Իրավունք

«Հաղթանակ» կամրջի վրա մահվան ելքով վթարի դեպքի առթիվ քննվող գործով մեղադրանք է առաջադրվել ավտոմեքենայի վարորդին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են «Հաղթանակ» կամրջի վրա «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հանգամանքները, վարորդին առաջադրվել է մեղադրանք։

2017թ. օգոստոսի 30-ին ահազանգ է ստացել, որ ժամը 04:40-ի սահմաններում, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Երևան քաղաքի «Հաղթանակ» կամրջով Արգիշտի փողոցի ուղղությամբ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով մեկ անձ մահացել է, երկուսը՝ ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են ավտովթարի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Երևան քաղաքի «Հաղթանակ» կամրջով Արգիշտի փողոցի ուղղությամբ ընթանալիս, նկատել է իր ընթացքի ուղղությամբ ձախից դեպի աջ փողոցը հատող կենդանու և, խախտելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջները, արագությունն իջեցնելու՝ ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելու փոխարեն՝ մեքենայի ղեկը կտրուկ ձախ ու աջ մանևրելով՝ կորցրել է իր վարած տրանսպորտային միջոցի կառավարումը։ Արդյունքում՝ հարվածել ու կոտրել է կամուրջի պաշտպանիչ մետաղյա ճաղավանդակը և ընկել ձորը, ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներից մեկն ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Քննությամբ պարզվել է, թե վթարի պահին ով է գտնվել ավտոմեքենայի ղեկին, ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական, դատամանրաթելային, դատաավտոտեխնիկական, դատաքիմիական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություն
X