«Very reliable». վարչապետը ցուցադրեց իր անգլերենի գիտելիքները (ֆոտոշարք)

>

Ամերիկյան համալսարանում այսօր նշեցին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ Հայաստանի հետ համագործակցության 25-ամյակը։ Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, կառավարության տարբեր անդամներ, դեսպաններ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, լրագրողներ։ Վարչապետն ու ԱՄՆ դեսպանն իրենց ողջույնի խոսքն ասացին՝ կարևորելով այս համագործակցության դերը։

Կարեն Կարապետյանն իր խոսքումա սաց, որ այս 25 տարիների ընթացքում Հայաստանն ու ԱՄՆ ՄԶԳ-ն ունեցել են արդյունավետ համագործակցություն և բազմաթիվ ծրագրեր են իրականացրել, որոնք դրական ազդեցություն են ունեցել Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման հարցում, ամրապնդել են երկկողմ մշակութային և ուղղակի պարզ մարդկային կապերը:

«1992 թվականից սկսած մենք՝ ի դեմս ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ունենք վստահելի գործընկեր: Գործակալության հետ միասին այս տարիներին իրականացրել ենք համատեղ աշխատանք՝ տվյալ ժամանակաշրջանի պահանջմունքներից ելնելով և շեշտը դնելով այն մարտահրավերների վրա, որոնք առավել արդիական են եղել կոնկրետ այդ պահին և իրավիճակում»,-ասաց նա։ Եվ երբ նրա խոսքը հայերենից անգլերեն թարգմանելիս թարգմանիչն սաց reliable partner՝ (վստահելի գործընկեր), վարչապետն ուղղեց թե՛ իրեն, թե՛ թարգմանչին՝ շեշտելով․ «Very reliable (շատ վստահելի)»։ Սա առաջացրեց ներկաների ծիծաղը։ Կարեն Կարապետյանը դրանով թերևս փորձեց ցույց տալ, որ ռուսերենից բացի տիրապետում է նաև անգլերենին, մյուս կողմից ընդգծեց Հայաստանի և ԱՄՆ-ի հետ համագործակցության վսtահության սովորականից բարձր աստիճանը։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն էլ հիշեց, որ 25 տարի առաջ Հայաստան ժամանեցին ԱՄՆ ՄԶԳ առաջին աշխատակիցները՝ Հայաստանի ժողովրդի հետ համագործակցության երկարաժամկետ նպատակով, ինքնիշխան և անկախ պետություն ստեղծելու նրա ճանապարհին։

Միջոցառման ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն նաև ողջունեց ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխնխագահի պաշտոնակատար Մարգո Էլիսին, ով Հայաստանում է գտնվում մի շարք գործընկերների և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող ծրագրեր այցելելու նպատակով։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X