Մնում եմ գետնին ընկած, զարթնում եմ, տեսնեմ՝ լրիվ տկլոր, ջրի մեջ կորած․ քաղաքացին դժգոհում է «Արմենիա» ԲԿ-ից

«Մի ամիս առաջ ես «Հանրապետական» հիվանդանոցում պառկեցի իմ ուղեգրով՝ պետպատվերով, որովհետեւ ես երրորդ կարգի հաշմանդամ եմ։ Պառկել եմ Էնդոկրինոլոգիայի բաժանմունքում։ Մի օր երեկոյան՝ 17։00-ի կողմերը, ջերմությունս բարձրացավ, էդ հերթապահ քույրերը մի սեղան են բացել ու նստել են խորոված ուտում՝ Նասիմովա Գոհարը, Ալեքսանյան Գայանեն եւ սանիտարկա Թադեւոսյան Ռիտան։ Ես, պատերը բռնելով, գնում եմ զուգարան, տենում են՝ կծկված գնում եմ զուգարան։ Գնում եմ եւ ընկնում զուգարանի մեջ, էնքան եմ մնում էնտեղ, մինչեւ սառում եմ, թե երբ եմ արթնանում՝ չգիտեմ։ Ոչ ոք իմ հետեւից չի գալիս։ Գոհարը պառկած ա դիվանի վրա, Գայանեի լրիվ պետքը չի։ Էլի ես տենց պատերը բռնած մի կերպ գալիս եմ իմ սենյակ, էդտեղ նորից եմ ուշաթափվում ու ընկնում գետնին, էլի նորից ոչ ոք չի գալիս։ Թե ես կմեռնեմ՝ կասեն հիվանդ ա, երրորդ կարգի հաշմանդամ ա՝ մեռավ։ Ինչքան եմ մնում էլի գետնին ընկած, որ զարթնում եմ, տեսնում եմ՝ լրիվ տկլոր ու ջրի մեջ կորած եմ։ Թե հիմա շորերս հանել են, ինչ են արել՝ չգիտեմ»։ Այս մասին մեզ ահազանգել էր Սուսաննա Ղազարյանը՝ նշելով, որ, երբ դեպքի մասին որոշել է պատմել բաժանմունքի վարիչ Լուսինե Մամիկոնյանին, վերջինս ասել է, որ լռի եւ ոչ ոքի ոչինչ չասի։

«Առավոտյան ուզում եմ բաժնի վարիչին ասեմ, որ ես մեռնում էի, բայց քո քույրերը ծիծաղելով են ընկած ու չեն գալիս։ Բա Ձեր մեղքը ես չե՞մ գալիս։ Առավոտյան բաժնի վարիչ Լուսինե Մամիկոնյանին տեսնում եմ ու ասում եմ, որ գիտեք իմ հետ սենց բան ա կատարվել, ասում ա՝ հանուն ինձ սուս մնա, ես էլ ասի՝ ինձ տեր կանգնեք, իմ տղեն ազատության մեջ չի։ Բացարձակ բան չարեցին»։

Տիկին Սուսաննայի խոսքով՝ ինքն է հոգացել իր դեղորայքի ծախսերը՝ մինչդեռ պետպատվերի շրջանակում է «Արմենիա» ԲԿ գնացել․ «Մնաց մի 7 հատ սիստեմա՝ ստից անում են, հետո 7 -րդը որ պիտի անեն, ասում են՝ փող պիտի տաս։ Բայց ես թոշակառու եմ, հազիվ հացի փող ա լինում։ Ասում են՝ ինչքան կտաս, տուր, էդ 2 բուժքույրերին Գոհարին ու Գայանեին, պիտի փող տամ։ Դեղերը ես եմ առել, սիստեմայի հասարակ շլանգը ես եմ առել, լավ պետպատվերը էլ ո՞րն ա։ Էդ բաժինը ահավոր բաժին ա»։

«Արմենիա» ԲԿ-ի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում հերքեց տիկին Սուսաննայի խոսքերը՝ նշելով, որ այդպիսի բան չի եղել։ Հարցին՝ ինչո՞ւ է հիվանդը նման բաներ հայտարարում, Արսեն Գրիգորյանը պատասխանեց․ «Հիվանդը գուցե հիվանդ ա հոգեկան»։

Մեկնաբանություն
X