Դպրոցի կնիքը կեղծել են, որ մեկնեն ԱՄՆ

Ամիսներ առաջ՝ ամռանը, ԿԳՆ կրթության պետական տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետ Սամսոն Սահակյանի նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ Ավելի ուշ, շուրջ մեկ ամիս անց, Սամսոն Սահակյանն ինքը ներկայացավ իրավապահներին եւ կալանավորվեց։ Պարզվել էր, որ նախնական տվյալների համաձայն՝ քաղաքացին ԱՄՆ ներգաղթային արտոնագիր ստանալու նպատակով Հայաստանում ԱՄՆ դեսպանություն ներկայացրած փաստաթղթերի հետ մեկտեղ 2017թ․ ապրիլի 11-ին ներկայացրել էր պաշտոնական փաստաթուղթ՝ ատեստատ, միջնակարգ դպրոցն ավարտելու վերաբերյալ։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն էլ ատեստատի՝ իրական լինելը ճշտելու նպատակով հարցում էր ուղարկել ՀՀ իրավասու մարմիններին եւ պարզել, որ նշված դպրոցի շրջանավարտների ատեստատների բաշխման մատյանում նման անուն-ազգանունով շրջանավարտ գրանցված չէ, այսինքն՝ ատեստատը կեղծ է։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, իսկ համաձայն քաղաքացիների ցուցմունքների՝ կեղծ ատեստատը նրանք ձեռք էին բերել Սամսոն Սահակյանից՝ վճարելով 1500 ԱՄՆ դոլար։

Սամսոն Սահակյանի՝ ատեստատ կեղծելու պատմությունն անակնկալ էր իր անմիջական ղեկավարի՝ ԿԳՆ կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանի համար։ Նա այն ժամանակ հրաժարվում էր որեւէ մեկնաբանություն տալ՝ ասելով․ որ ոչնչից տեղյակ չէ, նաեւ չի կարողանում կապ հաստատել իր աշխատակցի հետ։ Մեր տեղեկություններով՝ Սամսոն Սահակյանն ազատ է արձակվել՝ քաղաքից չբացակայելու ստորագրությամբ։ Տեղեկացանք նաեւ, որ կեղծ ատեստատը տրվել է Հ․ Մորգենթաուի անվան հ․126 հիմնական դպրոցի կնիքով։

Գործի վերաբերյալ մանրամասներ իմանալու նպատակով այցելեցինք Երեւանի Հ․ Մորգենթաուի անվան հ․ 126 հիմնական դպրոց։ Դպրոցի տնօրեն Գոհար Արզանյանը միայն Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ կապ հաստատելուց հետո համաձայնեց մեզ հարցազրույց տալ՝ ասելով, որ այդպիսի կարգ են սահմանել դպրոցներում։ Նա հիշեց, որ գարնանն են իրենց դպրոց այցելել ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժնի քննիչները։

«Այն ժամանակ փնտրում էին Սամսոն Սահակյանին։ Քննիչներն ասացին, որ դա մեր դպրոցի հետ կապ չունի, նայեցին ատեստատների բաշխման մատյանները։ Ասացին, որ կեղծիքն արվել է ԱՄՆ գնալու նպատակով, դեսպանատնից էլ ճշտել էին կրթության եւ գիտության նախարարությունից, իմացել, որ այդպիսի մարդ չկա, այդպիսի շրջանավարտ տվյալ թվին չկա։ Հետո եկան իմ մատյանները նայեցին, տեսան, որ ո՛չ այդպիսի անուն-ազգանուն կա, ո՛չ էլ այդպիսի համար (երբ յուրաքանչյուր աշակերտ ատեստատ է ստանում, ստորագրում է իր անուն-ազգանվան եւ ատեստատի համարի դիմաց)։ Քննիչներն ասացին, որ համոզված էինք, բայց քանի որ դպրոցի կնիքը, որը կեղծված էր, Ձեր դպրոցի անունով էր, պարտավոր էինք գալ եւ նայել մատյանները»,- պատմում է դպրոցի տնօրենը։ Նա չէր հիշում ատեստատը ԱՄՆ մեկնելու նպատակով կեղծած քաղաքացու անունը, չգիտեր, թե ինչպես են կեղծել կնիքը։ «Շատ անհանգստացա, որ դպրոցի կնիք են կեղծել, սա՛ էր ինձ անհանգստացնողը»,- ասում է տնօրենը։

Դպրոց այցելած քննիչներն էլ այս տարվա հունիսի 20-ին կազմել են արձանագրություն առգրավում կատարելու մասին։ Համաձայն այդ արձանագրության էլ՝ 20․06․2017թ․ Գոհարիկ Արզանյանից առգրավել են թիվ 126 միջնակարգ դպրոցի վկայականների բաշխման մատյանը՝ բաղկացած 48 էջից եւ նույն դպրոցի միջնակարգ կրթության ատեստատների բաշխման մատյանը՝ 49 էջից։ Գոհար Արզանյանն ասաց, որ թեեւ Սամսոն Սահակյանին չի ճանաչում, բայց լսել է, որ նրա կինը Երեւանի թիվ 122 դպրոցում աշխատում է որպես կենսաբանության ուսուցչուհի։ Ըստ մեր զրուցակցի՝ Երեւանի թիվ 126 դպորցը Հ․ Մորգենթաուի անունով է անվանակոչվել 1999թ․, իսկ կեղծված ատեստատը Հ․ Մորգենթաուի անունով տրվել է 1996թ․, ինչից եւս ակնհայտ է դառնում կեղծիքը։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X