարտ արտաքինով և յուրաքանչյուր տարիքում: Մինչ շրջապատում բոլորը բամբասում էին նրա մանր աչքերի, մեծ քթի մասին, նա գրավում էր հոլիվուդյան ամենագեղեցիկ դերասանների սրտերը: Սակայն նա իր երկրորդ կեսին հանդիպեց միայն 55 տարեկանից հետո:

Նրան տգեղ էր համարում նույնիսկ մայրը՝ դեմ լինելով, որ դուստրը զբաղվի երաժշտությամբ: Համոզված էր՝ աղջիկը բեմում հաջողության հասնել չի կարող: Սակայն Բարբարան համառ էր: 20 տարեկանում Բարբարան սկսեց երգել մյուզիքլներում: Ապա, ձայնագրելով իր առաջին սկավառակը, նա ստացավ միանգամից երկու «Գրեմմի»:

Իր ողջ գործունեության ընթացքում Բարբարան ձայնագրեց շուրջ 60 սկավառակ, որոնց շնորհիվ Ամերիկայում նա առավելապես հայտնի դարձավ՝ որպես երգչուհի և կոմպոզիտոր, իսկ մեր երկրում նրան մեծամասամբ ճանաչում են կինոյում կերտած իր հրաշալի դերերով, որոնցից մի քանիսի համար դերասանուհին արժանացել է «Օսկարի»:

Չնայած մամուլում տեղ գտած բազմաթիվ քննարկումներին՝ կապված նրա արտաքինի հետ՝ դերասանուհին երբևէ չդիմեց պլաստիկ վիրահատությունների՝ բացառությամբ, իհարկե, մաշկը ձգելու փորձերը: Սթրեյզանդը մի անգամ խոստովանել է.«Ես եկա Հոլիվուդ՝ առանց նոր ատամնաշար դնելու, չփոխելով քթիս ձևն ու անունս: Եվ դա ինձ պատիվ է բերում»:

Կինոյում Բարբարան հաճախ կերտում էր ռոմատիկ հերոսուհիների, իսկ նրա խաղընկերները սովորաբար Հոլիվուդի ամենագեղեցիկ դերասաններն էին, որոնցից շատերի հետ նրան սիրավեպ էին վերագրում: Նրա անձնական կյանքն իսկապես բուռն էր: Առաջին անգամ Բարբարան ամուսնացավ 21 տարեկանում շատ հմայիչ դերասան Էլիոթ Գուլլդի հետ, ինչը դերասանուհու մայրը լավ չընդունեց՝ ասելով. «Պատկերացնում եմ՝ ինչպես կնայվեք հարսանիքին միասին…ախր բոլորը պարզապես կծիծաղեն քեզ վրա»:

Այս ամուսնալուծությունից հետո Բարբարան վախենում էր նորից ամուսնանալ: Ասում էին, որ սիրավեպեր ունի Օմար Շարիֆի, Ռիչարդ Գիրի, Էլվիս Փրեսլիի, Անդրե Աղասիի հետ, սակայն բոլոր սիրավեպերն ավարտվում էին շատ արագ հենց դերասանուհու նախաձեռնությամբ: Մի անգամ Օմար Շարիֆը խոստովանել է. «Սկզբում նա ինձ պարզապես անճոռնի թվաց, սակայն աստճանաբար իմ տպավորությունները փոխվեցին, և ի վերջո ես խենթի պես սիրահարվեցի թե՛ նրա տաղանդին, թե՛ հենց նրան»:

Իսկ Բարբարան այս բոլոր սիրավեպերից հիասթափված էր. «Բոլոր տղամարդիկ չափազանց շատ են խոսում, շատ բան խոստանում և չափազանց քիչ գործում: Դա ինձ սովորեցրեց հավատով չվերաբերել նրանց ասածներին: Ես երևի կարող էի մի ամբողջ գիրք գրել այդ խոստումներից: Չեմ էլ հասկանում, թե ինչպես եմ կարողացել հանդուրժել այդքան հիմարություններ»: 50 տարեկանում դերասանուհին որոշեց վերջակետ դնել իր անձնական կյանքին:

Սակայն 1996 թ. նրա կյանքում հայտնվեց դերասան և ռեժիսոր Ջեյմս Բրոլին: Բարբարան 54 տարեկան էր, Ջեյմսը՝ 57: Երկու տարուց նրանք ամուսնացան: Դերասանուհին երբևէ չէր էլ կարող պատկերացնել, որ կարող է ապրել խաղաղ, ընտանեկան կյանքով: «Ջեյմսի հայտնվելուց հետ հոգումս հանգստություն է տիրում: Ես ուզում եմ ամբողջ ժամանակս անցկացնել՝ նրա թիկունքին հենված, լռել…»: Իսկ բուռն վեճերն ու կռիվները միայն ամրացրին նրանց հարաբերությունները:

74 տարեկանում Բարբարան լուսանկարվեց «W Magazine» ամսագրի շապիկի համար՝ ներկայացնելով իր հրաշալի արտաքինը՝ բնական հմայքն ու սեքսուալությունը: Դերասանուհին վստահ է՝ իր երիտասարդության գաղտնիքը հաջողված ամուսնությունն է: «Ջեյմսն ինձ երջանկացրեց: Իսկ երջանիկ կինը միշտ է գեղեցիկ»:

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Նյութի աղբյուր՝ http://www.kulturologia.ru/blogs/240417/34285/

Մեկնաբանություն
X