Իրավունք

Շիրակի մարզի դատախազը տեղյակ չէ՞ր իր դեմ ներկայացված հաղորդման մասին

Այսօր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում պատասխանելով լրագրողների մի շարք հարցերին՝ անդրադարձել է նաև այս օրերին քննարկվող «Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի»-ի նախագծին: Ըստ Շիրակի մարզի դատախազի՝ մարզում եւ հատկապես Գյումրիում, ընտանեկան բռնությունները բազմազան են ու տարաբնույթ: Հիշեցնենք, որ Գյումրիում ընտանեկան բռնության ամենավերջին աղմկահարույց դեպքը որդու՝ ծնողներին բռնության ենթարկելու դեպքն էր, երբ փորձել էր այրել նրանց: Տղամարդը թեև պատասխանատվության չի ենթարկվել, քանի որ պարզվել է՝ հոգեկան խնդիրներ է ունեցել: Գյումրիում, իհարկե, առավել շատ են ամուսնու կողմից կնոջը բռնության ենթարկելու դեպքերը, թեև քիչ չեն նաև ծնողների ճնշումները երեխաների նկատմամբ: Այս դեպքերով Շիրակի մարզային դատախազությունում հարուցվել են քրեական գործեր, դրանց մի մասը դատաքննության փուլում է:

Ընդհանուր առմամբ, ըստ դատախազության ամփոփագրի, մարզում հանցագործությունների թիվն ավելացել է մոտ 6 տոկոսով: Միակ մխիթարանքը այդ հանցագործությունների բացահայտման աճն է: 2017-ին բացահայտվել է 863 հանցագործություն, որից 49-ը՝ ծանր դեպքերով:

Իսկ ահա hraparak.am-ը առանձին փորձեց դատախազից պարզել՝ ինչպես կմեկնաբանի 2015թ-ին Գյումրիում սպանված երիտասարդի մոր իր դեմ հաղորդում տալու մասին դեպքը: Ըստ հաղորդման ՇՄ դատախազ Կ.Գաբրելյանը թաքցնում է սպանության դեպքով ՇՄ նախկին դատախազ Ր.Ասլանյանի կողմից թույլ տրված մի շարք հանցավոր գործողություններ: Դատախազը կարճ կապեց՝ ասելով. «Կնոջն անձամբ չեմ ճանաչում, ավելի մանրամասն կծանոթանամ, հետո կզրուցենք, հա»:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X