Մեզ մի տարանջատեք

Հարգելի պարոն Եղիազարյան Գուրգեն։ Ես երբեմն-երբեմն հետեւում եմ Ձեր «կրակոտ» ասուլիսներին, իհարկե, որքանով որ դրանք տրամադրում է հեռուստատեսային լրատվությունը։ Եվ ահա հոկտեմբերի 10-ի Ձեր ելույթը փարատեց իմ բոլոր կասկածները։

Ես շատ կզարմանայի, որ մատակի կաթով սնված, մեծացած «ազնվազարմ» նժույգը լեռնային հեղեղած գետն անցնելիս իր թանկարժեք ուղեւորին հեղեղատին չհանձներ իր անսանձ լողալու ցանկությանը հագուրդ տալու համար։ Պիտի ասեմ նաեւ անչափ «շնորհակալ» եմ Ձեր «դրվատանքի» խոսքերին արժանանալու համար։ Մի բան ավելացնեմ միայն՝ Սանասարն էլ, Բաղդասարն էլ, Ցռան Վերգոն էլ մեր Սասնա տան ծռերն են, ինչպես Սասնա ծռերս արդարության մարտիներն ենք։ Կխնդրեի մեզ իրարից չտարանջատել․ այլապես շատ վատ է ու տհաճ, երբ ազնիվ նվիրյալներին դրվատում են անազնիվները։ Իսկ ինչ վերաբերում է 102-րդ բանակին, ապա մեր նախակրթարանի երեխաներն անգամ գիտեն, որ Գյումրիում տեղակայված է այդ չարաբաստիկ 102-րդ բազան՝ իր մի քանի հարյուրյակ թափթփուկ հարբեցողներով, որոնցից մեկի ստոր սպանդին արժանացավ մեր Ավետիսյանների ողջ ընտանիքը։ Այնպես որ, Ձեր նշած 102-րդ բազան, որին Դուք լեզվի սայթաքմամբ բանակ անվանեցիք, ոչնչով չի տարբերվում թուրքական Քյազիմ Կարաբեքիր փաշայի բանակից։ Ձեր մտահոգությունն այն մասին, թե մեր բանակն ի զորու չէ 39 հազար քառ․ կմ տարածք պահելու, գիտեք, որ թյուր իմացություն է․ նա մի քանի անգամ ավելիին է ընդունակ՝ ազատագրելու եւ վերահսկելու համար, ուղղակի շատ արագ պետք է ազատվել «մեր» այս Գերագույն գլխավոր չարիքից, որին Դուք մերթընդմերթ Ձեր ուսումնական զորավարժանքների ժամանակ շատ գեղեցիկ թափոնաջրով լողացնում եք։ Մեծ գործ արած կլինեք, եթե շարունակեք նույն տեմպով շարունակել, վարվել Ձեր պայմանական հակառակորդի հետ։

Կանխավ շնորհակալություն՝ ժողովրդիս մշտարթուն զինվոր միշտ Սասնա ծուռ՝

Պավլիկ Ռազմիկի Մանուկյան

10․10․2017թ․

Մեկնաբանություն
X